«Այսօրվա մեր միջոցառումը համընկել է մի ժամանակահատվածի հետ, երբ Երեւանի քաղաքապետարանը մշակում է գլխավոր հատակագիծը: Ցավոք սրտի, գործընթացը եղել է ոչ ներառական, եւ փորձագիտական համայնքը, շահագրգիռ հասարակությունը որեւէ կերպ ներգրաված չեն եղել»,- «Քաղաքային պլանավորման երևանյան մարտահրավերները» թեմայով ֆորում-քննարկման ժամանակ նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Նա հույս հայտնեց, որ գոնե ներառական միջոցառման միջոցով կկարողանան տարբեր խմբերից որոշակի առաջարկություններ հավաքել. «Իհարկե սա որեւէ կերպ չի փոխարինում ներառական պրոցեսն ապահովելու՝ քաղաքապետարանի կողմից պարտականություն հանդիսացող, բայց չկատարած աշխատանքին: Ամեն դեպքում, մենք առաջարկները կհավաքենք եւ կներկայացնենք Երեւանի քաղաքապետարանին այն ակնկալիքով, որ դրանք հաշվի առնվեն՝ արդեն իսկ պատրաստի հատակագծում ինչ-ինչ փոփոխություններ մտցնելիս»:
Սոնա Այվազյանը նշեց, որ գլխավոր հատակագիծն արդեն ներկայացվել է բնապահպանական փորձաքննության: Էկոլոգիական գնահատման հաշվետվությունը եւս ներկայացվել է փորձաքննության, եւ օգոստոսի 8-ին Երեւանի քաղաքապետարանը նախատեսվում է քննարկել, ու փաստաթուղթն էլ տեղադրված է բնապահպանության նախարարության կայքում:
Կարդացեք նաև
«Առաջարկում եմ, որ շահագրգիռ անձինք, կազմակերպությունները այս հնարավորությունը, որ ժամանակային պատուհան է, եւս օգտագործեն եւ իրենց առաջարկությունները ներկայացնեն: Կամ կարող են կապվել մեզ հետ, որովհետեւ մենք հավաքագրելու ենք առաջարկությունները»,-ասաց ԹԻՀԿ գործադիր տնօրենը:
«Ուզում եմ ասել, որ չգնանք մեղավորներին փնտրելու հետեւից, ասել՝ սա է մեղավոր, նա է մեղավոր, որովհետեւ մեր այսօրվա նպատակն առնվազն դա չէ: Քննարկման նպատակն է իսկապես խնդիրները եւ լուծումները վերհանելը, ամփոփելն ու ներկայացնելը»,-ընդգծեց նա քննարկման նպատակը ներկայացնելիս:
Հիշեցնենք ԹԻՀԿ-ն առաջարկել էր քաղաքապետարանին վերսկսել Երևանի գլխավոր հատակագծի վերաբերյալ հանրային ծանուցման և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացը՝ ապահովելով բավարար պայմաններ շահագրգիռ հանրության արդյունավետ և բովանդակային մասնակցության համար՝ հաշվի առնելով ներկայացվող առաջարկները և դրանց հիման վրա կատարելագործելով Երևանի զարգացման գլխավոր քաղաքաշինական փաստաթուղթը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ