Գյումրու պատմական կենտրոնում՝«Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող, օր-օրի փլուզվող «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքի վերակառուցման ծրագրից ոչ մի նորություն չկա։
Այն վերակառուցելու ծրագիր է ներկայացրել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը դիմել է ինչպես Գյումրու քաղաքային իշխանությանը, այնպես էլ ԿԳՄՍ նախարարությանը։
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հավանության են արժանացրել նրա ծրագիրը, սակայն իրագործումը կախված չէ իրենցից, քանի որ շենքը համայնքապատկան չէ։ Ըստ այդ ծրագրի, գործարարը շենքը հիմնանորոգելուց հետո պատրաստվում է դարձնել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, մնացած մասն էլ հանձնել համայնքին՝ մշակութային այլ օջախներ, ասենք՝ պատկերասրահ կամ արվեստի կենտրոն տեղակայելու նպատակով։
Հիշեցնենք, որ պատմական այս շենքը դեռ 2009 թվականին կառավարության որոշմամբ «Կումայրի արգելոց-թանգարանի» կազմից փոխանցվել էր ՀՀ Մշակույթի նախարարությանը։
Կարդացեք նաև
2019 թվականի նոյեմբերին էլ համաձայնության եկան այս շենքը տրամադրել ծրագրավորման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին՝ «Սինոփսիսին», որը նախատեսում էր վերակառուցումից հետո այն դարձնել պոլիտեխնիկական համալսարանի նոր մասնաճյուղերից մեկը, և բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված էին իրականացնել «Սինոփսիս»-պոլիտեխնիկական համալսարան համագործակցության շրջանակում, իրագործել այս շենքում։
Սակայն նախագիծը վերջնականապես չհաստատվեց։
Այժմ այս կառույցի ճակատագիրն անհայտ է, թեև այն դարձել է զբոսաշրջիկների ամենապահանջված հասցեն․ Գյումրի ոտք դնելուն պես՝ գալիս, լուսանկարվում են «Վառեմ-մարեմի» պատշգամբի ֆոնին։
Այն երկու օր առաջ էր փլուզվել, շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ:
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը․ «Գյումրիում երկու օրվա տոնական միջոցառումների համար միլիոններ են ծախսվել:
Հենց այդ տոնակատարություններին զուգահեռ մասնակի փլուզվում է պատմամշակութային հուշարձան հանդիսացող կառույց, որը առավել հայտնի է «Վառեմ մարեմի» շենք անունով:
Կարո՞ղ էին արդյոք ծախսված միլիոնավոր դրամները ուղղորդել գոնե մի հուշարձան շենքի պահպանության համար, իհարկե, կարող էին: Բայց չեն արել ու չեն անում, քանի որ փիառվելն ավելի կարևոր է, քան մշակութային արժեքները պահպանելը: Մի քանի օրից մոռանալու են տոնակատարությունների մասին, իսկ շենքը շարունակելու է փլուզվել:
Եթե անգամ տուրիստական շահի տեսակետից նայենք, ապա այդ շենքը հանրագումարով ավելի շատ մարդ է բերում Գյումրի, քան ինչ-որ մի համերգ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ