Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, մշտապես դեմ է արտահայտվել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկրների պետական սահմանների փոփոխությանն ու երրորդ ուժերի հայտնվելուն:
Սակայն Իսլամական Հանրապետության այս դիրքորոշումը, կարծես, որոշակի զարգացում ապրեց, ինչն արտահայտվեց նաև հուլիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլա Խամենեի հանդիման մասին հաղորդագրություններում ընտրված տերմինաբանության միջոցով:
Սակայն մինչ այդ տերմինաբանությանն անցնելը, եկեք հասկանանք, թե ինչու է Իրանը դեմ մեր տարածաշրջանում սահմանների փոփոխությանն ու երրորդ ուժերի հայտնվելուն:
Ինչո՞ւ է դեմ
Կարդացեք նաև
Հարավային Կովկասը հակամարտություններով լի տարածաշրջան է, իսկ ամենաթեժ հակամարտության կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հանդիսանում են նաև Իրանի հարևանները: Ադրբեջանը, սակայն, բաժանված է երկու մասի՝ հիմնական Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Մարզի՝ արևմուտքում: Այս երկու հատվածները ցամաքային սահման չունեն՝ արանքում ընկած է Հայաստանը, և հաղորդակցությունն իրականացվում է Իրանի տարածքով: 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո Ադրբեջանն ակնկալում էր, որ Հայաստանը միջանցք կտրամադրի Ադրբեջանին՝ երկու մասերն իրար կապելու համար: Ավելին՝ 44-օրյա պատերազմին վերջ տված՝ նոյեմբերի 9-ի եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հայտարարությամբ ենթադրվում էր, որ պետք է «ապաշրջափակվեին» տարածաշրջանի կոմունիկացիաները:
«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- բառացիորեն ասվում էր հայտարարությունում:
Հայկական կողմը, սակայն, ուներ և ունի մի շարք հիմնավոր մտավախություններ՝ կախված այդ «հաղորդակցության ուղիների հետ»: Նախ, պաշտոնական Երևանը դեմ չէ կոմունիկացիաների արգելափակմանը, եթե դա չի ենթադրում արտատարածքային «միջանցքներ», ինչպես կարելի է ենթադրել, պահանջում է Ադրբեջանը: Բացի դա, նման «միջանցքի» տրամադրումը, այն էլ՝ երրորդ երկրի՝ Ռուսաստանի վերահսկողության ներքո, փաստացի կզրկի Հայաստանին իր իսկ տարածքի նկատմամբ վերահսկողությունից՝ բերելով խիստ անցանկալի ու անկանխատեսելի հետևանքների:
Իրանը իր հերթին, դեմ է այդպիսի «միջանցքի» հայտնվելուն, քանի որ դա կնշանակի, որ Ադրբեջանը կկարողանա կապվել Նախիջևանի Ինքնավար Մարզի հետ՝ շրջանցելով Իրանի տարածքը, իսկ դա, իր հերթին, կմեծացնի Ադրբեջանի հավակնությունները տարածաշրջանում, կնվազեցնի Ադրբեջանի կախումը Իրանից (քանի որ Իրանը կկորցնի Նախիջևանի հետ ցամաքային կապի մոնոպոլիան): Բացի դա, «միջանցքի» հայտնվելը կնշանակի նաև, որ Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհը անցնելու է երրորդ երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքով:
Ի՞նչ է ասում Իրանը
Իրանը, ըստ այդմ, ի դեմս պաշտոնատար անձանց, մշտապես հայտարարել է, որ դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ Սակայն հուլիսի 30-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան՝ ներկա գտնվելու նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, տեղի էր ունեցել հանդիպում նաև Իրանի բարձրագույն ղեկավար, այաթոլլա Խամենեի հետ: Այդ հանդիպման մասին իրանական աղբյուրներում (1, 2, 3) նշվում է, որ Խամենեին ասել է, թե «Զանգեզուրի երթուղու գործարկումը կվնասի Հայաստանին»:
Նախ, այստեղ ուշագրավ է այն, որ Խամենեին այս զգայուն թեմայի շուրջ հայտարարություն է արել, թվում է թե, բավական արարողակարգային հանդիպման ժամանակ: Երկրորդ՝ կարևոր է այն բառը, որն օգտագործել է Խամենեին՝ ըստ իրանական ԶԼՄ-ների․ «երթուղի»: Սա, կարծես, առաջին անգամն է, որ Իրանը դեմ է արտահայտվում ոչ միայն միջանցքին (որը կարող էր վնասել Հայաստան-Իրան կապին), այլ ցանկացած «երթուղու»:
Այստեղ հարկ է նկատել, որ նախկինում Իրանը դեմ էր արտահայտվում «Զանգեզուրի միջանցիքն», կամ իրենց լեզվով ասած «Զանգեզուրի դալանին», որը հստակ արտահայտված արտատարածքային ճանապարհ էր ենթադրում: Սա կարող է նշանակել, որ Իրանն առհասարակ դեմ է ոչ միայն արտատարածքային կամ ինչ-ինչ իրավական ռեժիմներ ունեցող «միջանցքներին», այլ ընդհանրապես՝ Ադրբեջանի երկու մասերն իրար կապող ցանկացած այլ երթուղու (բացի նրանից, որն անցնում է Իրանով):
Ինչ խոսք, մտահոգիչ է Խամենեի ասածի՝ «կվնասի Հայաստանին» հատվածը, ինչը, իր հերթին, կարող է նշանակել, որ Իրանի գործողությունները՝ նման «միջանցքի» կամ «երթուղու» գործարկման դեպքում, կարող են այս կամ այն կերպ ուղղված լինել նաև Հայաստանի դեմ:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»