Լրահոս
Օրվա լրահոսը

Ախթալայի կախված կամուրջը. Իշխանությունները եկան, լուսանկարվեցին և 8 բնակավայրերի բնակիչներին թողեցին միայնակ

Օգոստոս 01,2024 15:30

Ախթալայի վտանգավոր, խարխուլ կամրջով 8 բնակավայրերի բնակիչներ են տեղաշարժվում

Մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում սարսափելի ջրհեղեղի հետևանքով 4 զոհ ունեցանք։ Ասում են, Դեբեդում այդ օրը ջրի մակարդակը հասել էր մինչև 650 մ³, այսինքն՝ 6 անգամ ավելի շատ ջուր, քան սովորական վիճակում: Ջրհեղեղը աղետալի իրավիճակ ստեղծեց հատկապես Լոռու մարզում, որն աղետի գոտի հայտարարվեց:

Ինչպես հայտնի է, աղետի հետևանքով 20 կամուրջ էր փլուզվել։ Վերականգման աշխատանքներ իրականացվեցին։

Մայիսի 30-ին ՀՀ կառավարության նիստում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, երբ հանդես էր գալիս զեկույցով, շեշտեց, որ հատկապես՝ Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունի և մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով: Նա նշել էր, որ աղետի մասշտաբները հսկայական են, ապա հավելել էր. «Պետք է ծրագրեր մշակել, դրանք կլինեն աջակցող, խրախուսող, արտոնություններ, վարկային պատմություններ: Բավականին շատ բիզնես գործունեություն իրականացնող մարդիկ են տուժել, պետք է հասկանալ փոխհատուցման ծախսերն ինչպես իրականացնել և ինչ մեթոդներով: Նաև տարբեր քաղաքաշինական, բնապահպանական և այլ հարցեր կան, որոնք այս աղետի հետևանքով մեզ բոլորիս համար քննարկման, որոշումների և նաև կարծում եմ՝ իրավական փոփոխությունների անհրաժեշտություն կառաջացնի»:

Մայիսի 31-ին Հայաստանում դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ավելի քան շուրջ 40 ներկայացուցիչներ այցելեցին Լոռու մարզ՝ գնահատելու ավերիչ ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ, նրանց ներկայացրել էին աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը:

Ջրհեղեղի ժամանակ փլուզված կամուրջները հիմնականում համայնքային ճանապարհներին են, հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց Գնել Սանոսյանը, հավելելով, որ M6 մայրուղու վրա աշխատանքներ տանելիս ուսումնասիրվել է ամբողջ ենթակառուցվածքը. «Տեսանք, որ խնդիրներ կան, որից հետո այս ճանապարհի կամուրջները թարմացվեցին։ Բացի դրանից, շատ տեղերում հենապատեր են կառուցվել։ Սա հանգեցրել է նրան, որ այս երթուղու վրա փլուզված կամուրջներ չկան»։ Նա նաև նշել էր, որ բնական աղետի պատճառված ֆինանսական վնասը հաշվարկվում է, և դեռ երկար ժամանակ այս մասով տեղեկություն չի լինի։

Հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Լոռու ու Տավուշի մարզերում աղետի հետևանքները վերացնելու համար Հայաստանի կառավարությունը միջազգային աջակցություն է ակնկալում. «Վերականգման հարցում, մարդկանց կրած վնասները փոխհատուցելու հարցում մենք իրական աջակցության կարիք ենք ունենալու»: Իսկ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց. «Որոշ գործընկերների մոտ շոշափելի հետաքրքրություն կա աղետի հետևանքների վերացման հարցում, հատկապես կամուրջների շինարարության և մնացած հարցերով էլ սպասում ենք կարիքների հստակեցման»:

Հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն այցելեց աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր, ծանոթացավ հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին ու ազդարարեց, որ կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու:

Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք. «Կառավարության ղեկավարն այցելել է Ախթալա բնակավայր, որը կամուրջի փլուզման հետևանքով հայտնվել էր մեկուսացման մեջ:

Ներկայումս ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար…»:

Հունիսի 18-ին ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով երեք փորձագետի էր գործուղել, որոնք օգնելու են ՀՀ կառավարությանը՝ գնահատել Լոռիում և Տավուշում վերջերս տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասները։ ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունը հայտնում էր. «Փորձագետների թիմը հանդիպել է տեղական իշխանությունների հետ՝ ավելի լավ հասկանալու կառավարության կարիքներն ու առաջնահերթությունները։ Տաշիրում և Ալավերդիում վնասված կառույցների գնահատման աշխատանքներն արդեն սկսվել են։ Թիմը կենտրոնացել է ենթակառուցվածքի վրա (փոքր կամուրջներ), որոնք հնարավորություն են տալիս մուտք գործել գյուղատնտեսական հողեր, բայց նաև ուսումնասիրվել են տները»:

Ախթալայի խարխուլ, վտանգավոր կամուրջը ապահով չէ

Մայիսի 25-ի սարսափելի ջրհեղեղից հետո Ախթալան ու հարակից բնակավայրերն իրենց ավելի քան 6000 բնակիչներով մեկուսացվել էին՝ այլընտրանքային 5 կիլոմետրանոց ճանապարհը՝ անանցանելի էր դարձել։ Կառավարությունը որոշեց ժամանակավոր լուծում տալ: Այժմ լոռեցիներն Ախթալայի կամուրջը «ժամանակավոր» են անվանում, բայց չգիտեն` այն վերակառուցվելո՞ւ է, թե՞ նորն են կառուցելու:

Մի բան անվիճելի է. այս կամրջով երթևեկելը ապահով չէ, իսկ «ժամանակավոր» լուծումը չի նվազեցրել բնակիչների, ծառայություններ մատուցող ձեռնարկությունների խնդիրները, այլև` ավելացրել է դրանք:

Պարզվում է, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը` ԼՀԿ-ն, հունիս-հուլիս ամիսներին չի կարողացել պատշաճ ձևով հանքաքարի առաքում իրականացնել: Բանն այն է, որ բեռնատար մեքենաները նախկինում 25 տոննա էին կարողանում հանքաքար տեղափոխել, մինչդեռ ջրհեղեղից հետո Ախթալայի կամրջի անմխիթար վիճակով պայմանավորված, ստիպված են լինում 10-15 տոննա տեղափոխել, այնուհետև արդեն կամուրջի մյուս մասում սպասող ավելի մեծ բեռնատարների մեջ տեղափոխել հանքաքարը: Այսինքն, թեթև բեռ տեղափոխելու համար լրացուցիչ աշխատանք է իրականացվում, ժամանակ է ծախսվում:

Բացի այդ, ստացվում է, որ Ախթալայի թեք, կախված կամրջի վրայով, այնուամենայնիվ, բեռնատարներ անցնում են և ըստ լոռեցիների` «ո՞վ գիտե, գուցե ավելի՞ են թուլացնում այս ծռված կամուրջը…»:

Ախթալայի ԼՀԿ-ում աշխատում է շուրջ 650-700 մարդ: Լոռվա մարզում սա բնակչությանն աշխատանքով ապահովող միակ ձեռնարկությունն է, և եթե Ախթալայի կամուրջն այսպիսի անմխիթար վիճակում շարունակի մնալ ևս մի քանի ամիս, բեռնափոխադրումներն այս ձևով շարունակեն իրականացվել, ապա Ախթալայի ԼՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա գործունեությունը շարունակել, արդեն իսկ փակման վտանգ կա:

Բացի այդ, Ախթալայի կամրջի ներկայիս անմխիթար վիճակը խնդիր է նաև Շամլուղի անտառտնտեսության կողմից («Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսության» մասնաճյուղ) օրինական ճանապարհով իրականացվող սանիտարական հատումների ու բեռնափոխադրումների համար: Այս դեպքում էլ, մարդիկ ստիպված են լինելու փայտը կամրջի մի կողմից մյուս կողմն անցկացնելու համար տեղափոխել այլ` թեթև մեքենաներով, ապա` կրկին վերաբեռնել այլ բեռնատարներ:

Ըստ լոռեցիների, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ջրհեղեղից հետո այցելել են նաև Ախթալա և Շամլուղ, նրանք տեղյակ են այս բնակավայրերի խնդիրներին: Ըստ լոռեցիների, Գնել Սանոսյանն այդ այցերից մեկի ժամանակ բնակիչների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Ախթալայի կամրջին տրվում է «ժամանակավոր լուծում», ասել է` թերևս պետք է նոր կամուրջ կառուցենք, գուցե` մի քանի հարյուր մետր այն կողմ, սակայն որևէ հստակ ժամկետ չի նշել, թե երբ:

Այժմ լոռեցիներին ոչ ոք ոչինչ չի ասում և նրանք մտավախություն ունեն, որ կամուրջն այսպես էլ կմնա, այնքան ժամանակ, մինչև հաջորդ անգամ հորդառատ անձրևները նոր աղետի ու դժբախտության պատճառ կդառնան:

Նկատենք, որ Ախթալայի կամրջից օգտվում են 8 բնակավայրեր, այս բնակավայրերի բնակչության տեղաշարժը, սպասարկող ավտոմեքենաների շարժը միայն այս կամրջով է իրականացվում: Այդ 8 բնակավայրերն են` Ախթալան, Շամլուղը, Վերի Ախթալան, Բենդիկը, Այրումը, Փոքր Այրումը, Ճոճկանը և Քարկոփը: Այս բնակավայրերի բնակիչներին, փաստորեն, իշխանությունները հստակ որևէ պատասխան չեն տվել, թե Ախթալայի «ժամանակավոր» կամուրջը ե՞րբ կվերանորոգվի, կամ նորը` ե՞րբ կկառուցվի:

Այս կախված, թեքության մեջ գտնվող կամրջի վրայով մարդատար ավտոմեքենաների վարորդները դեռ որքա՞ն ժամանակ են վնասելու իրենց ավտոմեքենաները ու տանելու վերանորոգման, հարց են ուղղում լոռեցիները:

Նկատենք, որ մարդատար ավտոմեքենաների ոչ վարժ վարորդները կամրջով անցնելիս շատ հաճախ հարվածում են ավտոմեքենաները, վնասելով դրանց: Որոշ վարորդներ կամրջի թեք ու անհարթ հատվածում ստիպված են լինում ուղևորներին կամրջի մեջտեղում իջեցնել, փորձելով` շատ դանդաղ անցնել այդ անհարթ հատվածը: Եվ այսպես արդեն 2 ամիս:

Մեկ ամսից աշուն է, եթե կամուրջն այս ձևով մնաց, լոռեցիների համոզմամբ` խստաշունչ, ձյունառատ եղանակներին` կամուրջը սառելու է, մեքենաները սահելու են: Լոռեցիները հարցնում են` «Վարորդներն այդ եղանակների՞ն էլ են ուղևորներին իջեցնելո՞ւ, մեքենաներից հանելո՞ւ ծանր բեռները, որպեսզի այնպես անցնեն, որ մարդատար մեքենաների տակերը չխփեն, չջարդեն: Մինչե՞ւ երբ…»:

Ի դեպ, Ախթալայի կամրջի հետիոտների համար նախատեսված հատվածը նույնիսկ հիմա ապահով չէ, ի՞նչ կլինի ձմռանը, եթե այն ձյունով ու սառույցով պատվի ու մարդիկ անցնելիս սահեն: Բացի այդ, լոռեցիները մտավախություն ունեն, որ հորդառատ անձրևների դեպքում Դեբեդը կարող է դարձյալ վարարել ու համոզված են, որ «ժամանակավոր» կամուրջը կվնասվի, անգամ` կփլուզվի:

Թե ինչ հաշվարկներ են անում Հայաստանի իշխանությունները, աղետի հետևանքների վերացման հարցում ինչ առաջընթացի են հասել, և հատկապես կամուրջների շինարարությամբ հետաքրքրված երկրների առաջարկներին ի՞նչ են պատասխանել, պարզ չէ: Միայն հստակ է, որ Ախթալայի «ժամանակավոր կամուրջն» այս վիճակով երկար չի կարող ծառայել:

Իսկ Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող հանքավայրերի տարածքներում, մասնավորապես` Շամլուղում առկա անմխիթար իրավիճակը, բնապահպանական խնդիրներն` առանձին քննարկման թեմա են: Թե ինչ իրավիճակ է Լոռու մարզի չնաշխարհիկ Շամլուղ բնակավայրում, թե ինչ աստիճանի է արհամարհված Լոռու մարզի երբեմնի ամենազարգացած այս փոքրիկ քաղաքը` կներկայացնենք օգոստոսի 2-ին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031