Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալի պաշտպանական կողմը ՄԻԵԴ գանգատ կներկայացնի

Հուլիս 31,2024 15:17

2019 թվականին Եղեգնաձորում ծեծի ենթարկված ու տարիներ շարունակ այդպես էլ կոմայից դուրս չգալուց հետո մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանը կրկին հայտնվել է անազատության մեջ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանն է փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս:

Վաղաժամկետ պայմանական ազատ արձակված Գրիգորյանը կրկին անազատության մեջ է Վերաքննիչ դատարանի որոշմամբ:

Լեւոն Սահակյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Վերաքննիչ դատարանում գործի քննությունը տեղի է ունեցել աննախադեպ կոպիտ խախտումներով, ինչը բազում անձանց մոտ առաջացրել է կասկած, որ դատավորը գործել է կոռուպցիոն ազդեցության տակ: Այսպես. Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի կազմից 04.04.2024թ. ինձ հայտնել են, որ դատախազի ներկայացված բողոքը մերժվել է: Ես այդ լուրը հայտնել եմ դատապարտյալին ու վերջինիս հարազատներին:

Նույն օրը, ժամեր անց, ինձ կրկին զանգահարել են նույն դատավորի աշխատակազմից և հայտնել, որ Վերաքննիչ դատարանը որոշել է հատուկ վերանայման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով և դատական նիստի օր է նշանակվել 2024 թվականի ապրիլի 17-ին ժամը 14:00: Ասել է, թե պարոն Բեկթաշյանը կտրուկ փոշմանել է:

2024 թվականի ապրիլի 17-ին ինձ կրկին զանգահարել են նույն դատավորի աշխատակազմից և հայտնել, որ դատավորը վատառողջ է և նիստը չի կայանալու:

Օրեր անց տեղեկացել ենք, որ 2024 թվականի ապրիլի 22-ին դռնբաց դատական նիստում դատախազի, տուժողի և տուժողի ներկայացուցչի մասնակցությամբ, ընդհանրապես չծանուցված և նիստի մասին անտեղյակ Հարություն Գրիգորյանի ու վերջինիս պաշտպանի բացակայությամբ, Վերաքննիչ դատարանը քննել է դատախազի ու տուժող կողմի բողոքները բանավոր ընթացակարգով և որոշել է դրանք բավարարել:

Հարություն Գրիգորյանից ու իր պաշտպանից «թաքուն», բանավոր ընթացակարգով գործը քննվել է այն պարագայում, երբ հենց մենք էինք միջնորդել, որպեսզի բողոքը քննվի բանավոր ընթացակարգով: Վերոգրյալ ապօրինությունների հետևանքով Հարություն Գրիգորյանը ևս 7 ամիս կմնա անազատության մեջ ու կլրանա նրա նկատմամբ նշանակված պատժի ժամկետը:

Սակայն մեր դատական համակարգի պատմությունից չի ջնջվի այն էպիզոդը, երբ դատավորը նախ մերժել, հետո «փոշմանել» ու բավարարել է դատախազի նույն բողոքը, իսկ գործն էլ քննել է դատապարտյալից «թաքուն»: Բնականաբար, դրա գնահատականը կտա նաև ՄԻԵԴ-ը, որին ուղղված գանգատն արդեն պատրաստվում է իմ կողմից»,- Aravot.am-ին ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031