2027 թվականին պարտադիր բժշկական ապահովագրությունն ամբողջապես կներդրվի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Բուժօգնության առաջնային օղակն ամբողջությամբ պատրա՞ստ է ապահովագրական համակարգի ներդրմանը, հարցին նա պատասխանեց․ «Ապահովագրական համակարգը ներդրվել է փուլային տարբերակով եւ երեք տարիների ընթացքում։ Եվ, այո, մենք կարծում ենք, որ այս փուլային համակարգը նաեւ նպաստելու է, որ համակարգն աստիճանաբար պատրաստված եւ ունակ լինի նաեւ դիմելիության բարձրացմանը, աճին։ Եվ մեր կողմից իրականացվող մեծածավալ ներդրումները, կապիտալ շինարարությունները, համակարգային փոփոխությունները, որակի նկատմամբ վերահսկողությունն իրենց արդյունքները տալու են նաեւ ապահովագրական համակարգում։ Ես պնդում եմ, որ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց համակարգը պատրաստ է լինելու»։
Ավանեսյանը նշեց, որ ապահովագրությունն է, որ պետք է տա շատ հարցերի լուծումներ։ «Օրինակ՝ Վրաստանն ու Ռուսաստանն ունեն պարտադիր ապահովագրական համակարգեր եւ տարիներ առաջ իրականացրել են այն աշխատանքը, ինչը մենք այսօր ենք իրականացնում։ Այո, մենք այդ քաղաքական խոստումը տվել ենք, իրականացվում է եւ ներդրվում է»,- նշեց նախարարը։
Հարցին, թե թանկարժեք բուժծառայությունները մտնելո՞ւ են ապահովագրական ծածկույթի մեջ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Թե օնկոլոգիական, թե սիրտանոթային հիվանդությունների այն հիմնական բեռը, որն այսօր քաղաքացին կրում է, դա ապահովագրական փաթեթի մեջ ներառված լինելու է։ Ապահովագրությունը դեղերի խումբ չի փակելու, այլ ունենալու է փոխհատուցման շեմ։ Վերին շեմի շրջանակներում քաղաքացուն անհրաժեշտ դեղերը եւ թերապիան ինքը ձեռք է բերելու։ Դեղերի համար վերին շեմը տարեկան 2,1 մլն դրամ է լինելու, իսկ վիրահատությունների մասով վերին շեմ չկա»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ