Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կարծում է, որ սրանից ավելի հարմար պահ չի լինելու եւ պետք է լիարժեք օգտվել

Օգոստոս 01,2024 12:30

Ես չգիտեմ որեւէ կենդանու, որ իր ներկայությամբ փորձեն վնասել, առավել եւս՝ փորձեն սպանել նրա ձագին եւ նա անտարբեր նայի դրան ու չփորձի ամեն կերպ փրկել, առավելագույնս պաշտպանել նրան, էլ չեմ խոսում մարդ արարածի մասին:

Բացի 2020թ. 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո Արցախի եւ Հայաստանի տված բազում մարդկային ու այլ կորուստներից, մինչ այսօր Հայաստանը տալիս է մեկ այլ գերկարեւոր կորուստ. նա վախից՝ հոգեբանորեն համարյա դարձել է Ադրբեջանի գերին ու ծառան, քանզի նա ինչ թելադրում է, Հայաստանն ամբողջությամբ համաձայնվում է, համարյա դա ընդունելով որպես հրաման: Իսկ բոլորին է հասկանալի, որ Ադրբեջանն արդեն այնքան է հղփացել, որ իրեն թվում է, կարելի է միանգամից Հայաստանին ամբողջությամբ տիրել, քանզի կարծում է որ սրանից ավելի հարմար պահ չի լինելու եւ ընձեռված հնարավորությունից պետք է լիարժեք օգտվել: Նա ուղիղ այդպես չի արտահայտվում, առաջարկում է մեր տարածքները հերթով՝ մաս-մաս հանձնել, բայց հոգու խորքում ուզում է ամբողջապես, վերջնականապես ավարտել այդ հարցի լուծումը:

Հայաստանի համար ստեղծված այս ողբերգական վիճակն ամենայն մանրամասնությամբ բազմիցս է ներկայացվել հայ ժողովրդին, սակայն չափազանց զարմանալիորեն ժողովրդի կողմից համարյա արձագանք չկա, կարծես խորը քնի մեջ է կամ մեռած է: Սրա մասին բարձրաձայնեցի լոկ այն պատճառով, որ ոչ միայն մեկ հայ մարդ,այլ մի ամբողջ ժողովուրդ՝ հայ ժողովուրդն աչք է փակում եւ բացարձակ քայլ չի անում իր զավակին՝ Հայաստանը եւ նաեւ իրեն՝ ոճրագործ թուրքից փրկելու համար եւ դա այն դեպքում, երբ Հայաստան երկիրը լիովին միայնակ է՝ ուրիշ ոչ մի այլ պաշտպանող չունի: Չեմ կարծում, որ իրականությունը սա է, սակայն հայ ժողովուրդն այս ողբերգական իրավիճակում իրեն այնպես է պահում, կարծես ամեն ինչ նորմալ է, մեզ ոչ մի վտանգ չի սպառնում եւ նա զբաղված է զուտ ընթացիկ՝ առօրեական գործերով, անհասկանալի «ֆեստիվառներով»:

Արցախը հանձնվեց, Հայաստանից 200 եւ ավելի քառ.կմ տարածք է բռնագրավված, թշնամին ինչ ուզում է, իշխանություննները հոժարակամ համաձայնվում են, Տավուշի մարզի գյուղերն աստիճանաբար վերցնում են, անթաքույց բարձրաձայնում են «Սյունիքի միջանցքի», «անկլավների», մյուս մարզերի գյուղերի, մշտապես հոխորտում ու փորձում են նոր պատերազմով ու բազում այլ ճնշումներով վախեցնել ու ահաբեկել մեզ եւ նման շատ այլ բաներ ու այսքանից հետո ժողովուրդը տեղից չի շարժվում՝ քայլ չի անում, բա էլ ուրիշ ի՞նչ պետք է անեն, որ ժողովուրդը գիտակցի վիճակի լրջությունը, չշարունակի քնած մնալ ու փորձի տեղից շարժ անել: Լավ, ուրիշ էլ ի՞նչ պետք է լինի, որ այս ժողովուրդը սթափվի եւ վայրկյան շուտ լծվի հայրենիքի փրկության սուրբ գործին, քանզի հայրենիքն արդեն ձեռից գնում է եւ առանց այն էլ, արդեն շատ ենք ուշացել:

Կարդալով ու վերլուծելով մեր պատմությունը, միշտ համոզված եմ եղել, հայ ժողովուրդը միշտ էլ իր հայրենիքի կողքին է եղել, միշտ էլ հերոսաբար պաշտպանել է այն, հայը երբեք չի խնայել անգամ իր կյանքը եւ այդ գնով փրկել է հայրենիքը: Լիովին անհասկանալի է, թե ի՞նչ է կատարվում հայ ժողովրդի հետ, որ անտարբեր նստել ու ոչ մի քայլ չի անում հայրենիքի պաշպանության ու փրկության համար: Ի՞նչ է, ստացվում է, որ նամուսն ու թասիբը լրիվ են մեռել մեր մեջ … Լավ, ի՞նչ պետք է անել նրան շարժելու համար …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031