Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը բյուջետային երաշխիքներ կտրամադրի պտուղ-բանջարեղենի եւ խաղողի մթերման համար

Օգոստոս 01,2024 11:47

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու եւ տնտեսավարողների կողմից 2024 թվականի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու համար։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց, որ այս վարկը կարող են ձեռք բերել այն տնտեսվարողները, որոնք խաղաղ կամ պտուղ-բանջարեղեն են մթերում գյուղացիներից, ինչպես նաեւ իրենք ձեռք բերված պտուղ-բանջարեղենը վերամշակում են։

«Խաղողի եւ պտուղ-բանջարեղենի մթերումներ իրականացնող կազմակերպություններն աշխատանքային կարգով բազմիցս դիմել են նախարարություն՝ հայտնելով, որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ եւ ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել նոր վարկերի ներգրավման հարցում։ Նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, ըստ որոնց՝ խաղաղի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կառավարությունը 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրում է մինչեւ 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելին, քան 2023 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Պատկերացնենք՝ տնտեսվարողն ուզում է 2 մլրդ դրամ վարկ ներգրավել, որպեսզի ինքն իրականացնի պտուղ-բանջարեղենի կամ խաղողի մթերում, բայց ինքն ունի 1 մլրդ դրամի գրավ։ Մյուս 1 մլրդ դրամ գրավի համար պետությունը տալիս է երաշխիք, որպեսզի ինքը վերցնի»,- ասաց Պապոյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Սա այն նախագիծն է, որը մենք տարիներ շարունակ հաստատում ենք։ Բայց կարեւոր է նաեւ արձանագրել, որ աջակցելով մթերողներին՝ մենք իրականում աջակցում ենք մեր գյուղացիական տնտեսություններին։ Այս սուբսիդավորումը մթերող կազմակերպություններին կատարվում է այն դեպքում եւ այն չափով, երբ նրանք գյուղացիական տնտեսություններից այս վարկային միջոցներով ձեռք են բերել տվյալ գյուղատնտեսական արտադրանքը, առավելապես խաղողը։ Ունենք վիճակագրություն եւ կարող ենք ասել, որ այս աջակցության շահառուների ներգրաված վարկային միջոցների 80 տոկոսից ավելին հատկապես օգտագործում են խաղողի մթերումների ժամանակ»։

Փոխվարչապետն ասաց, որ խաղողի մթերումները մեկնարկում են սեպտեմբերից, եւ մթերողներն արդեն կարող են պլանավորել իրենց աշխատանքը եւ դիմել կառավարությանը՝ աջակցության համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031