ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտմանը։
«Վերջերս երկու հրապարակում ենք արել, մեկը 6 կգ մետամֆետամինի մասին, որով նաեւ հետո շղթա էր բացահայտվել։ Կոնկրետ 6 կգ մետամֆետամին տեսակի թմրամիջոցը սկաների միջոցով էր բացահայտվել։ Այսինքն՝ նկարը ցույց էր տվել կասկածելի իր, զննության էր ենթարկվել, եւ հայտնաբերվել էր այդ խախտումը։ Երկրորդ դեպքը քրեական ոստիկանության օպերատիվ ինֆորմացիայի արդյունքում է բացահայտվել»,- ասաց նա։
Հարցին, թե բացահայտված շղթայի ներկայացուցիչներն ովքե՞ր են, հանցավոր խո՞ւմբ է, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Մենք սկզբնական բացահայտման օպերատիվ աշխատանքն են անում ու գործը փոխանցում ենք քննչականին, արդեն իրենք մնացած հանգամանքները բացահայտում են»։
Հարցին, թե ի վերջո պարզ չեղավ, ո՞վ էր փորձել Հայաստան ներկրել մեկ տոննա «կոկաինը», Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Ինչո՞ւ պարզ չդարձավ՝ ներմուծվում էր բանան, բանանի արկղերի մեջ հայտնաբերվել էր այն, ինչ հայտնաբերվել էր։ Ես չեմ ասում՝ ով է ներկրել, դա արդեն քննությունը եւ քրեական վարույթը պետք է պարզաբանի»։
Կարդացեք նաև
Ավելի վաղ, անդրադառնալով 1 տոննա կոկաինի ներկրման փորձին, Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Այդ կոկաինը՝ մեկ տոննա, կարծես թե հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ խմբակցության անդամ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ