Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հենց էդ խնդրի համար էլ 2 տարի 7 ամիս է նստած եմ»․ Մամիկոն Ասլանյանը՝ հարցաքննվող վկային

Հուլիս 31,2024 17:18

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով այսօր տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ վկա Ռուդիկ Վարոսյանի հարցաքննությունը։ Նա Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչ է։

Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը հարցրեց՝ այս ընթացքում Մամիկոն Ասլանյանի կողմից իր նկատմամբ որևէ ազդեցություն եղե՞լ է, նա պատասխանեց․ «Որևէ ազդեցություն, հանդիպում կամ հեռախոսազրույց տեղի չի ունեցել և չէր կարող ունենալ՝ գիտակցելով գործի լրջությունը»։

Ռուդիկ Վարոսյանը վստահեցրեց՝ համայնքապետարանը հետամուտ է լինելու, որ համայնքին պատճառված վնասը վերադարձվի համայնքին։

Պաշտպանն ասաց, որ տուժողի փոխարեն դատախազությունը որոշել է, որ համայնքին պատճառվել է բարոյական վնաս և հարցրեց՝ որպես համայնքի ներկայացուցիչ, կարո՞ղ է ասել՝ բարոյական վնաս պատճառվե՞լ է, թե՝ ոչ։ Ռուդիկ Վարոսյանը պատասխանեց․ «Համայնքը զրկվել է կոնկրետ ծածկագրով հողատարածքի նպատակային նշանակության օգտագործումից, բայց քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած իրավական ակտ, ես նպատակահարմար չեմ գտնում վնասի վերաբերյալ հայտարարություն անել»։

Արտակ Ոսկանյանն ասաց՝ տեղի են ունեցել հուղարկավորություններ, հուղարկավորությունների հետ կապված համայնքի ղեկավարը ձեռնարկել է օրենքով նախատեսված միջոցներ, իրականացրել վարչական վարույթ, իրավախախտների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, բայց մեղադրանքը առաջադրվել է այն հիմքով, որ անկախ նրանից, որ եթե դուք վարչական պատասխանատվության միջամտություն եք կիրառել, պետք է միջամտություն ձեռնարկեիք հետևանքները վերցնելու համար։

Այնուհետև հարցրեց՝ Մամիկոն Ասլանյանը 2021-ի հոկտեմբերից այլևս համայնքի ղեկավար չէ՝ տեղյա՞կ է՝ այդ հետևանքները մինչև այսօր վերացվա՞ծ են, քանի որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել, որ հետևանքները չեն վերացվել։ Փաստաբանն ասաց՝ եթե ապօրինի հուղարկավորություն է տեղի ունեցել, համայնքի ղեկավարի՝ հետևանքների վերացումն այն է, որ ընդամենը պետք է համայնքի ղեկավարի լիազորությունների մեջ՝ նպատակային հողատարածքի նշանակությունը փոխվի, իսկ եթե համաձայնություն չեն տալիս, ի՞նչ կարող է անել համայնքի ղեկավարը։ Վկան ասաց, որ մինչև հիմա այդ հարցը լուծված չէ․ սահմաններից դուրս հուղարկավորությունները խնդիր են համայնքի համար։ Մամիկոն Ասլանյանն էլ արձագանքեց․ «Հենց այդ խնդրի համար էլ երկու տարի յոթ ամիս է՝ նստած եմ»։

Մամիկոն Ասլանյանը նաև փաստեց՝ մեղադրյալներից մեկն այսօր համայնքի գլխավոր ճարտարապետն է ու ասաց․ «Եթե դուք հավաստիանայիք, որ ես կամ Աբովյանը կամ Հովհաննիսյան Արևհատը բարոյական վնաս կպատճառեինք համայնքին, հաստատ Աբովյանն այսօր քաղաքի գլխավոր ճարտարապետը չէր լինի։ Երկու անգամ նշանակալի հետևանք թողած ընտրություններում ես ու իմ թիմը հաղթանակ ենք տարել՝  նկատի ունենալով իմ գործունեությունն ու անձը։ Դուք՝ որպես քաղաքացի, բնակիչ պատկերացնո՞ւմ եք, որ Վանաձորի բնակչության մեծամասնությունը, եթե իմանար՝ ես ու իմ աշխատակազմը կարող էինք բարոյական վնաս պատճառել, ինձ քվե կտայի՞ն»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ ժամը 16։30-ին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031