Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում առավոտյան ժամը 06․15 պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել է տան զգալի հատվածը։
Կարդացեք նաև
Փրկարարները փլատակների տակից դուրս են հանել 12-ամյա երեխայի դի, տան երկու անդամների էլ՝ տարբեր աստիճանի այրվածքներով, տեղափոխել հիվանդանոց։
Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տեղեկությունների համաձայն, գազի արտահոսք է տեղի ունեցել, երբ տան անդամները առավոտյան սուրճ են դրել գազին, միանգամից պայթյուն է գրանցվել ու տան մի մասը հողին է հավասարվել։
Զոհված երեխայի ննջասենյակը գտնվել է խոհանոցին մոտ։
Վարչական ղեկավարը նաև ասաց, որ տանն այս պահին 6 հոգով էին բնակվում՝ մայրը, որդին, հարսը և երեք երեխաները, տան պապիկն արտագնա աշխատանքի է։
Գյուղապետի բնութագրմամբ՝ նրանք հարգված, պատվով մարդիկ են։ «Ընտիր, շնորհքով, մեծ ազգուտակով, աշխատասեր մարդիկ են, ոչ մի կասկած չի կարող լինել, թե սա որևէ մեկի ձեռքի գործն է։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է»,-ասաց վարչական ղեկավարը։
Տանը երկու բնակչուհիներին՝ 56-ամյա սկեսրոջն ու 31-ամյա հարսին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։
Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին փոխանցեց, որ 31-ամյա կնոջն ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 56-ամյա կինը՝ տարբեր աստիճանի այրվածքներ ունի, նա բուժում է ստանում հիվանդանոցում։
Նշենք, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության՝ «Նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Նշենք, որ Ոսկեհասկ գյուղում վերջին օրերին ևս մեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել․ շունը գզել էր 5-ամյա երեխային, նրա մորն ու օգնության հասած հարևաններին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ