Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը կունենա պատշաճ պետական փորձարկում անցած, բարձր արդյունավետությամբ ռազմական արտադրանք»․ Մխիթար Հայրապետյան

Օգոստոս 01,2024 12:25

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ փոփոխությունը պայմանավորված է ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձեւավորման, ֆինանսավորման եւ կատարման կարգի մշակման համար իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ։

«Այս աշխատանքն այսօր էլ իրականացվում է, սակայն այն արվում է Ռազմարդյունաբերական կոմիտեի եւ մասնավոր հատվածի՝ ռազմարդյունաբերողների միջեւ բանավոր աշխատանքի միջոցով։ Մենք ցանկանում ենք տարընկալումներից խուսափելու նպատակով ստեղծել ինստիտուցիոնալ հենք, որով ռազմարդյունաբերողները կառաջնորդվեն։ Այսինքն՝ հստակ պատկերացումներ կունենան, թե այդ ԳՀՓԿ աշխատանքների համար դիմելու կոնկրետ հայտերն ինչպես են ձեւավորվում, ֆինանսավորվում եւ կատարվում»,- նշեց նա։

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն ունի երկու հիմնական գործիք՝ ռազմարդյունաբերության զարգացումը խթանելու համար։ Առաջինը ԳՀՓԿ աշխատանքներն են, որոնց ուղղությամբ 4,5 մլրդ դրամ է հատկացված։ Երկրորդը՝ փորձանմուշների արտադրության ֆինանսավորման համար շուրջ 1,5 մլրդ դրամ բյուջե է հատկացված։

Նախագծով նաեւ առաջարկվում է կառավարության համար սահմանել ռազմական ապրանքի լրամասերի եւ բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման կարգը հաստատելու մասին դրույթ։ Կարգի մշակմամբ հնարավոր կլինի պետությանն ապահովել ռազմական կարիքների համար մշակվող, արտադրվող արտադրանքի համար անհրաժեշտ լրամասերով, բաղադրիչներով, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակում երրորդ երկրներից ներկրման անհնարինության դեպքում որոշակի ժամանակահատվածի համար ապահովել մշակման եւ արտադրության գործընթացների անընդհատությունը։ «Այսինքն՝ օրենքն ԱԺ-ում ընդունվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո մենք մտադիր ենք համապատասխան կարգեր մշակել, որոնք հնարավորություն կտան մեզ հատկապես ճգնաժամային իրավիճակներում ապահովել որոշակի տեսակի ապրանքներ»,- հավելեց Հայրապետյանը։

Նախարարը նաեւ նշեց, որ կսահմանվեն ռազմական նշանակության գույքի փորձարկման գործընթացները, ժամկետները, պետությունը վերջնարդյունքում կունենա պատշաճ պետական փորձարկում անցած, բարձր արդյունավետությամբ ռազմական արտադրանք։

«Ուզում եմ ուղերձ հղել ռազմարդյունաբերողներին, որ այսօրինակ բարեփոխումները գալիս են՝ հեշտացնելու թե մեր, թե իրենց կյանքը, նվազեցնելու բյուրոկրատական խոչընդոտները, որոնք ժամանակային առումով մեծ ռեսուրս են պահանջում բոլոր կողմերից։ Ռազմարդյունաբերությունը խթանելու համար այս միջավայրն առավել բարենպաստ դարձնելու իմաստով սա մեկ քայլ առաջ է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031