Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Պիտի դադարել խաբել, պիտի վերջ տալ «խաղեր տալուն», պիտի հեռացնել գեոպոլիտիկ բախումները Հայաստանից. «Հրապարակ»

Օգոստոս 01,2024 08:57

Hraparak.am-ը փաստաբանի միջոցով հարցեր է ուղարկել Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որն արդեն մեկ տարի` առանց դատավճռի, գտնվում է նախնական կալանքի տակ: Օրերս նա փոխանցել է հարցերի պատասխանները:

-Ի՞նչ հնարավորություն եք տեսնում Հայաստանի դիվանագիտության համար, եթե երկրում իշխանափոխություն տեղի ունենա։ Հայաստանը ինչպե՞ս պիտի դիրքավորվի Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում, երբ արդեն իսկ կռիվն իր տուն է բերել։

-Այս հարցում ձևակերպում կա՝ իշխանափոխություն, որից եւ պետք է սկսել բուն հարցադրման շուրջ զրույցը։Առաջինը՝ ո՞վ է գալու իշխանության, եւ երկրորդը՝ ե՞րբ է լինելու իշխանափոխությունը: Այս երկու հանգամանքներից է կախված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ճանապարհային քարտեզը։Մեզ բաժին հասած ծանր զարգացումներով ապացուցվել է, որ Փաշինյանի իշխանության շարունակումը հետևողականորեն նոր կորուստների է հանգեցնում։Ուստի , Հայաստանի դիվանագիտության հնարավորությունները կախված են «ե՞րբ» հարցից։

Ինչ վերաբերում է «ո՞վ» հարցին, ապա Փաշինյանին տեսականորեն կարող են փոխարինել պայմանական երեք քաղաքական խմբերից մեկը․

ա․ հավաքական «նախկինները », ովքեր ունեն ամենամեծ, ժամանակով փորձած եւ թրծված դիվանագիտական ներուժը՝ կադրեր, կապեր, գիտելիք, փորձ, հմտություններ։

բ․ ոչ նախկին, ոչ ներկայականներ, ովքեր ակնհայտորեն չունեն նման ռեսուրս եւ հանդիսանում են հերթական «չկտրած ձմերուկը»՝ կառավարչական իմաստով / իսկ թե ինչի է բերում նման ընտրությունը, Փաշինյանի հանցախումբը ապացուցել է/:

գ․ Գործող ռեժիմի ներսում ծվարած, իշխանության մաս հանդիսացող «ատլանտիստներ», որոնց արտաքին քաղաքական գերակայությունները հայտնի են։

Բոլոր դեպքերում, արտաքին քաղաքականության հիմքում պիտի վերադարձվի սեփական, ազգային շահը, պիտի դադարել խաբել, պիտի վերջ տալ «խաղեր տալուն», պիտի հեռացնել գեոպոլիտիկ բախումները Հայաստանից։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է կարճաժամկետ հորիզոնում պահել եղածը, միջնաժամկետում՝ որոշ կորուստներ վերականգնել, իսկ երկարաժամկետում՝ մնալ ինքնուրույն եւ ազդեցիկ քաղաքական գործոն տարածաշրջանում։

-Ի վերջո՝ ինչո՞ւ կորցրինք Արցախը։ Գո՞ւցե, իսկապես հայ հասարակության՝ ներառյալ քաղաքական շրջանակների համար Արցախը «բեռ» էր, եւ հանրային լռությունը նաև այդ հանձնմանը մասնակցություն էր նշանակում։

-Արցախը յուրահատուկ «սևահող» է: Պատահական չէր, որ նիկոլական հարձակումները մեր ինքնության վրա հենց սկզբից թիրախավորեց դրա ամենաբերի, բայց ամենախոցելի շերտը` Արցախը։ Հիշում եք, «Հեղափոխությունը արցախյան ազատամարտից կարևոր է», ԼՂՀ նախագահին որպես մարզպետ էին ներկայացնում, հեռացրել էին Արցախի մասին գլուխը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից, եւ այս ամենը կատարվում էր մինչև 2020թ․-ի պատերազմը:

Փաշինյանական փորձերը ապամոնտաժելու հայկական ինքնությունը տարածվում են նաև ավելի խորը շերտերի վրա՝ Հայոց ցեղասպանություն, Հայոց պատմություն, Առաքելական եկեղեցի, ավանդական ընտանիք եւ այլն ։ Սակայն հենց Արցախն էր մի կողմից ՝ ամենաթեժ գեոպոլիտիկ առևտրի օբյեկտը, մյուս կողմից՝ ամենաթարմ, միջինացված հայի մաշկի տակ դեռևս վերջնականորեն չմտած ժամանակակից հայի «ես»-ի բաղադրիչը։

Ցավոք, առկա է նաև մեկ այլ էթնո-հոգեբանական գործոն․ մեր հայրենակիցների մի մասը իր տնից, օջախից, բնակարանից այն կողմ եղած Հայաստանը իրենը չի hամարում: Եթե անգլիացիներն ասում են՝ «Իմ տունը իմ ամրոցն է», ապա մեր մասին այսօր կարելի է ցավով ասել, որ «իմ տունը իմ խխունջն է»․․․: Այս վերաբերմունքը չփոխելու դեպքում՝ վտանգ է կախված ոչ միայն Սյունիքի, այլ նաև, օրինակ, Չարբախի վրա։

-Տեղյակ ենք, որ դուք մենախցում եք նստած, ինչը բավականին ծանր է, սովորաբար՝ մենախցում պահելը որպես հատուկ պատժի միջոց են կիրառում ՔԿՀ-ներում ՝ կալանավորվածի թույլ տված ռեժիմային խախտումների համար: Դուք կամովին ընտրել եք մենակ նստելը, ինչո՞վ է դա պայմանավորված ։

-«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվում եմ արդեն 14 ամիս եւ ոչ մի ռեժիմային խախտում թույլ չեմ տվել։ Այլ հարց է, որ եթե իմանայի՝ այստեղ եմ հայտնվելու, համապատասխան նախարարներին մեր իշխանության օրոք կխնդրեի՝ ավելի մեծ միջոցներ հատկացնել՝ քրեակատարողական հիմնարկների վիճակը բարելավելու համար /կեսկատակ/։

Կալանքս մենախցում անցկացնելու նախաձեռնությունը իմն է, հիմնարկի ղեկավարությունը ընդառաջել է իմ դիմումին։ Իմ ընտրության հիմքում շատ պարզ իրողություն է՝ ինձ հետապնդելու սպեցիֆիկան։

«Ուժեղ տղա» չեմ խաղա․ դժվար է։ Հատկապես առաջին 3 ամիսները, երբ արգելված էին բոլոր տեսակցություններն ու հեռախոսազանգերը, նույնիսկ՝ ընտանիքիս անդամների հետ, ինչը չուներ եւ ոչ մի հիմնավորում, քան վերը նկարագրված ոխի նոպան: Իսկ իրականում, մենակությունս միայն ֆիզիկական է, որովհետև հոգով, մտքով, սրտով ինձ գրեթե մենակ չեմ զգում, ընտանիքիս հետ եմ, ժողովրդիս հետ եմ, Աստծո հետ եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031