Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատված ծառերի հետեւանքով ունենում ենք գերտաքացում, «եռացող» փողոցներ, մահացության աճ»․ Քրիստինա Վարդանյան

Հուլիս 31,2024 14:33

Հանրային առողջության տեսակետից վտանգավոր է Երեւանում ծառերի փոխարինման ծրագիրը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։

«Ծառերի փոխարինման ծրագրով, որը Երեւանում սկսվեց 2023-2024 թվականների ընթացքում, փողոցների երկայնքով զանգվածաբար հատվեցին բոլոր ծառերը։ Մոսկովյան փողոցում դա հացենի ծառատեսակն էր, որը պարզ չէ, թե ինչի համար հեռացրեցին։ Մնացած փողոցներում դա մանրատերեւ թեղին էր, որը Երեւանում վերջին 30 տարիներին կրկնվող խորը էտի եւ ծառերի դիմադրողականության անկման հետեւանքով վարակվել էր, եւ շատերի հետ մեծ աշխատանքի կարիք կար։ Ամբողջ ընթացքում ես բարձրաձայնել եմ, թե ինչո՞ւ հանրային առողջության տեսանկյունից հնարավոր չէ Երեւանում իրականացնել այդ ծրագիրը։

Հարավային քաղաքներում այս մեթոդաբանությունն ինչո՞վ է հղի՝ մենք վերացնում ենք ստվերային ծածկը եւ բերում ենք նրան, որ կարծր մակերեսները, այսինքն՝ ասֆալտը, շենքի ֆասադները գերտաքանում են եւ առաջացնում են ջերմային կղզիներ, որոնց դեմ պայքարում է ամբողջ աշխարհը։ Եվ սա հիվանդացության ցուցանիշների եւ բնակչության մահացության ցուցանիշների հետ ուղիղ կապ ունեցող երեւույթ է։ Ինչպես նաեւ, փողոցների կանաչապատումն ու փողոցների ծառերը հենց այնպես չեն, սրանք քաղաքի էկոլոգիական կառուցվածքի մեջ ունեն կարեւորագույն դեր։ Դրանք հանդիսանում են օդափոխության միջանցքներ։ Եվ օդափոխության միջանցքները հատելով՝ մենք փաստացի մոտակա տարիներին փողոցները թողնում ենք առանց այդ ֆունկցիայի իրականացման, թողնում ենք եռացող փողոցներ, ուլտրամանուշակագույն ճառագայթների առումով բնակչության մոտ հիվանդացության առաջացում։

Եվ հարավային քաղաքներում կանաչապատման հիմնական դերը ջերմային սթրեսի դեմ պայքարն է, որովհետեւ ջերմային սթրեսը ջրազրկումն է, հետեւաբար, դա բերելու է արյան մածուցիկության ավելացմանը, ծանրացնելու է սիրտանոթային համակարգի աշխատանքը եւ ի հայտ է գալու ինսուլտների եւ ինֆարկտների տեսքով։ Հետեւաբար, ես մշտապես ասում եմ, որ կանաչապատումն առողջության մասին է»,- ասաց մասնագետը։

Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ զարմանալի է, որ Ագրարային համալսարանի դոցենտներն արտոնում են այս գործընթացը։ «Այնպիսի ծառատեսակ, ինչպիսին ալբիցան է, Երեւանում այգիներում ու պուրակներում տնկվել է եզակի ձեւով, Ալեք Մանուկյան փողոցի համար ընտրվեց որպես հիմնական ծառատեսակ։ Եվ այս ծառատեսակը տնկվեց ամբողջ փողոցի երկայնքով։ Ծառը տալու է թափանցիկ ստվեր, այսինքն՝ չի իջեցնելու ջերմաստիճանը, ցրտի նկատմամբ շատ անկայուն է։ Մենք իրավունք չունենք փողոցները փորձադաշտ դարձնել եւ անել նման աշխատանքներ, որոնց տակ չկա գիտական հիմք»,- հավելեց նա։

Մասնագետն ասաց, որ բազմաթիվ նամակներով դիմել է Երեւանի քաղաքապետին՝ պահանջելով ներկայացնել այս ծրագրի գիտական հիմքերը։ «Եվ մեզ ամեն անգամ ասում էին, թե արել են գիտաժողով, գիտաժողովին գիտնականները տվել են եզրակացություն։ Բայց որեւիցե գիտնականի կարծիք չի կարող ծառայել պետության համար որպես ելակետային որոշում։ Որոշում կայացնելու համար կա ինստիտուցիոնալ մոտեցում, որը չի պահպանվել։ Անհատ մի քանի գիտնականներ որոշել են, որ իրենք իրավունք ունեն որոշում կայացնել ամբողջ քաղաքի համար։ Ես հարց ունեմ տալու այդ դենդրոլոգներին ու գյուղատնտեսներին՝ դուք պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Թումանյան փողոցում մայրը երեխայի հետ դուրս է գալիս ժամը 5-ին, երբ դեռ կիզիչ արեւ է եւ ուզում է գնալ դեպի Կարապի լիճ։ Այսինքն՝ մարդիկ այրվելո՞վ պետք է գնան»,- ընդգծեց նա։

Քրիստինա Վարդանյանն ասաց, որ ուսումնասիրել են նոր ծառերը, դրանք խեղճացած վիճակում են։ Ըստ նրա՝ մասնագիտական կառույցի կողմից երեք իրարամերժ պատասխաններ են տրվել այս հարցին՝ մեկ անգամ ասել են, որ շատ անձրեւների հետեւանքով ծառերի մոտ սնկային վարակ է, մյուս անգամ ասել են, որ սաստիկ շոգի հետեւանքով ծառերի մոտ վաղաժամ տերեւաթափ է եղել։ Սա փաստում է, որ ինչ-որ մի բան այն չէ։

Քրիստինա Վարդանյանը հիշեցրեց, որ դեռեւս մարտ ամսին դիմել էր Պետական վերահսկողական ծառայություն։ Նաեւ դիմել են դատարան, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը բնակիչներին պատասխանում է, որ որոշում կա՝ մինչեւ այս գործով դատարանի որոշումը չլինի, չի կարող արձագանքել բնակիչների ահազանգերին՝ գնալ ու հատել չորացած ծառերը։ Ըստ մասնագետի, սակայն, դատարանի այս որոշումը մանիպուլացվում է, որովհետեւ այն չի վերաբերում չորացած ծառերին, որոնք պետք է գնան ու հատեն։

Մասնագետները դոկտորական աշխատանք են կատարել, որտեղ ապացուցված է, որ Հայաստանում վերջին 30 տարիներին առավելապես շոգ գոտիներում արձանագրվել է ջերմային ալիքների տեւողության եւ հաճախականության ավելացում։ Այսինքն՝ շոգ օրերն ավելի շատ են, ավելի հաճախ են։ Եվ ամեն հավելյալ ջերմային ալիքի օր ընդհանուր մահացության ցուցանիշը բարձրացնում է հինգ դեպքով։

Նա նշեց, որ ծառերի գնային սանդղակը բարձր է, օրինակ, Մաշտոցի պողոտայում աշնանը տնկած ծառերն արժեին 65 հազար դրամ, Սայաթ Նովա փողոցում սոսի ծառատեսակ է տնկվել, 155 հազար դրամ արժեր մեկ ծառը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լանջին հարող տարածքում բարեկարգման ծրագրի համար երեւանցի հարկատուները վճարել են 900 հազար դոլար։ Բայց այդտեղ տարածքն արդեն չորացած է։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031