Եգիպտացի սուսերամարտիկ Նադա Հաֆեզը Փարիզի օլիմպիական խաղեր ժամանել էր յոթ ամսական հղի վիճակում: Թրասուսերակրուհին, սակայն, 1/8 եզրափակիչ փուլից պայքարից դուրս մնալուց հետո հպարտորեն հայտարարել է, որ մրցուղում իրականում եղել է երեք հոգի՝ ինքը, մրցակիցը եւ իր դեռ չծնված երեխան: Ի դեպ, Նադա Հաֆեզը մասնագիտությամբ բժիշկ է:
Հղիությունը հիվանդություն չէ: Սակայն այդ վիճակում մեկնարկի ելնող պրոֆեսիոնալ մարզուհիների մտածելակերպը հաճախ զարմանք, չհասկացվածության զգացում է առաջացնում: Այդպիսիք անգամ, ենթարկվում են քննադատության: Չէ՞ որ այդ վիճակում մարզուհին մեծ ռիսկի է դիմում՝ վտանգելով իր եւ պտղի կյանքը: Առավել եւս, որ հղիությունն ու պրոֆեսիոնալ սպորտը անհամատեղելի են համարվում:
Ցանկացած պրոֆեսիոնալ մարզուհի ինչ-որ մի օր կանգնում է ընտրության առջեւ. հրաժարվե՞լ կյանքի գլխավոր մրցումից, որին պատրաստվել ես երկար ու ձիգ տարիներ, թե՞ հակառակ ամեն ինչի, ելնել մեկնարկի: Ի դեպ, ոմանք այդպիսի հարցադրում ընդհանրապես չեն անում, այլ պարզապես փորիկով մտնում են վազքուղի կամ խաղահրապարակ: Ու պատահում է նաեւ, որ մեդալ են նվաճում, հաղթում են:
Կարդացեք նաև
ՄՕԿ-ի պաշտոնական կայքում բացի օլիմպիական խաղերից նաեւ այլ մրցումներում մեդալ նվաճած հղի մարզուհիների տեսահոլովակ կա 12 ամենատարբեր մարզաձեւերում, այդ թվում՝ այնպիսի, որոնք, կարծես հղիության հետ չեն համատեղվում. սկելետոն, հոկեյ, շորթ-տրեկ: Ընդ որում, այդ կանայք հղիության վաղ, դեռեւս չերևացող շրջանում են եղել: Բայց նաեւ այլ օրինակներ կան:
Օրինակ, Քրիստի Մուրը հղիության հինգերորդ ամսում կյորլինգի Կանադայի հավաքականին օգնել է 2010 թվականին Վանկուվերում արծաթե մեդալ նվաճել: Գերմանացի նետաձիգ Կոռնելիա Պֆոլը երկու անգամ օլիմպիական խաղերին մասնակցել է հղի վիճակում: 2000-ին Սիդնեյում հղիության առաջին շաբաթների ընթացքում նա նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 2004-ին Աթենքում, երբ յոթ ամսական հղի էր, մեդալային պայքարին չի հասել:
Օրինակները բազմաթիվ են: Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչի՞ց դրդված են կանայք այդպես վարվում: Պատճառները շատ են, սակայն հիմնականը փողն է: Ու այստեղ երկիրը նշանակություն չունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ