«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը պատասխանել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի անդամ-սենատորների հարցերին:
Շարունակում ենք ակտիվորեն նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը՝ իր ելույթում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:
Եվրոպայի ապագային վերաբերող լսումներին սենատորները հնչեցրել են նաև Հայաստանին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինիին հետաքրքրում էր, թե ինչ է անում նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին՝ որպես ԱՄՆ հետ հարաբերությունները սերտացնող պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ:
«Երբ դուք խոսում եք այն երկրների մասին, որոնք փորձում են մերձենալ ԱՄՆ-ի հետ, Հայաստանն այդ երկրներից է: Այնուամենայնիվ, նրանք այժմ իրական անվտանգության սպառնալիք ունեն իրենց սահմաններին Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի մեղսակցությամբ: Խնդրում եմ ասել, թե ի՞նչ ենք անում, որպեսզի ցույց տանք մեր աջակցությունն այն սկզբունքներին, որ երկրները չեն կարող ուժով փոխել սահմանները, և այն երկրներին, որոնք ձեռք են մեկնում ԱՄՆ-ին կամ Արևմուտքին՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար, ինչպիսին Հայաստանն է, որպեսզի այդ երկրները չենթարկվեն Ռուսաստանի պատասխան գործողությունների»,- հարց է բարձրացրել սենատոր Քարդինը:
Կարդացեք նաև
Պետքարտուղարի տեղակալի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանին քայլեր ձեռնարկել Ռուսաստանից հեռանալու համար: Ըստ Ջեյմս Օ’Բրայենի, Մոսկվան ձախողել է Հայաստանի անվտանգության ապահովումը, և Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից:
«Հայաստանը տնտեսապես ու էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Պետք է դիվերսիֆիկացնենք այն՝ [Հայաստանի վարչապետ] Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձնելով կատարել այն խիզախ քայլերը, որոնք նրանց կհեռացնեն Ռուսաստանից»,- ասել է Օ’Բրայենը։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում, ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Ջին Շահինը համակարծիք էր՝ Վաշինգտոնը լուրջ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:
«Միացյալ Նահանգներն անում է ամեն ինչ՝ աջակցելու Հայաստանի ներկայիս կառավարությանը՝ իրենց կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու և իրենց անվտանգության համար դեպի Ռուսաստան հայացք չնետելու, այլ՝ փոխարենը ճանաչելու, թե ինչ է արել Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝ Հայաստանի դիրքերը խարխլելու առումով»,- ասել է սենատոր Շահինը:
Ամերիկացի դիվանագետն իր խոսքում առանձնացրել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուսաստանցի սահմանապահների դուրսբերման հարցը՝ հիշեցնելով, որ ռուսական կողմը պարտավորվել էր դուրս գալ սահմանային գոտիներից ու «Զվարթնոց» օդանավակայանից։
«Նրանք՝ [ռուսական կողմը] հսկում էին սահմանը միջազգային օդանավակայանում, ուր մաքսանենգության միջոցով մասամբ շրջանցում էին [ամերիկյան] պատժամիջոցները: Կտեսնենք, թե արդյոք Ռուսաստանն իսկապես պատրաստ է հարգել Հայաստանի ինքնիշխան ցանկությունը ու կհեռանա [օդանավակայանից], որպեսզի Հայաստանը կարողանա կառուցել իր պատկերացրած հարաբերությունները»,- ասել է Օ’Բրայենը:
Վերադառնանք ԱՄՆ Սենատ, ուր լսումների ընթացքում Ջեյմս Օ’Բրայենն անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու այս հարցում Մոսկվայի դերակատարությանը՝ շեշտելով, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է խաղաղության ջանքերին, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնարկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ռուսաստանը ձգտում է, որպեսզի այն, ինչ տեղի է ունենում այստեղ, ընթանա իր պայմաններով: Մենք քրտնաջան աշխատանք ենք տանում, որպեսզի խաղաղության բացահայտ ցանկությունն ընդգծվի համաձայնության մեջ»,- ասել է նա:
Ի պատասխան սենատոր Քարդինի հնչեցրած մտահոգության, որ միջանցք ստեղծելու պարագայում Հայաստանը կարող է կորցնել իր տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, և նման զարգացումը կհանգեցնի երկրի մասնատմանը, Օ’Բրայենը խոսել է սահմանազատման մասին՝ նշելով, թե կողմերը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի վերաբերյալ: Ըստ ամերիկացի դիվանագետի, դեռ առկա են տարածքներ, որոնք գրավված են այս կամ այն կողմից և պետք է վերադարձվեն՝ շեշտելով, որ, հատկապես, մեծ հետաքրքություն է առկա բարձունքների վերաբերյալ:
«Այն գործընթաց է, որի ուղղությամբ աշխատում են երկու կողմերը: Մենք շատ հստակ ասել ենք, որ սահմանի ցանկացած ճշգրտում, որի շուրջ նրանք կգան համաձայնության, կհանդիսանա վերջնական, եթե լինի համաձայնություն երկու կողմերից»,- հայտարարել է Օ’Բրայենը:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Ամերիկայի ձայն»