Կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր Բելլա Հովհաննիսյանը՝ սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունների հեղինակ, վերջին տարիներին անդրադարձել է ժողովրդական երգարվեստի հնագույն ժանրերից մեկին՝ օրորին։ Օրորների հիմնական թեման մայրական քնքուշ սիրո արտահայտումն է։ Կնոջ գեղեցիկ համեմատությունները դարձնում են այս երգերը շատ պատկերավոր։
Պատկերավոր են եւ կոմպոզիտոր Բելլա Հովհաննիսյանի «Օրորներ»-ը։ Ժամանակակից երաժշտարվեստում դժվար է ստեղծագործել, նոր խոսք ասել։ Բելլա Հովհաննիսյանին, ում կամերային գործերը կատարվել են Ավստրիայում եւ Ռուսաստանի դաշնությունում, հաջողվեց արտահայտվել եւ ներկայանալ նորովի։ Նրա «Օրորներ» շարքը երկար մտորումների արդյունք է։
Այս շարքի առաջին օրորը «Նեննին» է։ Այն կատարել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Արծվիկ Դեմուրչյանը։ Եգչուհու գեղեցիկ ձայնը կարծես պարուրում է, խորը ներթափանցում եւ փոխանցում այս քնքուշ երգի բնույթը։ Նշեմ, որ «Նեննի»-ի խոսքերի հեղինակը հենց Բելլա Հովհաննիսյանն է։
Հաջորդ «Օրոր»-ը գրվել է Գուրգեն Մահարու բանաստեղծության հատվածի հիման վրա.
Կարդացեք նաև
Իմ հույզերին արեւավոր օրոր, օրոր։
Օրոր մարգին, արտույտներին, ծառին, ձորին օրոր, օրոր։
Օրոր սարին, հանդին, արտին, օրոր մարդուն,
Արեւավոր իմ սերերին օրոր, օրոր։
Ինչպես նշում է ինքը՝ կոմպոզիտորը. «…Ցանկացած բանաստեղծական խոսք իր երաժշտությունն ունի, այն լսել է հարկավոր»։ Բելլան կարողացել է հնչյունային ելեւէջներով փոխանցել բանաստեղծության հոգին, ներկայացնելով համամարդկայինը շատ սեղմ միջոցներով։ Կոմպոզիտորի մտահաղացումը, ստեղծագործության բնույթը ներդաշնակորեն մեկնաբանեց Մանե Գալոյանը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Բեռլինի օպերային թատրոնի մեներգչուհի։
Ժողովրդական ստեղծագործության քնարական, մեղմիկ ու գողտրիկ օրորոցայինները կարող են լինել իրենց բնույթով նաեւ պատմական։ Մայրը կարող էր օրորելուց պատմել թե՛ իր ճակատագրի եւ թե՛ կրած տառապանքների ու ողբերգական անցյալի մասին, արթնացնել մանուկի սրտում հերոսական ոգին։ Չմոռանանք, որ ժամանակին օրորները մանուկների առաջին երաժշտական տպավորություններն էին։ Պատմական թեմատիկայով օրորները հիշեցնում են մեր պատմական երգերն ու անտունիները։
Նման պատմական բնույթ է կրում կոմպոզիտորի «Օրորներ» շարքի վերջին ստեղծագործությունը։ Այն գրված է արական ձայնի՝ բարիտոնի համար։ Կատարում է ստեղծագործությունը Գուրգեն Բավեյանը, ով եղել է Հայաստանի Ազգային օպերային թատրոնի մեներգիչ եւ որպես հրավիրյալ արտիստ մինչ օրս համագործակցում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի հետ։ Նա հանդես է գալիս որպես Ֆրանկֆուրտի օպերային թատրոնի հրավիրյալ արտիստ, Բազելի թատերախմբի անդամ։ Բավեյանը համերգային կատարումներով հանդես է եկել Ամստերդամում եւ Սանկտ Պետերբուրգում։ Երգչի ամենամեծ ձեռքբերումներից է նրա համագործակցությունը մաեստրո Ռիկարդո Մուտիի հետ Ռավեննա փառատոնի շրջանակներում:
Գուրգեն Բավեյանի «Օրորի» փայլուն կատարումը արթնացնում է մեր ազգային պատկանելիության զգացումը, անցկացնում դարերի միջով, հասցնում մինչ մեր օրեր եւ փորձում, կարծես պաշտպանելով հանգստացնել ու հանդարտեցնել։ Երգչին հաջողվեց փոխանցել ստեղծագործության պատմական եւ, միեւնույն ժամանակ, շատ հուզական բնույթը։
Բելլա Հովհաննիսյանի այս «Օրոր»-ով, որպես նախաբան, բացվեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի համերգը Գյումրիում, նվիրված կոմպոզիտորի ծննդյան 95-ամյակին։ Այս ստեղծագործությունը համահունչ էր համերգի հոգուն։ Այն է՛լ ավելի շեշտեց Տերտերյանի տիեզերականի եւ ազգայինի համադրությունը։
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
երաժշտագետ, արվեստ. թեկ, դոցենտ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2024