Երևան, 2024 | Հուլիսի 29-ին Մատենադարանի դիմաց «Մատենա» միջազգային բիզնես շրջանավարտների ակումբը կազմակերպել էր բացօթյա գալա-երեկո՝ «Մատենայի» շրջանավարտների և հրավիրյալ հյուրերի մասնակցությամբ:
Գալա երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան «Մատենայի» շրջանավարտների ակումբի նախագահ, «Արթ-Գրուպ» ընկերության հիմնադիր Դավիթ Աբովյանը, «Մատենայի» համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը, IEDC – Բլեդի կառավարման դպրոցի նախագահ, «Մատենայի» միջազգային ակադեմիական խորհրդի անդամ Դանիցա Պուրգը, սոցիալական ձեռնարկատեր, «Մատենայի» միջազգային խորհրդի անդամ Վերոնիկա Զոնաբենդը:
IEDC – Բլեդի կառավարման դպրոցի նախագահ, «Մատենայի» միջազգային ակադեմիական խորհրդի անդամ Դանիցա Պուրգը իր ելույթի ընթացքում նշեց, որ հնարավորություն է ունեցել՝ 39 տարի առաջ հիմնադրելու կառավարման դպրոց Սլովենիայում, և ուրախ է կիսվել իր փորձառությամբ «Մատենայի» շրջանավարտների հետ, որոնք այժմ են կազմում կառավարման պատմության մի մասը. «Մենք ևս սկսել ենք որպես փոքր դպրոց, բայց միանգամից միջազգային ու միանգամից բարձր ստանդարատներով: Եվ այսօր ես, խոսելով Ձեր շրջանավարտների հետ, տեսնում եմ այն միջավայրը, որ ձևավորվել է դպրոցում, ու այն միջավայրը, որը գնահատում են հե՛նց շրջանավարտները: Դա այն է, ինչը կարող է խթանել դպրոցի առաջընթացը: Ու դպրոցի իրական պատմությունն այն է, ինչ ստեղծում են այդ դպրոցի շրջանավարտները»:
Իր ելույթի խոսքում «Մատենայի» համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նշեց. «Մենք պետք է անկեղծորեն խոստովանենք, որ ներկայում Հայաստանը համաշխարհային բարձրակարգ կրթության համար ընդունված ուղղություն չէ։ Հետևաբար, ցանկացած կրթական հաստատության համար, որը դիրքավորվում է որպես միջազգային, դա ակնհայտ սպառնալիք է։ Բայց լավ նորությունն այն է, որ յուրաքանչյուր մեծ սպառնալիք հնարավոր է վերաձևակերպել որպես մեծ ոգևորություն բերող մարտահրավեր։ Ունենալով Հայաստանից և սփյուռքից գործընկերների բացառիկ հզոր ռեսուրս՝ մենք կարող ենք միասնական ջանքերով փոխել այդ ընկալումը և Հայաստանը դարձնել իսկապես գրավիչ ուղղություն ժամանակակից բարձրակարգ կրթության համար»։
Կարդացեք նաև
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 250 հյուրեր՝ «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի շրջանավարտներից և գործընկեր կազմակերպություններից:
Միջոցառման հովանավորներն էին «Մատենայի» շրջանավարտների հիմնադրած և ղեկավարած մի շարք ընկերություններ:
Մատենայի մասին: «Մատենան» Հայաստանում հիմնադրված միջազգային բիզնես դպրոց է, որի առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության:
«Մատենայի»՝ ղեկավարների համար նախատեսված կրթական ծրագրերը, որոնք անցկացվում են աշխարհի առաջատար փորձագետներից և պրոֆեսորներից կազմված հզոր դասախոսական կազմի միջոցով (ներառյալ նախկին փոխնախագահներ և բարձրագույն օղակի ղեկավարներ այնպիսի հզոր ընկերություններից, ինչպիսիք են «IBM»-ը, «BCG»-ն և «Shell»-ը և այլն), արդեն ներգրավել են հարյուրավոր բիզնես ղեկավարների և ձեռնարկատերերի ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Կրթական ծրագրերն ընդգրկում են մի շարք առանցքային ուղղություններ, այդ թվում՝ առաջնորդություն, ռազմավարություն, բանակցություններ, թվային փոխակերպում, արհեստական բանականությունը բիզնեսում և այլ արդիական թեմաներ:
«Մատենան» հայտնի է նաև աշխարհի լավագույն համալսարանների և բիզնես դպրոցների հետ համագործակցությամբ ու համատեղ ծրագրերով: Դրանց թվում են Հարվարդի համալսարանի Դևիսի կենտրոնը, «ESMT Berlin»-ը, Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը, շվեյցարական «IMD»-ն և այլն (աշխարհի 20 լավագույն բիզնես դպրոցներից 6-ը` ղեկավարների կրթության բնագավառում, ըստ «Financial Times»-ի): «Մատենայի» շրջանավարտների ակումբն այժմ ներառում է ավելի քան 400 շրջանավարտներ՝ ղեկավարներ և առաջնորդներ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ առաջատար ընկերությունների հիմնադիրներ և տնօրեններ:
Պաշտոնական կայքէջ՝ https://matena.am/