Հունիսի 30-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) ամփոփեց ԳՏՃՄ ոլորտի կանանց ձեռնարկատիրական ներուժը բացահայտող «Նորարար կանայք» կամ «Women Innovators» (WIN) ծրագիրը՝ հավաստագրեր հանձնելով 51 լավագույններին։
2,5 ամսյա անվճար դասընթացների ընթացքում մասնակից ավելի քան 100 կանայք՝ իրենց ոլորտում առաջատար 16 մասնագետի հետ միասին, ունեցան 22 թեմատիկ դաս՝ ծանոթանալով բիզնես հաղորդակցության, հետազոտական առաջնորդության, թիմի կառուցման, գաղափարի ձևավորման ու առաջխաղացման համար անհրաժեշտ հմտությունների։
Ամփոփելով մասնակիցների անցած ուղին ծրագրի ղեկավար Լարիսա Ավետիսյանը նշել է․ «Մեզ համար կարևոր էր ինքնաճանաչման և բիզնես մտածելակերպի զարգացման ուղղությամբ մոդուլների ընդգրկումը ծրագրում, ինչի շնորհիվ այսօր ունենք բազմաթիվ ոգեշնչող պատմություններ։ Ուրախալի է տեսնել, որ մասնակիցները զգում են փոփոխությունը, չեն վախենում հավակնոտ նպատակներ առաջ քաշելուց և վստահորեն ներկայացնում են դրանք բաց հարթակներում, ինչպես՝ օրերս արեցին դա FemInno-ում»։
Դասընթացավարներից՝ STAN-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Օսիպյանը կարևորեց․ «Հայաստանի գիտահետազոտական կենտրոններ այցելելիս՝ հաճախ տեսնում ենք, որ թիմերի մեծ մասը կանայք են, որոնք ունենալով նորարարական մեծ ներուժ, հազվադեպ են ներկայացված ստարտափ համայնքում։ Կանանց ներգրավմանը խոչընդոտող մի շարք բացերի լրացմանն էլ ուղղված է WIN-ը։ Այստեղ մասնակիցները ծանոթացել են ստարտափ բառապաշարին, պատկերացում կազմել ինկուբացիոն, ակսելերացիոն ծրագրերի մասին ու ինքնավստահություն ձեռք բերել դրանցում իրենց գաղափարներով ներկայանալու համար»։
WIN-ի մասնակիցներից Երանուհի Արսենյանն էլ կարևորել է այն ձեռքբերումները, որոնք ունեցել է ծրագրին մասնակցելով․ «Ծրագիրը թույլ տվեց բացահայտել իմ ներուժը ձեռնարկատիրության և առաջնորդության ոլորտում։ Հասկացա, որ շատերի համար ինքս կարող եմ առաջնորդ լինել։ WIN-ը օգնեց ինձ մտածել նոր նպատակների սահմանման մասին, համակարգել դրանց հասնելու գործընթացը և հասկանալ՝ ինչպես կառավարել ռեսուրսներս ու մնալ մոտիվացված»։
«Նորարար կանայք» ծրագիրն իրականացվել է FAST-ի նախաձեռնությամբ և Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ։
FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։