Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր դեռեւս ունենք ժամանակակից արվեստի ընկալման լուրջ բարդույթներ». Մարինա Հակոբյան

Օգոստոս 01,2024 13:16

«Ես կուզենամ անդրադառնալ, թե ինչ կարեւորություն ունի այս ցուցադրությունը ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահի, այլեւ ընդհանուր Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի համար: Կուզեմ առանձնացնել երկու շատ կարեւոր ասպեկտ, որոնցից առաջինը ժամանակակից արվեստի արժեւորումն է եւ վերարժեւորումը: Եվ ինչը էլ ավելի կարեւոր է մեզ համար՝ թանգարանային ոլորտում ժամանակակից արվեստի հավաքչական գործունեությունն է, իսկ մյուսը նվիրատվության անգնահատելի գործոնն է»,- Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն» խորագրով ցուցահանդեսի բացմանը նշեց Հայաստանի պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Ցուցահանդեսի համադրողներն են Վիգեն Գալստյանը եւ Շողակաթ Ղազարյանը:

«Շատ տարօրինակ է եւ ցավալի, որ այսօր 21-րդ դարում դեռեւս ունենք ժամանակակից արվեստի ընկալման արժեւորման եւ վերարժեւորման խնդիր, ընկալման բավականին լուրջ բարդույթներ եւ խնդիրներ: Դեռեւս կան թանգարանային ընկալման կարծրատիպեր, ըստ որոնց դասական թանգարանում ինչ-որ մի կետում արվեստի պատմությունն ընդհատվում է: Եթե այդպես մեկ դար առաջ մտածեին Սարյանը, Դրամբյանը եւ մեր մյուս նվիրյալները, ապա այսօր մենք պարզապես չէին ք ունենա այն հավաքածուն, որը մենք ունենք»,-հավելեց Մարինա Հակոբյանը:

Վիգեն Գալստյանի ձեւակերպմամբ. «Տարօրինակ է, որ այս ցուցահանդեսը ներկայացնում եւ խոսում ենք որպես ինչ-որ նորույթ, բացահայտում, ժամանակակից արվեստ, մինչդեռ ճիշտ կլիներ այն ընկալել որպես դասական արվեստ: Սա 80-ականների վերջին տասնամյակը ներկայացնող արվեստ է… Ցանկացած նոր ժամանակ, նոր հասարակություն կարիք ունի նոր հարացույցների, իսկ այդ հարացույցները կարիք ունեն նոր ֆորմաների: Այդ ֆորմաները ստեղծում են արվեստագետները:

70-ականների վերջին, 80-ականների սկզբին այն արվեստագետները, որոնք ներկայացված են այս ցուցահանդեսում՝ ի թիվս այլոց (որոնց հուսով եմ`պատկերասրահը նույնպես կներկայացնի) գիտակցեցին, որ իրենք առերեսվում են նոր ժամանակների հետ եւ փորձեցին ստեղծել այդ նոր ֆորմաները՝ նոր տարածք ազատելով, բացելով կառուցելով հարացույցների առաջացման եւ գոյացման համար»:

ԽՍՀՄ-ի աստիճանական փլուզման եւ Հայաստանի անկախացման փոթորկոտ շրջանում, 6 արվեստագետ ընկերներ՝ Քիքին (Գրիգոր Միքայելյան), Սէվը (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչը (Հաջյան), Մարտին Պետրոսյանը, Օֆենբախը (Գրիգոր Գյուլեզյան) եւ Աշոտ Աշոտը (Աշոտ Ղազարյան), որոնք «Երրորդ հարկ» խմբի անդամներ էին, հավաքվում էին Օֆենբախի՝ Երևանի ծայրամասում գտնվող «Բունկեր» արվեստանոցում։ Նկարիչների այս ազատ միավորումը դիտարկում էր արվեստաստեղծությունը՝ որպես գեղագիտական ​​եւ մտավոր հետազոտության ինքնավար տիրույթ:

Համադրողի ձեւակերպմամբ, դիմելով արեւմտյան վերացական արվեստի մոդեռնիստական ​​եւ պոստմոդեռնիստական ​​միտումներին՝ այս արվեստագետները ձգտում էին զարգացնել առանձնակի ոճեր, որոնք ընդգրկում էին վերացականության ողջ սպեկտրը՝ Քիքիի ժեստային նկարչությունից մինչև Աշոտ Աշոտի լեզվի եւ պատկերների կոնցեպտուալ կազմաքանդումները: Այս արվեստագետների համոզմունքներ էր կիսում գործարար և արվեստի գործերի հավաքորդ Սերգեյ Ջավադյանը, որը ձեւավորեց քսաներորդ դարի վերջի հայ ժամանակակից արվեստի ամենամեծ եւ կարեւոր հավաքածուներից մեկը: Ջավադյանի հավաքածուից 42 ստեղծագործություն նվիրատվություն է Հայաստանի ազգային պատկերասրահին, եւ այժմ հնարավոր է դրանք վայելել նորաբաց ցուցահանդեսում:

Նշենք, որ «Բունկեր»-ականներից ցուցահանդեսի բացմանը կարողացել էր ներկա գտնվել միայն Աշոտ Աշոտը, որը չկարողացավ խոսելիս զսպել հուզմունքը: Նա ասաց, որ բացումից 15 րոպե առաջ խոսել է հավաքորդ եւ նվիրատու Սերգեյ Ջավադյանի հետ, ցույց է տվել ցուցահանդեսը, ինչից հետո, նրա խոսքով, Ջավադյանը հուզմունքից արտասվել է:

«Սերգեյն անշահախնդիր ձեւով էր նվիրատվություններ անում: Երբեմն արվում են նվիրատվություններ, որոնք ունեն ուրիշ նպատակ: Իսկ Սերգեյն ուղղակի սիրում էր նկարիչներին: Շուտով լույս կտեսնի այս ցուցահանդեսի կատալոգը, եւ դուք կկարդաք այս հավաքածուի պատմությունը…Սերգեյ Ջավադյանը՝ որպես հավաքորդ եւ նկարիչներ հարաբերությունը շատ անսպասելի, նույնիսկ նկարիչներիս համար անհասկանալի փոխհարաբերություններ էին: Սերգեյը շատ զգացված է, որ այս կարճ ժամանակամիջոցում հնարավոր դարձավ իրականացնել այս ցուցահանդեսը…Ես հուսով եմ, որ սա Սերգեյ Ջավադյանի նվիրատվության առաջին քայլն է»,-ասաց Աշոտ Աշոտը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031