Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շնորհակալություն «Առավոտի» ընտանիքին

Օգոստոս 01,2024 10:00

30 տարի առաջ՝ 1994 թվականին օգոստոսին լույս տեսավ «Առավոտ» թերթի առաջին համարը: Նույն թվականի դեկտեմբերի 6-ից առ այսօր այդ լրատվամիջոցի խմբագիրը ես եմ, պայծառ հիշատակ «Առավոտի» առաջին խմբագիր, բանաստեղծ Իգնատ Մամյանին:

30 տարում, իհարկե, շատ բան է փոխվել քաղաքական եւ լրատվական դաշտում, փոխվել է նաեւ լրագրությունը՝ տեխնիկապես եւ ստեղծագործական առումով: Եթե չլիներ գերնպատակ, եթե չլիներ ձգտում ինչ-որ բան անփոփոխ թողնելու, պահպանելու, կասեի անգամ՝ պաշտպանելու, մենք, իհարկե, երեք տասնամյակ չէինք դիմանա:

Փորձեմ հակիրճ ձեւակերպել, թե ինչ ենք մենք փորձում ապացուցել այս 30 տարիների ընթացքում: Որ կարելի է, ունենալով սեփական կարծիքը, առանց վիրավորելու եւ առանց վիրավորվելու, առանց պիտակներ կպցնելու եւ որեւէ մեկին ստորացնելու, լսել, մարսել եւ վերարտադրել ՑԱՆԿԱՑԱԾ կարծիք (օրենքի եւ էթիկայի սահմաններում): Եվ ոչ միայն կարծիք, այլեւ լուր, որը կարող է տհաճ, անցանկալի, ոչ ձեռնտու լինել:

Դա հաճախ տարակուսանք է առաջացնում, երբեմն տեղիք է տալիս «երկրորդ հատակի» փնտրտուքի, երբեմն մեղադրանքների՝ «համ մեխին եք խփում, համ նալին»: Պատահում է, որ այդ խառը զգացմունքների «սուբլիմացիան» ի հայտ է գալիս պնդումների տեսքով՝ «մենք գիտենք, որ դուք սրանն եք կամ նրանը»: Մարդիկ կան, որոնք չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է ոչ մեկինը չլինել: Այդ մարդկանց ավելի հեշտ է ապրել՝ բոլորին ինչ-որ մի խրամատի մեջ մտցնելով: Վաղուց արդեն ուշադրություն չենք դարձնում այդ խոսակցություններին:

30 տարի դիմանալու համար բավարար չէ լինել պարզապես «Առավոտի» աշխատակից, պետք է լինել ԸՆՏԱՆԻՔ: Ընդ որում, այդ ընտանիքի մեջ մտնում են ոչ միայն այսօր մեր լրատվամիջոցում աշխատողները, այլեւ բոլոր նրանք, ովքեր երբեւէ «Առավոտում» աշխատել են: Ես այդ ընտանիքի անդամ եմ համարում նաեւ այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ իրենց օրը սկսում են «Առավոտով»: Այդպիսի մարդիկ քիչ չեն: Իհարկե, պատրանք չունեմ, թե դա մի քանի հարյուր հազարանոց զանգված է: Չի կարող պատահել, որ միլիոնավոր մարդիկ մեզ նման մտածեն:

Ես անչափ շնորհակալ եմ «Առավոտի» մեծ ընտանիքին, անկեղծ սիրով եմ լցված այդ մարդկանց հանդեպ եւ հավատում եմ, որ մեր խոսքից աշխարհում ինչ-որ բան կփոխվի: Դեպի լավը, իհարկե:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մեծագույն հաճույքով շնորհավորում եմ օրաթերթի խմբագրության աշխատակիցներին եւ օրաթերթի ընթերցողներին եւ շնորհակալություն բոլորին:

  2. Aha says:

    Ես այդ ընտանիքի անդամ եմ համարում նաեւ այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ իրենց օրը սկսում են «Առավոտով»:

    I am one of them since 20 years, as I read the editorial 5 mornings a week.

    Living in North America, Aravot has had a huge impact on my views of Armenian politics and history, language and mentality.

    Thanks again to Mr. Abrahamyan

  3. Հայ մարդ says:

    Շնորհավորում եմ սիրելի «Առավոտցիներին», որոնք 30 տարի պատվով կրում են իրենց ընտրած և մեր սիրած խաչը: Գնահատելով «Առավոտի» երկար տարիների հավասարակշռվածությունը, ընթերցողներիցս ոմանք նրան նույնիսկ թեթևակի անհավասարակշռվածության պոռթկումներ ենք արտոնում: Հաճույքով նկատում եմ, որ նախկին «մի կողմից ….. մյուս կողմից» փափուկ մեթոդաբանությանը վերջին տարիներին փոխարինելու է գալիս ավելի վեկտորական և տեղ հասցնող լուծումների որոնումները:
    Դե ինչ, սիրելի «Առավոտցիներ», տեր կանգնեք Ձեր առաքելությանը և օգնեք, որ մեր փոքրիկ նավակը հասնի ծովին կապուտակ:

  4. Gohar says:

    «Առավոտ»-ին և նրա ողջ թիմին, ընթերցողներին, որոնց հետ երբեմն քննարկում ենք Պ-ն Աբրահամյանի անկողմնակալ առաջնորդող հոդվածները, ցանկանում եմ երկար կյանք եվ բարգավաճում ։ Նելլի Գրիգորյանին գրեցի, որ Ծննդյան Տորթ եմ պարտք մնում ։ 48 տարեկանից իմ հավատարիմ բարեկամին ։ Պայծառ առավոտներ բոլորիս։ Շնորհակալություն ապրեցնելու համար։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031