Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանի գործով Սահմանադրական դատարան էր դիմել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը

Օգոստոս 01,2024 13:30

Սահմանադրական դատարանը հուլիսի 26-ին իր նոր որոշմամբ, որը կապված էր նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործի հետ, շեշտել էր, որ Սահմանադրական դատարան դիմելիս դատարանները համապատասխան որոշման շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձեւավորված դատողություններն ու դիրքորոշումները՝ հիմնավորելով բարձրացված հարցի՝ սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու հանգամանքը: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը 2024 թվականի հունիսի 14-ից Սահմանադրական դատարանում էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումը:

Դիմող դատարանը, որի վարույթում է թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործը 2024 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել «Սահմանադրական դատարան դիմելու մասին»: Որոշել է. «Թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական վարույթով ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Ա. Մանուկյանի եւ Լ. Սահակյանի հատուկ վերանայման բողոքների քննարկման շրջանակներում դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել եւ պարզել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 28-րդ, 61-րդ, 63-րդ եւ 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ հարցը»:

Ըստ դիմողի՝ նշում է. «2021 թվականի հունիսի 30-ին ընդունված եւ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածը, ըստ էության, ողջ քրեադատավարական կառուցակարգերը գործի դնելու մեխանիզմներ է նախատեսել, մասնավորապես սահմանելով, թե մինչեւ նշված օրենսգրքի ուժի մեջ մտնելն առկա իրավահարաբերություններն որ նորմերի ուժով պետք է կարգավորվեն: …Այս կարգավորման (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի) համաձայն մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ն արդեն դատաքննության փուլ անցած բոլոր քրեական գործերը շարունակում են քննվել մինչեւ այդ պահը գործող քրեադատավարական կառուցակարգերի կիրառմամբ, այլ կերպ ասած՝ մինչ այդ ծագած իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման բացառապես այդ ժամանակ գործող օրենսդրության կառուցակարգերի գործադրմամբ: Նշված նորմի մեկնաբանությունները բազմաբնույթ են, տարակարծիք եւ շփոթ առաջացնող, որն ուղղակիորեն հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիությանը, ավելին հակասություն ունենալով հենց նույն դատավարության օրենսգրքի մեկ այլ դրույթի հետ (…), նորից բախում է առաջանում իրավական որոշակիության եւ օրենքի առաջ հավասարության սկզբունքի հետ»:

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթում բովանդակվող «քննվում եւ լուծվում են» ձեւակերպման վերաբերյալ հակասական դիրքորոշումներ ունեն ինչպես կողմերը, այնպես էլ գործնականում դատարանները: Այս առնչությամբ դիմողը նշում է. «…առաջ է գալիս իրավաչափ երկու հարց, որոնց վերաբերյալ տարամեկնաբանությունները հանգեցնում են քննարկման առարկա նորմի սահմանադրական պահանջի՝ նորմի որոշակիության բաղադրիչի առկայության կամ բացակայության հարցին, որին իրավակիրառ մարմինը, սույն դեպքում՝ Վերաքննիչ դատարանը, չի կարող լուծում տալ: Առաջին հարցը նրանում է, արդյո՞ք «քննվում եւ լուծվում են» ձեւակերպումները վերաբերում են բացառապես դատավարական ընթացակարգերին (…), թե՝ դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից մինչեւ որոշում կայացնելու պահը ցանկացած վարութային գործողության կատարմանը կամ դատավարական ակտի ընդունմանը»:

Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթում նշված ձեւակերպումը տարատեսակ կիրառություն ունի, ինչը գործնականում շփոթ է առաջացնում. «եթե առաջնորդվենք գործնականում տարածված նեղ մեկնաբանությամբ, ստացվում է, որ «քննվում եւ լուծվում են» ձեւակերպումները վերաբերելի են բացառապես դատաքննությանը»:

Պատճառաբանելով, որ առաջացել է օրենսդրական դրույթի որոշակիության խնդիր, որը հաղթահարելի չէ դատարանների կողմից, քանի որ տվյալ դեպքում այն խախտում է կամ կարող է խախտել անձի սահմանադրական, մասնավորապես՝ օրենքի առջեւ հավասարության եւ արդյունքում՝ արդար դատաքննության իրավունքները, դիմողը եզրահանգում է. «2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը չի բավարարում իրավական որոշակիության սահմանադրական պահանջը, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 28-րդ, 61-րդ, 63-րդ եւ 79-րդ հոդվածներին»:

Սահմանադրական դատարանը դիմումն ուսումնասիրելով իր աշխատակարգային որոշմամբ փաստել է, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը:

Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթներ նախատեսող 483-րդ հոդվածի 7-րդ մասը չունի ինքնուրույն կիրառություն, այլ պարզապես միջնորդավորում կամ անհրաժեշտ է դարձնում քրեական վարույթի ընթացքում «քննվող եւ լուծվող» հարցերի լուծման համար վերաբերելի կարգավորումներ նախատեսող 1998թ. քրեական դատավարության օրենսգրքի կիրառումը, որոնց սահմանադրականության հարց դիմողը Սահմանադրական դատարանի առջեւ չի բարձրացնում:

2024 թվականի ՍԴԱՈ-118 որոշմամբ դատարանը գործի քննությունը մերժել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031