Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում COP29-ի կազմակերպիչներին` վերանայել իրենց որոշումը և միջոցառումը տեղափոխել այնպիսի մի երկիր, որը համապատասխանում է COP-ի արժեքներին և նպատակներին. Իրավաբանների հայկական ասոցիացիա

Հուլիս 31,2024 23:30

Իրավաբանների հայկական ասոցիացիայի  հայտարարությունը COP29-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ

 

Իրավաբանների հայկական ասոցիացիան խորը մտահոգությամբ է արձագանքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաշխարհային 29-րդ համաժողովը («COP29») 2024թ նոյեմբերի 11-ից նոյեմբերի 22-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ որոշմանը։

Մենք այս որոշումը անհամատեղելի ենք համարում COP-ի նպատակների և արժեքների հետ՝  հիմք ընդունելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական հարցերում Ադրբեջանի դրսևորած շարունակական անպատասխանատու վարքագիծը հետևյալ ոլորտներում։

  1. Մարդու իրավունքների խախտումներ. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և քաղաքացիների հանդեպ բռնությունները լրջագույն խնդիրներ են: Այս երկրում ազատ խոսքի, մամուլի և հավաքների ազատությունները լրջորեն սահմանափակված են, ինչը հակասում է COP-ի նպատակներին ու արժեքներին Human Rights Watch-ի 2023 թվականի զեկույցի համաձայն, Ադրբեջանում շարունակվում են քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների և ակտիվիստների հետապնդումներն ու ձերբակալությունները:

 

  1. Բնապահպանական անպատասխանատվություն. COP-ի հիմնական նպատակներից են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը և կայուն զարգացման խթանումը: Սակայն Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն ու գործողությունները հակասում են այս նպատակներին: Մասնավորապես, Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս նավթի և գազի ոլորտի գերակշիռ դերը երկրի տնտեսության մեջ: 2022 թվականի  պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ երկրի ՀՆԱ-ում նավթի և գազի ոլորտի մասնաբաժինը կազմում էր 47,8%։

Այս ցուցանիշները վկայում են հանածո վառելիքից երկրի տնտեսության ծայրահեղ կախվածության մասին, ինչը հակասում է COP-ի՝ կանաչ տնտեսության անցման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներին:

Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2023»-ում Ադրբեջանը 2024 թվականին ունի 23 միավոր, ինչը նշանակում է, որ 180 երկրների շարքում երկիրը զբաղեցնում է 154-րդ տեղը՝ ցույց տալով կոռուպցիայի բարձր մակարդակ։ Սա կասկածի տակ է դնում երկրի՝ բնապահպանական խնդիրները արդյունավետ լուծելու, ինչպես նաև երկրի՝ COP-ի թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հետևելու կարողությունը:

Ավելին, Կասպից ծովի էկոհամակարգը պոտենցիալ վտանգի տակ է Ադրբեջանի նավթարդյունաբերության պատճառով: Թեհրանի կոնվենցիան (Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիա) սահմանում է բարձր ստանդարտներ Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության համար, ներառյալ նավթային արտահոսքերի և արդյունաբերական թափոնների կանխարգելումը: Սակայն, Ադրբեջանի կառավարության կողմից այս ստանդարտների պահպանման վերաբերյալ հրապարակային աղբյուրներում մանրամասն հաշվետվություններ կամ ապացույցներ չեն հայտնաբերվել: Սա բարձրացնում է մտահոգություններ Կասպից ծովի կենսաբազմազանության և ձկնային պաշարների պաշտպանության վերաբերյալ:

  1. Ժողովրդավարության բացակայություն. Ադրբեջանում ժողովրդավարության ինստիտուտները համակարգային լուրջ խոչընդոտների են հանդիպում: Ժողովրդավարական սկզբունքների և թափանցիկ կառավարման բացակայությունը կասկածի տակ է դնում COP-ի որոշումների արդարությունն ու թափանցիկությունը: Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2023» զեկույցում Ադրբեջանը դասակարգվել է որպես «ոչ ազատ» երկիր՝ 100-ից ստանալով ընդամենը 9 միավոր:

 

  1. Տարածաշրջանային անկայունություն և ագրեսիվ քաղաքականություն. Ադրբեջանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում շարունակում է մտահոգություններ առաջացնել միջազգային հանրության շրջանում և հակասում է COP-ի խաղաղ համագործակցության գաղափարին: ՄԱԿ-ի տարբեր մարմիններ և միջազգային կազմակերպություններ շարունակում են մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առկա լարվածության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն իր վերջին զեկույցում անդրադարձել է տարածաշրջանում մարդու իրավունքների իրավիճակին:

Միջազգային կազմակերպությունների կողմից փաստագրվել են Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման դեպքեր ևս: Օրինակ, Human Rights Watch-ը հաստատել է կասետային զինամթերքի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում:

  1. Կլիմայական ֆինանսավորման թափանցիկության բացակայություն. Transparency International-ի հայտարարությունը (որը վերաբերում է լոբբինգի և ազդեցության ոլորտներում թափանցիկության ու բարեվարքության ապահովմանը) ցույց է տալիս, որ կլիմայական ֆինանսավորման գործընթացներում հաճախ բացակայում է հանրային մասնակցությունը, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի աճին: Ադրբեջանում կոռուպցիան համակարգային է, ինչը հաստատվել է միջազգային հետաքննությունների արդյունքներով: Մասնավորապես, «Պանամյան փաստաթղթերը» բացահայտեցին Ադրբեջանի իշխող էլիտայի օֆշորային գործարքները: Հանքարդյունաբերության ոլորտում ևս բացահայտվել են կոռուպցիայի լուրջ դեպքեր, ինչպես ցույց է տալիս ԱՄՆ Արդարադատության նախարարության Արտասահմանյան կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի (FCPA) ուղեցույցը։

Հաշվի առնելով վերոգրյալը կոչ ենք անում՝

  1. COP29-ի կազմակերպիչներին վերանայել իրենց որոշումը և միջոցառումը տեղափոխել այնպիսի մի երկիր, որը համապատասխանում է COP-ի արժեքներին և նպատակներին:
  2. ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը (UNFCCC) վերանայել COP29-ի անցկացման վայրի ընտրության չափանիշները՝ հաշվի առնելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական պատասխանատվության գործոնները:
  3. Միջազգային հանրությանը և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարձրաձայնել Ադրբեջանում COP29-ի անցկացման հետ կապված մտահոգությունները և պահանջել թափանցիկություն ու հաշվետվողականություն այս գործընթացում:
  4. Հայաստանի կառավարությանը՝ դիվանագիտական ուղիներով բարձրացնել այս հարցը միջազգային ատյաններում և պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերում:
  5. Ապահովել կլիմայական ֆինանսավորման թափանցիկությունը և հանրային վերահսկողությունը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:
  6. Ներգրավել տեղական համայնքներին և խոցելի խմբերին կլիմայական ֆինանսավորման որոշումների կայացման գործընթացներում՝ ապահովելով, որ ոչ ոք չմնա անտեսված:

Հայաստանի Իրավաբանների հայկական ասոցիացիան պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու COP29-ի անցկացումը մի վայրում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ նպատակներին:

Հայտարարությունը ընդունվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031