Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «Կո՞ղմ եք ՀՀ Սահմանադրության փոփոխությանը» հարցադրումը սխալ ձևակերպված

Հուլիս 31,2024 19:24

Այսօր հաճախ ենք հանդիպում «Կո՞ղմ եք ՀՀ Սահմանադրության փոփոխությանը» և նույնաբովանդակ այլ հարցումների։ Այս հարցը, սակայն, իրականում «Կո՞ղմ եք ՀՀ Սահմանադրության նախաբանից Անկախության մասին հռչակագրի հղումը հեռացնելուն» հարցն է իր մեջ պարունակում։

Կարևոր է տարանջատել այս երկու հարցերը, քանի որ այսօր թյուր տպավորություն է ստեղծվում, թե այն մարդիկ, որոնք հավատում են, որ մեր պետության մայր օրենքն անհրաժեշտ է որոշակի փոփոխությունների ենթարկել, հավատում են նաև, թե պետք է փոփոխության ենթարկել Սահմանադրական դատարանի 1590 որոշման 5.2.ա կետով  սահմանադրական անփոփոխելի դրույթ ճանաչված Սահմանադրության նախաբանը, որտեղ էլ հղում է արվում 1990-ին ընդունված պատմական Հռչակագրին։

Սահմանադրության համաձայն՝ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։

Սահմանադրության մեջ տեղ գտած մարդու և քաղաքացու հիմնական  իրավունքներն ու ազատությունները լիովին համապատասխանում են 18-րդ դարի մարդ/քաղաքացի-պետություն լուսավորչական մի շարք փիլիսոփաների պատկերացումներին։ Այս իմաստով կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր երկրի հիմնական օրենքը անթերի է կամ մոտ է այդպիսին լինելուն։

Սակայն, մեր Սահմանադրության խնդիրը վերաբերում է իշխանական բուրգի երեք թևերի բաժանմանը և հավասարակշռմանը։

Առաջին հայացքից կարող է այսպես չերևալ, սակայն Հայաստանի Սահմանադրությունը գործադիր իշխանությանը, ավելի ուղիղ ասած՝ վարչապետին օժտում է գրեթե անսահմանափակ լիազորություններ։

Միգուցե տեսական առումով Սահմանադրության հեղինակները փորձել են կանխել վարչապետական միանձնյա իշխանության առաջացումը՝ ներառելով խորհրդարանական վերահսկողության և վարչապետին անվստահություն հայտնելու մեխանիզմերը, սակայն միանձնյա իշխանությունից շատ դժվար է խուսափել, երբ խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի իսկ գլխավորած քաղաքական ուժն է։

Այսպիսով, Ազգային Ժողովը որևէ շոշափելի ձևով չի կարող հակակշռել գործադիր իշխանությանը։

Լուրջ հավասարակշռում կամ հակակշռում ակնկալել պետական անկախ պաշտոնյաներից կամ մարմիններից և դատական իշխանությունից նույնպես անիրատեսական է, քանի որ Գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները (որոնց առաջարկությամբ նշանակվում են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորները), Սահմանադրական դատարանի դատավորները, Վճռաբեկ դատարանի դատավորները և վերջապես Հանրապետության նախագահը չեն կարող ընտրվել, եթե չեն վայելում իշխող մեծամասնության հավանությունը, որը, ինչպես նշեցինք, վարչապետի՝ գործադիր իշխանության ղեկավարի գլխավորած կուսակցությունն է։

Այսպիսով, ակնհայտ է, որ գործող Սահմանադրությունը քաղաքական կայացած համակարգ և կայացած կուսակցություններ չունեցող Հայաստան պետության համար բավականին խնդրահարույց է։ Այս խնդիրը չի լուծվի իշխանափոխությամբ։ Հաջորդ վարչապետը նույնպես կարող է միանձնյա իշխան դառնալ։ Իսկ ի՞նչ լուծումներ կան։

Թեպետ կիսանախագահական համակարգում իշխանության թևերի բաժանումն ու հավասարակշռումն ավելի ընդգծված են, այնպես էլ չէ, թե վերադարձը այդ համակարգին երաշխավորում է միանձնյա կառավարման անհնարինություն։ Ի վերջո, այդ համակարգի օրոք էլ մեր երկիրը հեռու էր իշխանությունների տարանջատումից կամ անկախ պաշտոնյաների կամ մարմինների՝ գործադիրից բավարար չափ անկախ լինելուց։

Այսինքն, միանձնյա կառավարումից խուսափելու հարցում ոչ այդքան էական է կառավարման համակարգը, այլ քաղաքական կամքը։ Նախ անհրաժեշտ է, որ քաղաքական առաջնորդները ձեռնպահ մնան բացարձակ միապետություններին նմանվող վարվելակերպից։

Հիմա սահմանադրական լուծումների մասին։ Եթե Հայաստանը շարունակի մնալ խորհրդարանական հանրապետություն, անհրաժեշտ է գործադիր իշխանությանը և իշխող մեծամասնությանը հակակշռել Հանրապետության նախագահի միջոցով, ինչը նշանակում է, որ պետք է ոչ միայն ընդլայնել նախագահական լիազորությունները, այլ նաև այդ պաշտոնին նշանակել այնպիսի մարդու, որն ունի քաղաքական նախաձեռնողականություն։

Որպեսզի նա անկախ լինի օրվա իշխանությունից, կարելի է դիտարկել Հանրապետության նախագահին, այսինքն՝ պետության գլխին ժողովրդի քվեարկությամբ ընտրելու հնարավորությունը։

Իսկ ինչպե՞ս երաշխավորել պետական անկախ պաշտոնյաների և մարմինների անդամների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների և Վճռաբեկ դատարանի դատավորների հարաբերական անկախությունը օրվա իշխանությունից։

Թե՛ նախագահական, թե՛ կիսանախագահական, թե՛ խորհրդարանական համակարգերի դեպքում, մենք պետք է լրջորեն դիտարկենք երկպալատ խորհրդարան ունենալու հեռանկարը։ Ահա մի հատված «Երկպալատ խորհրդարանը կկանխի մեծամասնության բռնապետությունը» հոդվածից, որի գլխավոր ասելիքին ծանոթանալու համար անհրաժեշտ է այն ամբողջությամբ կարդալ։

«Հայկական խորհրդարանի ստորին պալատը կլինի Ազգային ժողովը՝ կազմված առնվազն 101 պատգամավորից (ինչպես այժմ պահանջում է Սահմանադրությունը), կընտրվի ժողովրդի կողմից առավելագույնը 5 տարի ժամկետով: Ազգային ժողովը կընտրի վարչապետ, որն էլ կկազմի գործադիր իշխանությունը: Վարչապետը և կառավարության անդամները կպաշտոնավարեն, քանի դեռ վայելում են Ազգային ժողովի վստահությունը:

Վերին պալատը (պայմանական կոչենք Սենատ), կազմված կլինի 20-30 սենատորից, որոնց կընտրեն յուրաքանչյուր մարզի համայնքների ավագանինների համաձայնեցմամբ (Սյունիքի մարզի համայնքների ավագանիները համատեղ որոշմամբ պայմանական ասած Պողոս Պողոսյանին և Պետրոս Պետրոսյանին կընտրեն սենատոր իրենց մարզից), որոնք կպաշտոնավարեն ավելի երկար՝ օրինակ՝ 8 կամ 9 տարի ժամկետով: Դատավորներին, Սահմանադրական դատարանի դատավորներին և դատական իշխանության մնացյալ ներկայացուցիչներին կընտրի Սենատը»:

Դատավորներին, Սահմանադրական դատարանի դատավորներին և դատական իշխանության մնացյալ ներկայացուցիչների թվին կարելի է ավելացնել ավելի վաղ նշված պետական անկախ պաշտոնատար անձանց և անկախ մարմինների անդամներին։

Ամփոփելով, մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու՝ հակասահմանադրական գաղափարը պետք չէ նույնացնել սահմանադրական փոփոխություններ կատարելու գաղափարի հետ։

ՀՀ Սահմանադրության՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման մեխանիզմները թերի են։ Դրանք չեն ծառայում իրենց նպատակին և ստեղծում են միանձնյա կամ միակուսակցական իշխանության իրական վտանգ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031