Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, Վանաձորի ավագանու ընտրություններում 39 տոկոս ձայն հավաքած Մամիկոն Ասլանյանի գործով այսօր տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում նախագահող դատավորն ասաց, որ գործող համայնքապետ Արկադի Փելեշյանը գրություն է ներկայացրել դատարան, որով խնդրում է հաջորդ նիստը տեղափոխել սեպտեմբերին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և օգոստոսին մեկ ամսով երկրից բացակայելու հիմնավորմամբ։
Նախագահող դատավորն ասաց, որ վկա Արկադի Փելեշյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, բայց ոստիկանությունն այդ որոշումը չի կատարել, որևէ տվյալ էլ չի ուղարկել դատարան։ Նախագահող դատավորը կողմերի կարծիքները հարցրեց դատական նիստը սեպտեմբերին նշանակելու և վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու հետ կապված։
Հանրային դատախազ Նարեկ Մովսիսյանն ասաց, որ գուցե նրա պաշտոնից բխող գործառութային պարտականությունները տարիներով հնարավորություն չտան, որ ներկայանա սույն գործով նիստերին և նշեց, որ այդ հիմնավորմամբ նրա՝ չներկայանալը պետք է համարել անհարգելի և որոշում կայացնի վկային հարկադրաբար դատարան ներկայանալու։ Հանրային մեղադրողն ասաց, որ դեմ է Արկադի Փելեշյանի նախաքննական ցուցմունքը հրապարակելուն։
Մամիկոն Ասլանյանն այս առիթով ասաց․ «Հանրային մեղադրողն այս գործի քննության և նախաքննության բոլոր փուլերին, եթե չեմ սխալվում, մասնակցել է և այն էներգիան, որով հիմա Արկադի Փելեշյանի ցուցմունքը ուզում է, որ պարտադիր նա գա, այստեղ հրապարակի, ինձ համար անհասկանալի է գոնե այնքանով, որ եթե այդքան այդ ցուցմունքն արժանահավատ էր գործի ապացուցման համար, մեղադրանքի ամրացման համար, եթե այդ կարևորությունն ուներ, ինչո՞ւ այդ վկային չեն ընդգրկել դատակոչի մեջ և չեն դատակոչել՝ որպես այդքան կարևոր վկա։ Իսկ դատարանը գործի սկզբնական փուլում իր նախաձեռնությամբ առանձնացրել է որոշակի վկաների՝ հաշվի չառնելով մարդկանց զբաղվածությունը։ Հենց ինքը, երբ չի կարողացել գալ, մի անգամ էլ խնդրել է, որ իր նախաքննական ցուցմունքը հրապարակվի։ Մեր շահագրգռվածությունը՝ չհրապարակելու նրա նախաքննական ցուցմունքը, ինձ համար անընկալելի է, քանի որ գործի բոլոր փուլերին հանրային մեղադրողը մասնակցել է, և որևէ կերպ այդ մարդը՝ որպես ապացուցման համար պիտանի տեղեկություններ հայտնող դատակոչի մեջ չի եղել, մեղադրանքի մեջ չի եղել։ Հաստատ ինքը, որ իմ կալանքի հետ կապված էր նույնիսկ, որ չկարողացավ գար, իր ծանրաբեռնվածությունից էր։ Հաստատ, որ իմանար՝ կարողանա գա, որ ես ազատվեմ, կգար, և ես խնդրում եմ հրապարակեք այդ մարդու ցուցմունքը՝ մարդու ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով»։
Կարդացեք նաև
Դատարանը որոշեց հրապարակել Արկադի Փելեշյանի նախաքննական ցուցմունքը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ