Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննությունը:
Փաստաբան Նորայր Նորիկյանը դժգոհեց, որ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի կատարել: Ըստ նրա՝ նույնիսկ դեպքի վայրի պատշաճ զննությունը զոհվածների ծնողներն են անցկացրել։ Վկաներից Արսեն Սողոմոնյանի հեռախոսը, օրինակ, ծնողներն են գտել ու ուսումնասիրել։
Դահլիճում նստած զինվորներից մեկի հայրը շարունակեց, թե այդ հեռախոսը նորմալ աշխատող հեռախոս էր, մեջից տվյալները հանել են ու ճշտել՝ ում են պատկանում հեռախոսահամարները. «ԱԻՆ աշխատողներն ասում են՝ մոտ 30 տոննա ջուր են լցրել, այդ ջրի ու հրդեհի պայմաններում էս հեռախոսը ոնց է մնացել: Մի քանի այլ զոհված տղերքի հեռախոսներն էլ են գտել, կոնկրետ իմ տղունն էլ, հեռախոսներն ամբողջությամբ հալված: Ասենք էդ բոլոր հեռախոսները էդ վիճակին եւ այս հեռախոսն էս վիճակի՞ն»:
Նորայր Նորիկյանի ասածներին արձագանքեց մեղադրող դատախազը՝ պնդելով, որ նա լավ չի տիրապետում դատախազության գործառույթներին, հետաքննության մարմնի եւ վարույթ իրականացնող մարմնի գործառույթներին: Դատախազությունը գործի նյութերին ծանոթանալով, ծանոթանում է գործի տվյալներին, կատարում հետեւություններ:
Կարդացեք նաև
Վիճաբանություն սկսվեց զոհվածների ծնողների ու դատախազի միջեւ: Դատարանը հայտարարեց ընդմիջում՝ ասելով լուծեք ձեր հարցերը իրար հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ