«Շինհրապարակների կազմակերպման վերահսկողությունն իրականացվում է Երեւանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն, եւ բոլոր կառուցապատվող օբյեկտների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով…
Ընթացիկ տարվա հունվար ամսից մինչեւ հունիս՝ Երեւան քաղաքում ընդհանուր թվով կազմվել է վարչական իրավախախտումների 534 արձանագրություն: Դրանք կազմվել են ինչպես վարչական շրջանների ղեկավարների, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը:
Նրա խոսքով. « 534 արձանագրություններից 147-ը փոշեկլանիչ ցանցերի, 78-ը՝ օդի որակի մոնիթորինգի սարքերի բացակայության դեպքերով են կազմվել: Եվ 34-ը կազմվել են երկու իրավախախտումների հիմքով: Երեւան քաղաքում այս պահին ընթացքում գտնվող բազմաֆունկցիոնալ եւ բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր թիվը 248 է, այսինքն՝ մենք կազմված արձանագրություններով գրեթե բոլոր կառուցապատողների նկատմամբ վարչարարություններ ենք իրականացրել, եւ կազմվել են համապատասխան արձանագրություններ»:
Ռուբեն Խոջոյանն ասաց, որ 70-100 հազար դրամի չափով պատասխանատվություն է ենթադրում կազմված արձանագրությունը, սակայն ոչ թե տուգանելու խնդիրն է դրված, այլ այն, որ բոլոր կառուցապատողները ապահովեն քաղաքապետարանի սահմանած պահանջները: Նա նշեց, որ կան դեպքեր, որ կառուցապատողները վարչական պատասխանատվության են ենթարկվում երկրորդ անգամ, ու այդ դեպքերը քիչ չեն:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի խոսքով, Երեւան քաղաքում օդի աղտոտվածության ցուցանիշները բավականին բարձր են: «4-րդ եւ 5-րդ կարգի ռիսկայնության օբյեկտներում կառուցապատողը պետք է տեղադրի օդի որակի մոնիթորինգային սարքեր, որոնք օնլայն ավտոմատ ռեժիմով պետք է տվյալներ տրամադրեն տվյալ պահին փոշու մակարդակի վերաբերյալ: Նաեւ ավելացվել է նոր պահանջ, որի համաձայն՝ շինհրապարակները պետք է շինարարությանը համապատասխան փոշու համար անթափանց՝ 180գրամ/քառակուսի մետր խտությամբ ծածկով ծածկվեն»,-կառուցապատողների համար ավելացած պայմանները ներկայացրեց Ավետիսյանը: Հավելեց, որ նպատակն ավելի կոշտ վարչարարություն իրականացնելն է:
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալը նշեց, որ ստացել են 130 դիմում կառուցապատում իրականացնող տարբեր կազմակերպություններից, եւ ներկա դրությամբ շինհրապարակներում արդեն տեղադրված է օդի որակի մոնիթորինգային շուրջ 60 սարք: Նա նշեց, որ քաղաքապետարանի կայքը բացելով՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել օդի աղտոտվածության մակարդակը, այդ ցուցանիշները ստացվում են ավտոմատ կերպով՝ օնլայն ձեւաչափով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ