Կոնսերվատորիայի պրոֆեսորը զուգահեռներ է անցկացնում
Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային ամբիոնի վարիչ Արմեն Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ վերջերս հրավիրված էր Թբիլիսիի Օթար Թաքթաքիշվիլիի անվան միջազգային մրցույթի լարային մասագիտության ժյուրիի կազմում աշխատելու:
Կոնսերվատորիայի պրոֆեսորը ներկայացրեց, թե ինչ հրաշալի պայմաններ են ստեղծված Թբիլիսիի Պալիաշվիլիի անվան կոնսերվատորիայում, որը գտնվում է պետական հոգածության եւ ուշադրության ներքո: «Ես տեսա, թե Վրաստանում ինչպես են վերաբերվում իրենց մշակույթին, կոնսերվատորիային, այն համարում են արժեք: Թբիլիսիի կոնսերվատորիան երկու հիանալի համերգային դահլիճ ունի: Մրցույթի բացումը տեղի ունեցավ կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Ամբողջ շենքը վերանորոգված է, շենքի մեջտեղում ամառային այգի է հիմնադրված, դասախոսների համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են, որպեսզի կարողանան աշխատել եւ արդյունք ստանալ, դասարանները հիանալի ձայնամեկուսացված են, շենքում կա գրադարան, ճաշարան, հանգստի սենյակներ: Ամենակարեւորը, որ շատ զարմացրեց ինձ, այն էր, որ բոլոր դասարաններում «Սթենվեյ» ռոյալներ էին դրված: 60-ից ավելի «Սթենվեյները», որ տեղադրված էին դասարաններում, պետական միջոցներով կատարված գնում էին, իսկ դահլիճներում էլ կոնցերտային «Սթենվեյներ» էին: Սա ուղղակի նախանձելի էր, Հայաստանն ու Վրաստանը երկու հարեւան երկրներ են, եւ ես չեմ կարող պնդել, թե Վրաստանի ժողովուրդն ավելի լավ է ապրում, քան Հայաստանինը: Պարզապես իրենց մշակույթի, արժեքների հանդեպ վերաբերմունքն այլ է»,-նշեց Արմեն Հարությունյանը:
«Արամ Խաչատրյան, Բաբաջանյան, Տերտերյան, Էդգար Հովհաննիսյան, էլի շատ անուներ կարող եմ տալ……Տեսեք ինչ անուններ ունենք: Թաքթաքիշվիլին, իհարկե, հիանալի կոմպոզիրոր է, բայց մեծությունների առումով վրաց ժողովուրդն իմ կարծիքով չի կարող մրցել հայ ժողովրդի հետ: Թաքթաքիշվիլու անվան միջազգային մրցույթը տարիների պատմություն ունի, գտնվում է պետական հոգածության ներքո, պետական միջոցներով է կայանում: Եվ սա նման միակ մրցույթը չէ: Տարիներ առաջ մեր ամբիոնի վարիչ Արամ Հարությունյանը հրավիրված էր Մարինա Յաշվիլու անվան ջութակահարների մրցույթին, որը նույնպես պետական միջոցներով է անցկացվում: Իրենք բազմաթիվ մրցույթներ, փառատոներ ունեն, եւ բոլորը՝ պետական հոգածության ներքո: Մեզ մոտ, օրինակ, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթն է անցկացվում՝ ամեն տարի՝ մեկ անվանակարգում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է մեր քոլեջի անցկացրած Բաբաջանյանի անվան մրցույթին, այն կոնկրետ դաշնակահարների ամենամյա մրցույթն է: Երջանկահիշատակ Էդվարդ Միրզոյանը մեր բոլոր 6 հանրապետական մրցույթների ժյուրիի նախագահն էր, իսկ կյանքի վերջին տարիներին՝ պատվավոր նախագահն էր: Մեր բոլոր այդ մրցույթներն անցել են ո՛չ պետական հովանավորությամբ: Այն տարիներին քոլեջի տնօրեն Աթանես Առաքելյանի եւ Էդվարդ Միրզոյանի նախաձեռնությամբ էին որոշակի ձեռքբերումներ լինում, որպեսզի հանրապետական մրցույթների ժամանակ խրախուսվեն ուսանողները, դրանից հետո արդեն՝ 7 մրցույթ անցկացվում է ռուսաստանաբնակ հայ բարերարի միջոցներով: Պետական հովանավորությունը եղել է միայն այն տեսքով, որ մրցույթի փակման եւ բացման ժամանակ դահլիճներ են դրամադրվել, մինչդեռ մրցույթն ունի հոնորարային ֆոնդ, մասնակիցները ստանում են դրամական պարգեւներ:
Ուզում եմ փաստել, որ եթե չլինեին մեր քոլեջի նախաձեռնությունը եւ բարերարի աջակցությունը, միգուցե Բաբաջանյանի անվան մրցույթը չկայանար: Բայց չէ՞ որ Բաբաջանյանի անունը եւ իր դասական երաժշտությունը, որը ցավոք սրտի այնքան հանրաճանաչ չէ, ինչքան իր էստրադային երգերը, պետք է աշխարհով մեկ պրոպագանդել: Այսօր ՌԴ-ում, Վրաստանում, Ղազախստանում եւ այլուր շատերը նվագում են Բաբաջանյան, դրանք այն երեխաներն են, որոնք մեր մրցույթի բովով են անցել, իրենց ծրագրերում, ներառել են Բաբաջանյան: Ի դեպ, նրանցից շատերը բավականին հայտնի դաշնակահարներ են: Սրանք են տարբերությունները՝ մեր մշակութային կյանքի եւ Վրաստանի»:
Զուգահեռներ տանելով Վրաստանի եւ Հայաստանի կոնսերվատորիաների միջեւ՝ Արմեն Հարությունյանը փաստում է. «Վերջին 20-30 տարիներին մեր կոնսերվատորիան գտնվում է նույն վիճակում, նույն շենքային պայմաններում, նույն գործիքներն են, որոնք ժառանգվել են խորհրդային տարիներից: Այսօր կոնսերվատորիայի մեկ մասնաշենքը կանգնած է վերանորոգման: Մեր կոնսերվատորիան չունի դահլիճներ, իսկ Թբիլիսիի կոնսերվատորիան միշտ է ունեցել, ուղղակի վերանորոգել են եւ հագեցրել ամեն ինչով: Մեր կոնսերվատորիան չի ունցել, բայց այնպես չի, որ չէին կարող ստեղծել պայմաններ, որ այդ դահլիճները նույնիսկ բակային տարածքներում ստեղծվեին:
Ես գարնանը եղել եմ Գերմանիայում, վարպետության դասերի էի հրավիրված Կարլսրուե կոնսերվատորիայում, որը քաղաքի կենտրոնում էր, կամպուսային տրամաբանությամբ էր, հնարավոր բոլոր պայմաններով: Վրացիները եւս փորձել են իրենց կոնսերվատորիան մոտեցնել եվրոպական չափանիշներին՝ չտեղափոխելով պատմամշակութային շենքը, չքանդելով, տեղում փորձել են ստանալ այն մթնոլորտը, ինչը հարիր է իրենց կոնսերվատորիային: Իսկ ի՞նչ ենք արել մենք»:
Մեր զրույյցի ժամանակ անդրադարձ եղավ բոլոր բուհերը, այդ թվում Կոմիտասի անվան կոնսերվատորիան ակադեմիական քաղաք տեղափոխելու մասին ծրագրերին: Կոնսերվատորիայի պրոֆեսորն ասաց, որ բուհում հրավիրված ժողովում արդեն իսկ դեմ է արտահայտվել այդ գաղափարին եւ կարծում է, որ որեւէ մեկն իրավունք չունի Կոմիտասի անունը կրող կոնսերվատորային «դիպչելու», որն ունի 100 տարվա պատմություն, այնտեղ տասնամյակներով աշխատել են մեծագույն երաժիշտներ, որոնք իրենց հետք են թողել կոնսերվատորիայի պատերի ներսում: Նրա կարծիքով, կարող է ակադեմիական քաղաքում լինել եւս մեկ երաժշտական բուհ. «Ստեղծեք այնտեղ հիանալի միջավայր եւ մրցակցային պայմաններ, միգուցե որպես կոնսեվատորիայի պրոֆեսոր՝ որոշեմ տեղափոխվել այդ արվեստի բուհի երաժշտական ֆակուլտետ: Բայց երբ բուհերի ու կոնսերվատորիայի միավորման մասին է խոսվում, դա չափազանց վտանգավոր գաղափար է, Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիային ոչ մեկ իրավունք չունի մոտենալու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
30.07.2024