Աշխարհի առաջնության կրկնակի ոսկեմեդալակիր Համլետ Մանուկյանը Էջմիածնի Ապագա գյուղից է, մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 5 տարեկանից սկսած։ Նրա հետ զրուցել ենք մարմնամարզության, սպորտում դժվարությունների և նվաճումների մասին։
Համլետը մարմնամարզությամբ զբաղվել է ընտանիքի հորդորով, սկզբում Էջմիածնի մարզադպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց։ Անձնական մարզիչը Հայկ Նազարյանն է:
Նշում է, որ սպորտում շատ ու շատ բարդություններ կան, բայց բոլորը հաղթահարելի են․
Կարդացեք նաև
«Սպորտում շատ բարդությունների և խնդիրների ենք հանդիպում, օրինակ, երբ վնասվածք ենք ստանում՝ շատ է խանգարում մարզումներին»։
Նրա խոսքով՝ Աշխարհի առաջնությանը ոչ մի վնասվածք չի խանգարել. ոսկե մեդալով վերադարձել է Հայաստան․
«Աշխարհի առաջնությանը կարողացա երկու ոսկե մեդալ նվաճել, շատ էինք պատրաստվել մարզիչներիս հետ միասին, փառք Աստծո Թուրքիայում պատվով բարձրացրի մեր դրոշը»։
Համլետ Մանուկյանի պատվին Թուրքիայում 2023-ին երկու անգամ հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ Հայաստանի դրոշը:
Նա Անթալիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում նժույգ թափեր վարժությունում դարձավ հաղթող եւ առաջին ոսկե մեդալը ստացավ դրա համար, իսկ երկրորդ ոսկե մեդալը՝ օղակների վարժությունում տարած հաղթանակի համար:
Համլետի խոսքով՝ իրեն շատ են մոտիվացնում ծնողները, մարզիչները և իր մարզադպրոցի ավագ ընկերները։
«Ապագայում ձգտելու եմ բոլոր հնարավոր մրցաշարերում լավ հանդես գալ, ուզում եմ մեր երկրի պատիվը բարձր պահել»,-հավելեց կրկնակի ոսկեմեդալակիր Համլետ Մանուկյանը։
Ներկայումս Համլետը գնում է առօրյա մարզումների և պատրաստվում հաջորդ մրցաշարերին։
Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանը հանդես է եկել Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում, որտեղ բազմամարտում զբաղեցրել է տասներեքերորդ հորիզոնականը։ Մրցումների եզրափակչում արծաթ է նվաճել ինչպես նժույգի, այնպես էլ օղակների վարժություններում։
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Համլետ Մանուկյանը
Շատ լավ մեր Հայաստանի երիտասարդություն, շատ կարևոր է։
Նրանց աշխատանքը, մեր հպարտ է։
Բրավո