Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի էջը մեզ համար շրջված չէ. Վազգեն Յակուբյան

Հուլիս 31,2024 23:23

Շոգ ամառ էր, «Նիվայի»  հետեւի նստատեղին 3 հոգով խցկված գնում էինք Սեւան: Ճանապարհին զարմուհուս ասացի՝ Նազո, մի բան ասեմ,  բայց վրաս հանկարծ չծիծաղես։

Այնպիսի զգացում ունեմ՝ կարծես թե այս բլուրները հետս կխոսան…

Հակոբ Հակոբյանի կտավները ասես աչքիս առաջ լինեին։

1994 թվականն էր։ Առաջին անգամ էի Հայաստանում։ Այն ժամանակ պատկերն այլ էր…կարելի է ասել երկրում ոչինչ չկար…

Բայց  Հայաստանի հետ առաջին հանդիպումը, կարող եմ ասել, սեր էր առաջին հայացքից, որը ձգվում է արդեն 3 տասնամյակ։

30  տարի առաջ տեսած պատկերը Վազգեն Յակուբյանը հիշում է ճիշտ այսօրվա պես։ 

Առաջին այցից  մոտ 18 տարի անց  նա ընտանիքի հետ հաստատվեց Հայաստանում։  2015-ից Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի նախագահն է: 2006 թվականից ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ է։ 

Եկար, տեսար, սիրեցիր նորովի 

Հայաստանը ճիշտ ընկալելու, այն զգալու համար անպայման պիտի Հայաստան այցելես։ Սեփական փորձով եմ համոզվել։

Իսկ երբ հեռանում ես այստեղից, ավելի ուժգին ես սիրահարվում։

Կարող եմ ասել,  որ Սփյուռքում ապրող երիտասարդների սերը Հայրենիքի հանդեպ այլ բնույթ է ստանում, Հայաստանի հետ յուրատեսակ կապ է ձեւավորվում, հենց որ տարիներով լսածը նրանք  տեսնում  են ու զգում։

Դա հաշվի առնելով՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը աշխարհի տարբեր անկյուններից Հայրենիք է բերում Սփյուռքում ապրող  բազմաթիվ  երիտասարդների։

Այն, ինչ Հայաստանում  ես զգում, դժվար է բառերով նկարագրել։ Երբ երիտասարդները վերադառում են  իրենց համայնքներ,  նոր  ոգեւորությամբ ու սիրով են սկսում աշխատել  հանուն հայրենիքի  ու հայապահպանության։

Ո՛չ աշխատանք՝ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆ

Իմ նախնիները, որոնք Մարաշից էին գաղթել Դամասկոս,  Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ էին։ Նախ պապս, հետո՝ հայրս, ապա նաեւ՝ ես։

Ես ու ինձ նման հարյուրավորները ՀԲԸՄ գաղափարների մեջ են  ծնվել ու մեծացել։ Միջին Արեւելքի հայ գաղութներում նույնիսկ սովորություն կար. երբ երեխա էր ծնվում կա՛մ նույն օրը, կա՛մ՝  հաջորդ օրը նրան գրանցում էին ու գրանցում  որպես Միության անդամ։

Հայկական բարեգործական ընդհանուր միության փիլիսոփայությունը արյան մեջ է։ Այն փոխանցվում է սերնդեսերունդ։

Բարեգործական միության անդամներից շատերը  կամավորական սկզբունքով են  աշխատում։ Աշխատակազմը  շատ  փոքր է։

Ազգապահպանությունը առաքելություն է, որին հավատում է ՀԲԸՄ յուրաքանչյուր անդամ։

Կինս հաճախ կատակում  է, որ իր մրցակիցը Բարեգործական միությունն է։ Սա առաքելություն է, որը պահանջում է սեր, նվիրում ու ժամանակ։

Ծրագրերը փոխվում են, փիլիսոփայությունը հաստատուն է

Միության ամենաուժեղ կողմերից մեկը ճկունությունն է: ՀԲԸՄ-ն ունի հնարավորություն, գիտակցություն ու որ  ամենակարեւորն է  քաջություն բեկումնային ու կարեւոր իրավիճակներում արագ  կողմնորոշվելու  ու համապատասխան արձագանք տալու  համար։ Այդ ճկունությունը կարող  եմ ասել, որ կա նաեւ մեր  ակտիվ երիտասարդների շնորհիվ։ Սա կառույց է, որտեղ միախառնվում է հինն ու  նորը, ազգայինն ու առաջադեմը, հայկականն ու համաշխարհայինը։

Միության ծրագրերը  սկսվել են Ցեղասպանությունից  առաջ, շարունակվել դրանից հետո ու մինչեւ  այսօր։ Կախված  իրավիճակից՝ ծրագրերը փոխվում  են, փիլիսոփայությունը հաստատուն է։

Դիտորդի դերը մեզ համար չէ 

Հայկական բարեգործական ընդհանուր միության համար բեկումնային  կետ  էր  Հայաստանի անկախությունը։  Չնայած որ  Միությունը գործել էր նաեւ Սովետական Հայաստանի տարիներին, բայց անկախությունից հետո նոր  իրողություն էր, որ  իրավիճակ, պատմության նոր  էջ։ Հիշում եմ՝  Ֆլորիդայում մեծ ժողով ունեցանք ու որոշեցինք, որը ՀԲԸՄ այլեւ սփյուռքյան կառույց չպետք է դիտվը։

Մինչեւ անկախությունը Միության հիմնական նպատակը Սփյուռքում մեր  ինքնության պահպանումն էր։ Անկախությունից հետո մտածում էինք, որ իրավիճակը կփոխվի, ենթադրում էինք, որ դրա երաշխավորը պիտի Հայաստանը լինի, բայց այսօր կրկին լուրջ մարտահրավերներ առաջ ենք, եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը չի կարող դիտորդի դերում լինել։  Մշակում ու իրականացնում ենք կրթական, մշակութային, մարդասիրական, սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրեր Հայաստանում  ու Սփյուռքում։ Ծրագրերը  ծնվում են վերից՝ վար եւ հակառակը։

Երբեմն ղեկավար մարմնից է սկիզբ առնում գաղափարը,  հաճախ էլ՝ հակառակը։ Բայց հիմնականում ՝  ծրագրերը  մշակվում են ըստ կարիքի։ Նախ կարիքի գնահատում է արվում, հետո մշակվում է ծրագիրը։ Եթե Սփյուռքում հենց Միությունն է իրականացնում ծրագրերը,  ապա Հայաստանում երեք տարբերակով  կա։ Իրականացնում է միությունը, համատեղ է արվում այլ կառույցի հետ  կամ էլ մենք միայն  ֆինանսավորում ենք։

Արցախի էջը մենք չենք շրջել 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ու իրականացնում Արցախի համար։ Արցախի էջը մեզ համար շրջված չէ։

Այսօր էլ մեր ուշադրության կենտրոնում արցախցիներն են։ Նրանց համար բազմաթիվ ծրագրեր ունենք՝ կրթականից մինչեւ սոցիալ-տնտեսական։

Բայց ի վերջո փորձում ենք սովորեցնել, օգնել, որ մարդիկ կարողանան արժանապատիվ կյանքով ապրել։ Անընդհատ «ձուկ տալ հնարավոր չէ, պետք է սովորեցնել ձուկ որսալ» մեր մոտեցումը սա է։

Մենք փորձում ենք զարգացնել արցախցիների հմտությունները, վերապրոֆիլավորել նրանց, որ նոր իրավիճակում նոր կյանք սկսելու մեծ դժվարությունները չունենան։  ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում  նաեւ Արցախի մշակույթն  է։ Աջակցում ենք Կամերային ու Ջազ նվագախմբերին։

Արցախցիներին օգնելու ցանկությունը անցած տարի մեզ միավորեց մի քանի գործընկեր կառույցների հետ։  Աֆեյան հիմնադրամը,  Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայ Օգնության Ֆոնդը, Հովնանյան ընտանիքի և Թուֆենկյան հիմնադրամները ՀԲԸՄ-ի հետ ստեղծեցին կոալիցիա՝ հանուն արցախահայության օգնության։

 Հանուն հայկականության կրակի պահպանման

Մեզ համար մտահոգություն է եղել ու մնում ոչ միայն արտագաղթը,  այլեւ Սփյուռքի հայերի ինքնության պահպանման հարցը։

Սփյուռքում  հայության ակտիվ կորիզը 10 տոկոսն է։ Մենք փորձում ենք ծրագրեր մշակել մնացած 90 տոկոսին հասնելու համար։ Մեր նպատակը հայկականության հուրը վառ պահելն է նրանց մեջ։

Միշտ ասում ենք՝  երանի գա այն օրը, որ մեր կառույցի կարիքը այլեւս  չլինի։ Բայց այսօր էլ արագ փոփոխվող աշխարհում հայապահպանությունը, մեր մշակութային ժառանգության ու ինքնության պահպանումը դեռեւս մարտահրավեր է։

 

Արփի Մուրադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031