«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեռևս 2024 թ. ապրիլի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Տավուշի մարզում տեղի ունեցած հուզումների ընթացքում կատարված՝ «Մարտական եղբայրության» անդամների առերևույթ ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ, երբ ԵԿՄ մեքենայի վարորդը փորձել էր ցուցարարների ուղղությամբ մեքենան քշելով բացել նրանց կողմից փակված ճանապարհը, բայց առերևույթ ձերբակալվել էին խաղաղ ցուցարարներն ու կապ չունեցող անձինք։ Միջադեպի ժամանակ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվածներից շատերը Տավուշում ենթադրյալ խուլիգանության կատարման ողջ ընթացքում ընդհանրապես գտնվել էին Երևան քաղաքում։
Հաշվի առնելով, որ դեպքի տեսագրությունները բազմաթիվ են, քննությանը չէր կարող հայտնի չլինել, որ նշված անձինք միջադեպի վայրում չէին եղել և Տավուշի մարզ էին եկել միջադեպից ժամեր անց, ինչն իր հերթին նշանակում է, որ իրենք ապօրինի էին ձերբակալվել։ Մեր կողմից ներկայացված հաղորդումը մնացել էր անհետևանք. ապօրինի ձերբակալության մասով վարույթ չէր հարուցվել, քննություն չէր իրականացվել։
Կազմակերպությունն ապօրինի ձերբակալության մասով ակտը բողոքարկել է դատախազություն, ապա դատարան, որն էլ ամբողջությամբ բավարարել է մեր բողոքը՝ ի ապահովումն արդար դատաքննության իրավունքի։
Այժմ, դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուն պես, իրավապահները պարտավոր են լինելու քննել «Մարտական եղբայրության» անդամների (նաև նախկին անդամների) ակնհայտ ապօրինի ձերբակալության հաղորդումը:
Կարդացեք նաև
Իրազեկ քաղաքացիների միավորում