Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին ես ինչ-որ պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում»․ Մամիկոն Ասլանյան

Հուլիս 31,2024 12:43

«Իմ քաղաքն է, ովքեր ինձ համակրել են, ովքեր ինձ ընտրել են կամ իմ ընկերներն են, բնական եմ համարում, որ ցնծությամբ են ընդունել, բնականաբար, որևէ առարկայական հանգամանքից տեղյակ չեմ»,- իր գործով դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն փաստմանը, որ իր՝ ազատ արձակումը Վանաձորում ցնծությամբ են ընդունել։

Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին՝ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվեց եւ նա դատարանի որոշմամբ ազատ արձակվեց՝ 10 մլն դրամ գրավով։

Մամիկոն Ասլանյանն ասաց, որ Վանաձորի այս հատվածում եղել է երկու օր, այցելել իրենց տուն, իր շատ մտերիմ ընկերներին, ընտանիքին, հետևաբար չի կարող այլ բնութագրիչներին գնահատական տալ։

Հարցին՝ Ձեզ չեն ասե՞լ՝ վերադարձեք պաշտոնին, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց՝ միշտ են ասել։ Հարցին՝ ի՞նչ կասեք Ձեր իրավունքների վերականգնման առումով, Մամիկոն Ասլանյանն այսպես արձագանքեց․ «Իմ իրավունքները պահպանվում են, բայց իրավունքների վերականգնման համար այս պայմաններում անիմաստ եմ համարում դրա մասին խոսելը։ Այն, ինչ իմ նկատմամբ իրականացվել է և իրականացվում է այս պահին, ես ինչ-որ պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում, ավելի գլոբալ եմ մտածում, որպես տասնամյակների ստաժ ունեցող իրավաբան, որ մեր երկրում պետք է կայանան այն իրավական ինստիտուտները, որոնք որոշում են մարդկային ճակատագրեր։ Ես էի, որ որոշակի դիմակայություն ունեմ, բայց մարդիկ կան, որոնք կարող են հայտնվել հորձանուտում և կորցնել իրենց։ Կարծում եմ՝ իշխանության տարբեր թևեր պիտի կարողանան գործել Սահմանադրության ու օրենքների համաձայն, և վերջը մեր երկրում պետք է դատական իշխանությունը կայանա»։

Լրագրողների դիտարկմանը՝ հանրային մեղադրողները կարող են կրկին պահանջել, որ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը վերականգնվի, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց․ «Որևէ մեկն այս երկրում չի կարող բացառել։ Ես կանխակալ վերաբերմունք երբևէ հենց դատարանի բուն որոշումների նկատմամբ չեմ արտահայտել։ Մեր կարծիքները հայտնել ենք լոկալ երևույթների նկատմամբ։ Կարծում եմ՝ այն իրավաբանները, որոնք մարդկանց ճակատագրերը որոշելու լիազորությամբ են օժտված, պիտի զերծ լինեն ցանկացած կանխակալ վերաբերմունքից, ճնշումներից և խորհրդակցական սենյակ գնալիս առաջնորդվեն օրենքով»։

Մամիկոն Ասլանյանն ասաց՝ երբ առանձին դատախազին կամ վկային լսեք, բոլորն իրենց փաստարկներն ունենում են․ «Մարդը մի վատ գործողություն կատարելը արդարացնելու համար կարող է հազար պատճառ բերել։ Ընդամենը մեկ պատճառ է պետք, որ այդ վատությունը չանի և ներկայանա նիստին։ Երկու մեղադրյալներից մեկը կարող էր հաստատ ներկայանալ։ Երբ իմ գործով բողոք բերելու ժամանակագրությունը նայում ենք, ակնհայտ է, որ դա լրացուցիչ հիմք կարող է ստեղծել հետագա իմ խափանման միջոցի վերաբերյալ, որը դիտում եմ նաև սաբոտաժ ոչ թե անձի, այլ հիմնարկության՝ դատախազության կողմից։ Կարծում եմ, որ դատախազությունը, որը երկրում օրենսդրությանը հետևող մարմին է, թույլ չպետք է տա նման սխալներ, որոնք կարող են ազդել մարդկանց ճակատագրերի վրա»։

Դիտարկմանը՝ նշեցիք՝ աթոռի համար չեք մտածում, բայց դա ոչ միայն Ձեր իրավունքն է, այլ վանաձորցու, որ ընտրել է ձեզ, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց․ «2 տարի յոթ ամիս վանաձորցին ընտրած է եղել ինձ, ես էլ գտնվել եմ բանտում և իմ մեջ վերլուծել եմ ստեղծված իրադրությունը։ Իմ որոշումների մասին հրապարակային կանդրադառնամ այն ժամանակ, երբ հարմար գտնեմ։ Այս պահին որևէ կերպ չեմ մտածում անդրադառնալ այդ թեմային․ գոնե իմ ու իմ թիմակիցների համար ակտուալ չէ դա։ Եթե չկա ընդհանուր կոնսենսուս քաղաքի ղեկավարման համար, այսպես թե այնպես կարող են ստեղծել խոչընդոտներ, որոնք ազդելու են ոչ թե իմ, այլ քաղաքի զարգացման վրա։ Այս պահին այդ ուղղությամբ չեմ մտածում։

Ես՝ քաղաքը սիրելով է, որ երկրորդ անգամ եմ առաջադրվել քաղաքապետի պաշտոնի համար ընտրությանը։ Երբ ընտրությունների դրական արդյունքներից հետո եղել են իրադարձություններ, որոնք բերել են հետևությունների, որ այս պահին ես իմ քաղաքի համար վտանգ ստեղծող չեմ և իմ հետագա գործողությունները իմ մեջ որոշում կայացնելուց, թիմակիցներիս հետ խորհրդակցելուց հետո կբարձրացնեմ։ Այս պահին չգիտեմ էլ՝ վաղը ինչ կլինի, որ մի հատ էլ աթոռի կամ այլնի համար մտածեմ։ Ինձ համար դա երբևէ նպատակ չի եղել։ Ես դրանք տեսել, զգացել եմ, ինձ համար ամենամեծ ձեռքբերումը վանաձորցու վստահության քվեն է եղել և իմ քաղաքի համար դրական հետագիծ թողնելը։ Երբևէ չեմ ուզենա, որ իմ անունը որևէ բացասական երևույթի հետ կապվի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031