Աշտարակի շրջխորհրդի գործկոմի սպանված նախագահ Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանն այսօր անդրադարձավ օրերս «Առավոտի» հարցազրույցին, որը տեղի էր ունեցել ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտած Արմեն Տեր-Սահակյանի հետ («Ես վերջին անգամ Վանոյին տեսել եմ 97-ին». «Առավոտ», հուլիս 10,2024), նաեւ տեսանյութին:
Նա ասաց. «Տեր Սահակյանը իրեն մեղսագրում է միայն օժանդակողի դերը, արհեստական ձեւով ուզում է քողարկի կազմակերպչի, դրդողի դերը, առանձին դեպքերով նաեւ՝ կատարողի: Քրեական օրենսգիրքը հստակ տարանջատում է, հատուկ ուշադրություն դարձնում չորս հանցակազմերի մեջ կազմակերպչին: Նա առանց հիմքի, որեւէ պատճառի հորս մեղադրում է դավաճանության մեջ, իբր իմ կողմից շեշտված երեսուն հազար փախստականներ էր պահում, սփյուռքի փողերով, որպեսզի հեղինակազրկեր օրվա իշխանություններին՝ ՀՀՇ իշխանությանը: ՀՀՇ-ին պետք չէր հեղինակազրկել, իրենք ամեն բան անում էին դրա համար, չկար լույս, հաց, վառելիք, գազ, ով ապրել է այդ ժամանակները, շատ լավ հասկանում է՝ ինչ եմ ասում:
Հարցազրույցում հարցին՝ զղջո՞ւմ է՝ պատասխանում է, թե զղջում էր այն բանի համար, որ «մեր գործը եղել է պետական գործ, եւ չպետք է նման գործերը բացահայտվեին»: Հարցս ուզում եմ ուղղել բոլորին, ՀՀ-ն ունի սահմանադրություն, իրավական պետությունում, եթե կան դատախազություն, ոստիկանություն, արդարադատություն իրականացնող մարմիններ, ո՞վ էին այս սրիկաները, ովքեր իրենց վրա էին վերցրել «ասոբի տրոյկի ֆունկցիաները» ու առանց դատի, դատաստանի, օրը ցերեկով գնդակահարում էին շատերի համար վտանգավոր եղանակներով»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ հետագայում պարզվել է, որ Արմենն իր հոր սպանությունից հետո Վանո Սիրադեղյանից ստացել է ինքնաձիգ, արտասահմանյան ատրճանակ, որը վաճառել է անծանոթ մարդու, գնել «Մերսեդես» մեքենա:
Նա հղում կատարեց նաեւ պայմանական վաղաժամկետ ազատման գործերից մեկին, երբ Տեր-Սահակյանը դիմել էր տուժողներին, որ դատարան չգան, քանի որ դատը «սարքած է»: Թ. Սուքիասյանն ասաց, բա՝ եթե տուժող չկար, ինչո՞ւ էիր դիմում նրանց:
Պայմանական վաղաժամկետ դեպքում քսանվեց տարի անընդմեջ չէիր կարող դիմել վաղաժամկետ ազատման համար, եթե քսան տարի հետո կարող ես միայն դիմել:
«Ստերից» մեկը, ըստ Սուքիասյանի, Կառլեն Ղանդիլյանի անձով էր պայմանավորված, երբ ցմահ դատապարտվածն ասել էր, որ Ղանդիլյանի որդին դատարանում ասել է. «Իրենք չլինեին՝ այլ տղաներ կլինեին»: Այս կապակցությամբ Սուքիասյանը հայտնեց. «Կառլենը երբևիցե չի արել նման հայտարարություն, մշտապես կապի մեջ եմ նրա հետ, բոլոր դատավարություններին ներկա է եղել, գրավոր եւ բանավոր ասել է՝ չի պատրաստվում այս ճիվաղներին ներել»:
Նա մեջբերեց քրեական գործից մի քանի ցուցմունքներ, հայտարարեց, որ ցուցմունքներ կա նաեւ Վանո Սիրադեղյանի դեմ Արմեն Տեր-Սահակյանի կողմից, պատրաստ է տրամադրել ցանկացած կայքի, լրագրողի. «Նրա ցուցմունքները հակասական են, մի տեղ ասում է, երբ ստացել եմ հորս սպանությունը, սենյակում եղել են Վանոն, Սամվել Գեւորգյանը, Հուսիկ Լազարյանը…Վանոն է այս բանդային վերցրել անձնական հովանավորության տակ, բանդան գործել է անխափան, հանդուգն ու լկտի ձեւով… Վահան Հարությունյանի պես սոխակի պես երգել ես: Բանդայի անդամները ցուցմունք էին տվել, որ Տեր-Սահակյանը մտել է Վանոյի սենյակ, դուրս եկել, տվել հորս սպանելու հրահանգը»:
Թադեւոս Սուքիասյանը շեշտեց, հայրը չի եղել ՊՆ, ՆԳ նախարար, պետության ղեկավար, որ հողեր հանձներ…
Նա ասաց, գետինը կմտներ, եթե ինքը տուժողի որդու մասին դրական արտահայտվեր, ինչպես Ղանդիլյանի որդու դեպքում էր:
«Հայրս երեսուն-քառասուն հազար գաղթականներ էր պահում,-ասաց Թ.Սուքիասյանը,- Երբ դպրոց պիտի գնայինք, մայրս հորս ասաց, երեխեքը դպրոց պիտի գնան, կոշիկ չունեն: Հայրս ասաց՝ չորս հարյուր հոգի կա, նրանց հարցը լուծեմ՝ նոր, իսկ դուք ինչ եք անում, մարդկանց շան պես կապում էիք նկուղներում, որ գումար ստանայիք, դեմքին գազ էիք փչում… »:
Նա ցույց տվեց գործի նյութերից մի հատված, երբ Տեր-Սահակյանը ասել էր, որ «Իր կազմակերպած խումբը եղել է, ոչ թե բանդա, այլ՝ ՆԳՆ համակարգի ստորաբաժանում, կատարել հրամանները:
Իրենց անմիջական պարտականություն՝ հետախուզական չեն ստացել, չեն կատարել»:
«Առավոտի» հարցին, թե օգոստոսի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ քննվում է Վ.Սիրադեղյանի որդու հայցը՝ գործը փակել արդարացման հիմքով, ներգրավվածություն ունե՞ն, ունե՞ն ներկայացուցիչ, նա պատասխանեց. «Ես կպատասխանեմ իմ անունից, հորաքրոջս, մյուս տուժողների անունից չեմ կարող… Սխալ գործընթաց են սկսել, միգուցե եկեղեցուց սկսեն, սրբացնեն՝ նոր… Մասնակցել ենք, մասնակցելու ենք, մեր դիրքորոշումները կարտահայտենք գրավոր, շոուին չեմ մասնակցի»:
«Կանդրադառնամ դատական իշխանության ներկայացուցիչներին, որոնք կփորձեն որոշումներ կայացնել, ռեժիմի փոփոխության, որ դատավորը ցանկություն կունենա, թող նայի իմ եւ Արմեն կոչեցյալի հարցազրույցները: Վերջերս դատարանի կողմից վճիռ կայացվեց բանդայի մեկ այլ անդամի՝ Ալիկ Գրիգորյանին բաց ռեժիմ տեղափոխել, ես այդ դատավորին համարում եմ ոչ պրոֆեսիոնալ վարքի տեր: Խորհուրդ կտամ այս բանդայի պատմությունը, «ոդիսականը» ուսումնասիրեն, նոր փորձեն իրենց իրավունք վերապահեն ազատ արձակեն, թեկուզ պայմանական, ժամանակավորապես ազատություն շնորհեն: Սրանք խիստ վտանգավոր երեւույթներ են հասարակության համար, մարդը, որը չի զղջում, չի կարող լինել հասարակության լիիրավ անդամ, մանավանդ սրանց նման բերդի «կռիսները», որոնք, բացի սեփական շահից՝ ոչինչ չեն տեսնում…»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ