Այսօր Հակակոռուպցիոն դատարանում էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի՝ կոռուպցիոն չարաշահումների գործով դատական նիստն էր:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Քերոբյանն իր տեղակալի միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված:
Այսօրվա նիստում Քերոբյանը դատավոր Մերի Մոսինյանին խնդրեց, որ իր խափանման միջոցը, այն է՝ երկրից հեռանալու արգելքը հանվի ու միջնորդությունը քննվի հրատապ. «Քանի որ իմ տղան ընդունվել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարան եւ ըստ էության միակ մարդը, ով կարող է նրան ուղեկցել, ես եմ, ուստի խնդրում եմ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը քննել հնարավորինս շուտ, որպեսզի մենք կարողանանք օգտվել այդ հնարավորությունից ու եթե դատարանը հարկ համարի, ես կարողանամ ուղեկցել իմ որդուն՝ ճամփորդության միջոցով»:
Դատավորն ասաց, որ հավելյալ նիստ կհրավիրեն այդ միջնորդության վերաբերյալ եւ նախապես կծանուցեն:
Կարդացեք նաև
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանն ասաց, որ Անի Իսպիրյանի ձերբակալությունից հետո մոլորեցնող հարցերի եւ մոլորեցնող փաստերի արդյունքում դատախազությունը կարողացել է ստանալ «գլխավոր բառակապակցությունը»՝ Անի Իսպիրյանն ասի, որ ամեն ինչ արել է իր՝ Քերոբյանի մասնակցությամբ ու նրա հանձնարարությամբ. «Սակայն փետրվարի 5-ի ցուցմունքում Անի Իսպիրյանն ասել է, որ նախորդ երկու ցուցմունքները մեծ մասամբ հիմնված են եղել ենթադրությունների ու տրամաբանության վրա, ու ունեն բազմաթիվ սխալ փաստերի արձանագրումներ։ Ուստի խնդրել է, որ այդ երկու ցուցմունքները այսպես ասած հաշվի չառնեն: Փետրվարի 5-ից սկսած՝ ինքը տվել է այն ցուցմունքները, որոնք համապատասխանում են իրականությանը: Ինքը մի քանի անգամ նշել է, որ այն ամենը, ինչ արել է, արել է սեփական խղճով, սեփական մտքով եւ սեփական որոշումների կայացմամբ: Անի Իսպիրյանը նաեւ կատարել է իմ խորհուրդներից տարբերվող գործողություններ: Ժամանակ առ ժամանակ եկել ինձանից խորհուրդ է հարցրել, կատարել է այն, ինչ ճիշտ է գտել»:
Թե ինչն է եղել պատճառը, որ Անի Իսպիրյանի նախորդ երկու ցուցմունքները «սխալ» են եղել՝ Քերոբյանը պատասխանեց, որ նա ասել է՝ քանի որ անփորձ է եղել, որոշակի ցուցմունքներ տվել է ենթադրություններից ելնելով. «Դատախազությունը եւ Քննչական կոմիտեն հաշվի չեն առել այդ հանգամանքը եւ ամբողջ մեղադրանքի կառուցումը իմ նկատմամբ հիմնված է եղել հունվարի 31-ի եւ փետրվարի 2-ի իմ դեմ տրված ցուցմունքների վրա: Փաստական հանգամանքները 99%-ով հակառակն են ապացուցում, ցույց են տալիս, որ ես միշտ խրախուսել եմ մրցակցությունը, խրախուսել եմ օրինականությունը, միշտ պահել եմ օրինականության»:
Հարցին՝ ինչո՞ւ այս գործում որպես մեղադրյալ մնացիք դուք եւ Աշոտ Հովհաննիսյանը, քանի որ ի սկզբանե 8 մեղադրյալ է եղել, 6-ի նկատմամբ գործը կարճվել է՝ զղջալու հիմքով՝ նա պատասխանեց. «Երեւի թե մեր երկուսի համար անմեղությունը պնդելը անհամեմատ ավելի արժեքավոր է: Օրինակ, Անի Իսպիրյանը ես գիտեմ, որ շտապում էր Նիդերլանդներ, որտեղ իր ամուսինն էր արդեն 4 ամիս աշխատում, իր համար շատ կարեւոր էր միանալ իր ամուսնուն, քան թե Հայաստանում պայքարել իր անմեղության համար: Տարբեր մարդիկ տարբեր որոշումներ են կայացնում, որոշ մարդիկ կայացրել են որոշում ինչքան հնարավոր է քիչ ծախսի ռեժիմով գնալ առաջ: Մենք կարծում ենք, այս մեղադրանքը ոչ միայն ապօրինի է, այլ նաեւ անհիմն եւ անիրավ է, իրավաչափ չի, նաեւ անարդար է, հետեւաբար մենք կպայքարեք մեր անմեղության համար»:
Երբվանի՞ց խզվեցին Քերոբյանի եւ այս իշխանությունների հարաբերությունները՝ նա այսպես է բացատրում. «Հիմնական խնդիրը եղել է այն, որ ես գործել եմ մաքսիմալ անկախ եւ իմ գլխավոր նպատակը եղել է կառավարության ծրագրի իրագործումը: Ես բնականաբար թիմի անդամ եմ, բայց թիմը համախմբված է կառավարության ծրագրի շուրջ եւ եթե թիմի որոշ անդամներ շեղվում են այդ օրակարգից, ես բնականաբար չեմ կիսել այդ շեղումը եւ դրա արդյունքում առաջացել է զեղում մոտեցումների կամ ուղղությունների միջեւ, որը բերել է հակասությունների խորացմանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ