Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցած Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը որոշեց հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանի՝ հուլիսի 23-ի դատական նիստին չներկայանալը անհարգելի համարել։
Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Հուլիսի 23-ի նիստին հանրային մեղադրողի՝ դատական նիստին ներկայանալու պայմաններում շատ հստակ կարող էր պարզվել և արձանագրվել, որ վկայի վրա որևէ անօրինական ազդեցություն չի եղել, և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերաքննիչ բողոք սահմանելու համար ժամկետ կսահմաներ հուլիսի 29-ին։ Փաստորեն այս ժամանակագրությունը բերում է նրան, որ միտում է եղել դատախազի կողմից ձգձգել գործընթացը, որ պաշտպանական կողմը չկարողանա Վերաքննիչ դատարան ներկայացնել հուլիսի 23-ի դատական նիստի արձանագրությունը, որով կհերքվեր վերաքննիչ բողոքում նշված հանգամանքները, որ որևէ ճնշում չի եղել»։
Պաշտպանը հնչեցրեց այն հարցը, թե ինչու զբաղվածության մասին դատախազը հուլիսի 15-ի նիստին, երբ հաջորդ նիստի օրն էր քննարկվում, չի հայտնել։ Կամ եթե չի ունեցել զբաղվածություն, ուրեմն դիտավորյալ չի ներկայացել։
Դատավորը այս հայտարարությունները համարեց, որ ենթադրություններից մակարդակից վեր չբարձրացավ։ Հանրային մեղադրողն էլ ասաց, որ այս նիստում է միայն տեղեկացել, որ իր՝ նախորդ նիստին չներկայանալը գնահատվել է անհարգելի․ «Դա զարմանք է առաջացնում այն պայմաններում, որ սույն գործը 2022-ի մայիսից դատարանի վարույթում է, և այդ երկու և ավելի տարիների ընթացքում առաջին դեպքն է, որ հանրային մեղադրողի պատճառով է դատական նիստ հետաձգվել, մինչդեռ պաշտպանական կողմի պատճառով բազմաթիվ անգամներ նիստերը հետաձգվել են»։
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց՝ եթե դատախազը քննությունը ձգձգելու ցանկություն ունենար, բազմաթիվ անգամներ դատախազի կողմից նիստերը հետաձգված կլինեին տարբեր պատճառներով։ Իսկ պաշտպանի դիտարկումները համարեց մտացածին և անհիմն։ Դատախազն ասաց, որ դատավարության մասնակիցների նկատմամբ անհամաչափ մոտեցում է ցուցաբերվում․ «Ձեր աշխատակազմից ստացել եմ տեղեկություն, որ նիստը նախապես համաձայնեցված է եղել, բայց ինձ մոտ գրառում առկա չի եղել։ Ինձ մոտ ողջամիտ կարծիք է ձևավորվել այն մասին, որ նիստը չի համաձայնեցվել։ Նշված նիստի մասին մեկ օր առաջ՝ երեկոյան եմ իմացել։ Եթե ես նույնիսկ ներկայանայի դատական նիստին, միևնույն է, վկան չէր հարցաքննվելու, քանի որ ներկա չէր նիստին։ Պետք է արձանագրենք, որ եթե նույնիսկ ես ներկայանայի դատական նիստին, ապա բողոքում բարձրացված հարցերը՝ ամբաստանյալին կալանքի տակ պահելու հիմքերը, այդ պայմաններում վերացված չէին լինի, քանի որ ներկա վկաներից մեկը դատական նիստին ներկա չէր»։
Դատավորը որոշեց նիստն ընդմիջել, որից հետո հրապարակվեց հուլիսի 15-ի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանը և մյուսները պատշաճ կերպով ծանուցված են եղել հուլիսի 23-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ։ Դատավորը հայտարարեց․ «Եթե մեղադրանքի կողմը հուլիսի 22-ին հայտարարեր, որ չի կարող գալ, ապա հուլիսի 23-ին դատական նիստ չէր նշանակվի»։
Հանրային մեղադրողն էլ ի պատասխան ասաց․ «Նիստի ընթացքում Ձեր կողմից նիստի նշանակումը մեխանիկորեն ընկալվել է, որ դա մեխանիկորեն պլանավորված նիստ է, բայց արի ու տես, որ խնդիրը մեխանիկական է։ Եթե այդ նիստին ես չմտածեի, որ նախապես պլանավորված նիստ է, կիրազեկեի, որ նշված օրն ունեմ կալանավորման նիստ և չեմ կարող ներկայանալ նիստին»։
Դատախազը նաև դատավորի՝ իր նկատմամբ կատարված գործողություններն անօրինական և անարդար համարեց։ Նախագահող դատավորն ասաց, որ այսպիսով հարցի քննարկումն ավարտված է։ Դատարանը մյուս նիստին կքննարկի պաշտպանական կողմի՝ դատական նիստին չներկայանալու վիճակագրությունը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ