Լրահոս
Օրվա լրահոսը

Թադեւոս Սուքիասյան. «Արմեն Տեր-Սահակյանն իր հարցազրույցով ցուցմունք տվեց իր դեմ ու փակեց պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունը»

Օգոստոս 01,2024 14:34

Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանն այսօր անդրադարձավ «Առավոտի» հարցազրույցին, որը տեղի էր ունեցել ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտած Արմեն Տեր-Սահակյանի հետ («Ես վերջին անգամ Վանոյին տեսել եմ 97-ին». «Առավոտ», հուլիս 10,2024), նաեւ տեսանյութին:

Նա ասաց. «Հայրս, 1992 սեպտեմբերին սպանվել է այս կենդանիների կողմից: Հայրս հանդիսացել է շրջգործկոմի նախագահ, եղել է այդ պաշտոնում տաս ամիս: Հորս հետ սպանվել է հորեղբորս որդին՝ նրա վարորդը: Իր տված հարցազրույցով, ըստ էության, բացահայտում է նոր իրողություններ մանրամասներ: Նա փակեց պայմանական վաղաժամկետ ազատության դուռը: Հարցազրույցի մեջ նշում է, զղջացել է, թե ոչ, պարզ երեւում է, ոչ միայն չի զղջացել, այլ փորձում է 32 տարիների խորքից փաստարկներ բերի, որ իրենց արածը ճիշտ է»:

Սուքիասյանն առանձին-առանձին անդրադարձավ հարցազրույցում դատապարտյալի կողմից հնչեցվածին, «ստեր» որակելով դրանք:

Հարցազրույցում Տեր-Սահակյանն ասել էր. «Տուժողներն իմ համար չէին եկել: Ես տուժող չունեմ, ոչ մեկին ոչ սպանել եմ, ոչ սպանության մասնակից դառել, ոչ «զակազչիկն» եմ: Ես եղել եմ այդ գործերի մեջ՝ որպես օժանդակող…», այս կապակցությամբ ասաց, որ գործով կա 26 տուժող. «Սպանվել են 5-ը, 2-ի նկատմամբ եղել է սպանության անհաջող փորձ, այսինքն՝ բանդայի անդամները արել են հնարավորինս, որ սպանություն իրականացնեն` 80 փամփուշտ կրակել են մեքենայի վրա, բայց իրենց կամքից անկախ՝ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանը և վարորդը չեն մահացել: Արմեն Տեր-Սահակյանն անձամբ իր աշխատասենյակում երեք անձի նկատմամբ կատարել է սպանության փորձ, մինչդեռ այս ամբողջ բանդայի գործողությունների մեջ Տեր-Սահակյանն իրեն մեղսագրում է միայն օժանդակողի դերը»:

Թադեւոս Սուքիասյանը անդրադարձավ դատապարտյալին ուղղված «Առավոտի» հարցին՝ ինչու մինչ այդ չէր խոսել. «… ասում է` մեղք եմ կել իրեն, այսինքն` ինձ: Այ, ողորմելի, 11 տարեկանում որբ թողնելուց մեղքդ չեմ եկել, հիմա, երբ 43 տարեկան կայացած տղամարդ եմ, մեղքդ եմ գալիս…: Երբ հարց են տալիս` հրաման են կատարել, ասում է` որևէ կառույցի կամ կազմակերպության անդամ չենք եղել, հրաման չենք կատարել, մինչդեռ, գործի նյութերով, հենց իր ցուցմունքներով երևում է հակառակը: Միայն Արմեն Տեր-Սահակյանի ցուցմունքներում է, որ իբրև թե այդ սպանությունները կատարվել է պետության և ժողովրդի շահերից ելնելով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Շարունակությունը` քիչ անց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031