Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Քոլոյանը նշանակվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն

Հուլիս 31,2024 17:22

Հուլիսի 31-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի նիստ՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակելու մասին հարցը քննարկելու նպատակով։

Հիմք ընդունելով Հանրային հեռարձակողի խորհրդի 2024 թվականի հուլիսի 29-ի № 52-Ա որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրային հեռարձակողի խորհրդի 2024 թվականի հուլիսի 29-ի № 52-Ա որոշմամբ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմեն Քոլոյանը, որը համապատասխանում է կիրառելի իրավական ակտերով սահմանված՝ մրցույթին մասնակցելու և Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ պահանջներին, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդիսանում է Ընկերության կառավարման մարմինը և Հանրային հեռարձակողի խորհրդին են վերապահված Ընկերության հիմնադրի անունից հանդես եկող լիազորված մարմնի իրավասությունները՝ Խորհուրդը որոշել է Արմեն Քոլոյանին 2024 թվականի օգոստոսի 8-ից նշանակել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն՝ 5 տարի ժամկետով:

Արմեն Քոլոյանի համառոտ կենսագրությունը.

Ծնվել է 1957 թվականին Երևանում, 1974-ին ավարտել է թիվ 71 միջնակարգ դպրոցը, 1979 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը: 1980-ական թվականներից աշխատել է ԶԼՄ-ներում: Լրագրողական կենսագրության հիմնական մասը կապված է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ, որտեղ աշխատել է 1993 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հուլիս: Այդ ընթացքում լուսաբանել է միջազգային իրադարձությունները, վարել է լրատվական թողարկումները, մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական կյանքը, պատրաստել է նաև երաժշտական, մշակութային և մարզական թեմաներով հեղինակային ռադիո և վիդեոծրագրեր: Պրահայում հայկական շաբաթօրյա դպրոցի համահիմնադիրն է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Հանրային հեռարձակողի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031