Կառավարությունն այսօրվա նիստում «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշում ընդունեց։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ստեղծել ՓԲԸ՝ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով:
«Մենք էներգետիկ ոլորտի մինչեւ 2040 թվականի մեր ռազմավարության մեջ ունենք, որ գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո ունենանք առնվազն նույն հզորությամբ գործող նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել։ Եվ այս գործընթացն ավելի կազմակերպված, ավելի ինստիտուցիոնալ եւ համակարգային իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս կազմակերպությունը։ Այս կազմակերպությունն առաջարկվում է ստեղծել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության կողմից առկա ուղեցույցի հիման վրա»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով։ Այս ՓԲԸ-ն կգտնվի ՏԿԵ նախարարության համակարգման ներքո։ Նպատակն այն է, որ այս կառույցի մասնագետները կառավարությանը եզրակացություն կտան, թե ինչպես շարժվել առաջ՝ հզորության, մեթոդների առումներով։ Կառավարության որոշումից հետո այս կազմակերպությունը պետք է դառնա այն կառույցը, որը, Սանոսյանի խոսքով, կիրականացնի ամբողջ շինարարության պրոցեսը՝ որպես իրականացնող պատվիրատու եւ հսկող մարմին։ Դրանից հետո հենց այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործողը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ