Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձն ազգային արժանապատվության հարց է. Ֆիլիպ-Րաֆֆի Քալֆայանի հարցազրույցը. News.am

Հուլիս 31,2024 11:40

News.amշարունակում է հարցազրույցների շարքը՝ իրավական հարցերով միջազգային մասնագետների, իրավապաշտպանների և ոլորտի փորձագետների հետ՝ հասկանալու, թե ինչ է պետք անել և ինչ մեխանիզմներ կան Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայ բանտարկյալներին ազատ արձակելու, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքները պաշտպանելու, նրանց նկատմամբ խոշտանգումները կանխելու և նրանց վերադարձն ապահովելու համար։

Այս անգամ մենք զրուցել ենք միջազգային իրավունքի փորձագետ, Փարիզի ՊանթեոնԱսսաս համալսարանի դոցենտ, կառավարությունների իրավական խորհրդատու ՖիլիպՐաֆֆի  Քալֆայանի հետ:

-Ադրբեջանը շարունակում է 23 հայերի ապօրինի պահել Բաքվի բանտերում: Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի կողմից  Խոշտանգումների հարցով ՄԱԿի հատուկ զեկուցողին ողղված դիմումից տեղեկացանք, որ  նրա  նկատմամբ խոշտանգումներ են եղել: Վստահաբարխոշտանգումների ու դաժան վերաբերմունքի են ենթարկվում մյուս հայ բանտարկյալներըԸստ Ձեզ՝  այս պարագայում ի՞նչ պետք է անի պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար, ի՞նչ  անելիք  ունեն իրավապաշտպան կազմակերպություններն ու ՀԿներըև ի՞նչ պետք է անի Սփյուռքը:

-Ես երեք նկատառում ունեմ Ձեր հարցերի առնչությամբ։ Նախ, կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները նախկինում ենթարկվել են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ ռազմագերիները։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ: Կոմիտեն, պարբերական դիտարկումների շրջանակում, դիտարկում էր իրավիճակն Ադրբեջանում։

Այն եզրահանգել էր հետևյալը․ «Հանձնաժողովն անհանգստացած էր զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում  էթնիկ և ազգային պատկանելությամբ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական ​​սպանությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, ինչպես նաև այդ մեղադրանքների հետաքննության և դատական հետապնդման բացակայության պատճառով»: Այն նաև մտահոգություն էր հայտնել ահաբեկչության և հարակից հանցագործությունների համար 23 հայերի շարունակական կալանքի կապակցությամբ:

Կոմիտեն Ադրբեջանին կոչ էր արել ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրության ցանկացած խախտում անընդունելի է, ինչպես նաև կոչ էր արել անկախ, անաչառ, թափանցիկ ու արդյունավետ հետաքննություն անցկացնել՝ լրջագույն խախտումների կասկածանքների վերաբերյալ, և հորդորել էր մասնակից պետությանը պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրակացություններն ավելի ուժեղ իրավական ուժ ունեն, քան ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերով կիրառվող ցանկացած ընթացակարգ (Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը դրանցից մեկն է): Ադրբեջանը պարտավոր է պատասխանել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին, քանի որ  հանդիսանում է «Խոշտանգումները և դաժան վերաբերմունքն արգելող» կոնվենցիայի կողմ:

Այդուհանդերձ բոլոր խողովակները՝ լինեն դրանք պայմանագրով նախատեսված մարմիններ, թե հատուկ ընթացակարգեր, ՀԿ-ները պետք է օգտագործեն տարածաշրջանային (եվրոպական) և միջազգային ֆորումներում: Միջազգային իրավունքի խախտման յուրաքանչյուր արձանագրություն շատ կարևոր տարր է Ադրբեջանի դեմ ընթացիկ և ապագա դատական ​​գործընթացների, ինչպես նաև ամբողջ աշխարհում  կառավարությունների, օրենսդիր մարմինների և միջկառավարական հաստատությունների իրազեկման համար: Այստեղ է, որ Սփյուռքը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ​​ապարատը պետք է գործեն համատեղ ու համաձայնեցված կերպով։

Երկրորդ, ինչ վերաբերում է ձերբակալված և բանտարկված ութ նախկին պաշտոնյաներին, շատ մանրամասներ հայտնի չեն։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանների  դիմումի մեջ, որն ուղղված էր ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հարցերով հատուկ զեկուցողին, նշվում էր Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ կապված կալանքի պայմանների հետ, և պատժիչ միջոցների մասին, որոնք կիրառվել են՝ ի պատասխան Վարդանյանի հացադուլ հայտարարելուն։

Դաժան վերաբերմունքը բավականին տարածված պրակտիկա է ավտորիտար երկրներում։ Սակայն, այստեղ հատկապես տագնապալին այն է, որ Ադրբեջանը վարում է հայատյացության պաշտոնական քաղաքականություն, որն առավելապես ցցուն է արցախահայերի նկատմամբ, որոնք ներկայացվում են որպես վատագույն չարիքներ։

Դաժան վերաբերմունքի այդ բոլոր ձևերը, ըստ Կոնվենցիայի,  հավասարեցված են խոշտանգումների հետ:  Ըստ էության, այդ անձանց կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և նրանց դեմ ներկայացված՝ ահաբեկչության հետ կապված շինծու մեղադրանքները, հայերի նկատմամբ ատելությունն արդեն իսկ դաժան վերաբերմունքի միջավայր են ստեղծում։ Իմանալով, որ այդ մեղադրանքներն Ադրբեջանում շատ խստորեն պատժվում են և հաշվի առնելով այդ երկրում արդար դատավարության  կառուցվածքային բացակայությունը, կարող ենք ասել, որ բանտարկյալներն իսկապես ենթարկվում են հոգեկան դաժան վերաբերմունքի, քանի որ նրանք չեն կարող արդարադատության հետ հույսեր կապել․ նրանց մնում է  պարզապես հույսը դնել միջազգային հանրության կողմից քաղաքական ճնշումների վրա: Ես վստահ չեմ, որ «միջազգային հանրություն» կոչվածն այս պահին գոյություն ունի, հատկապես երբ դա վերաբերում է միջազգային իրավունքի խախտումներին։

Հայաստանի Հանրապետությունը շատ տեղեկություններ չի հաղորդում բանտարկյալների մասին։ Փոխարենը գործող իշխանություններն  անգամ  ոչ պատշաճ ու անընդունելի խոսքեր են ասում արցախցիների ու նրանց ղեկավարների հասցեին։ Մնում է միայն հուսալ, որ 23  հայտնի բանտարկյալների ճակատագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մաս է կազմում։ Եթե այդպես չէ, ուրեմն դա հանցագործություն կլինի։

Երրորդ,  Ձեր հարցադրման մեջ  ասվում է, որ բանտարկյալներն ունեն ՀՀ քաղաքացու կարգավիճակ, բայց հաշվի առնելով այդ հարցի շուրջ հանրային քննարկումները, որոնք բացահայտեցին քաղաքացիության և անձնագրի միջև առկա նրբությունները, ինչպես նաև ներկայիս կառավարության քաղաքականությունը, որը փորձում է կառուցել մի պետություն, որտեղ ազգություն չկա,  հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունն այդ բանտարկյալներին համարում է ՀՀ քաղաքացիներ, որոնց պարտավոր է պաշտպանելու։

Ես ի սկզբանե հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ոչ մի խաղաղ պայմանագիր կամ համաձայնագիր չպետք է երբեէ կնքվի՝ մինչև մեր բանտարկյալները չվերադառնան: Սա ազգային արժանապատվության հարց է և վստահության ամրապնդում՝ քաղաքացիների և կառավարության միջև: Սա նաև ընդունված պրակտիկա է պետությունների մեծ մասում: Դուք երբեք չեք տեսնի, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսրայելը և մյուս երկրները խաղաղության համաձայնագիր կնքեն թշնամական կողմի հետ այն պարագայում, երբ իրենց քաղաքացիները պատանդառված են:

Հետևաբար, Ձեր հարցին իմ պատասխանը զուտ քաղաքական է. Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, չպետք է երբևէ թույլ տար,  որ այս իրավիճակը տեղի ունենար՝ ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջերին տեղի ունեցած նախկին պաշտոնյաների ձերբակալությունը: Դեռևս հանելուկ է մնում, թե ինչպես  պատահեց, որ Արցախի նախկին շատ պաշտոնյաներ կարողացան հատել սահմանը, մինչդեռ որոշները՝  ձերբակալվեցին։

Սրանից կարելի է հետևություն անել է, որ  պատշաճ կերպով չեն բանակցվել կապիտուլյացիայի պայմանները։ Հայաստանը համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին՝ առանց ԲՈԼՈՐ արցախցիների ազատ տեղափոխությունն ապահովելու։ Ցանկացած պետություն, որը կարևորում է ազգային արժանապատվությունը, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, և գերիների ու պատանդների վերադարձը սահմանի որպես դիվանագիտական ​​առաջնահերթություն։

-Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը  վերջերս հայտարարեց, որ  Հայաստանին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ին: Նրանք նաև ամենուր հայտարարում են, թե իբր COP29-ը պետք է դառնա «Խաղաղության COP», բայց շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները ու ապօրինի կերպով պահել  հայերին: Արդյոք սա լավ  առիթ չէ՞, որպեսզի Հայաստանը, որպես Ադրբեջանի իրական  խաղաղ մտադրության երաշխիք, պահանջի հետ վերադարձնել հայ պատանդներին ու գերիներին:

-Ձեր հարցի մեջ չի նշվում այն ​​փաստը, որ Հայաստանն արդեն ստացել է փոխհատուցում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը (COP29) հյուրընկալելու Ադրբեջանի հայտին աջակցելու համար ։ Այս աջակցության շնորհիվ ազատ են արձակվել 32 հայ զինծառայողներ։ Ադրբեջանը համատեղ հայտարարության մեջ պնդում է, որ սա ժեստ է, որն «առաջնորդվել է մարդասիրական արժեքներով և բարի կամքի դրսևորմամբ»։ Հետեւաբար, Հայաստանն այլեւս չի կարող այդ խաղաքարտն օգտագործել։ Սա արդեն  այլ պետությունների անելիքն է՝ բոյկոտելու COP29-ը Ադրբեջանում, եթե բանտարկյալներն ու պատանդները մինչև համաժողովի բացումն ազատ չարձակվեն: Այդ բանտարկյալների կամայական ձերբակալությունների ու կալանավորման, Ադրբեջանի կողմից նրանց խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին արդեն իսկ կան բավարար փաստական ​​և իրավական արձանագրություններ, որպեսզի արդարացվի այդ դիրքորոշումը։ Բացի այդ, համընդհանուր հայտնի իրողություն է, որ Ադրբեջանում չկա օրենքի գերակայություն, չկա անկախ դատական ​​համակարգ և չկան անկախ իրավաբաններ:

-Վերջերս Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կոչ արեց միանալ արշավին, որն ուղղված է նրան, որ  COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլև մարդու իրավունքների պաշտպանության  և  գերիների ազատ արձակման հարցերըԻնչպե՞ս եք գնահատում նման նախաձեռնությունը:  

-Օկամպոյի հայտարարությունը համապատասխանում է իմ վերոնշյալ պատասխանին: Ես ողջունում եմ այդ կոչը, բայց ամոթալի եմ համարում այն, որ պարոն Օկամպոն պետք է հրապարակեր այդ բաց նամակը, որ ստիպեր հայերին թե Հայաստանում, թե սփյուռքում տեղից շարժվել:

Նրա կոչը նշանակում է. «Հայեր, եթե դուք քայլեր չեք ձեռնարկում Բաքվի բանտերից հայ պատանդների և քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման ուղղղությամբ՝ COP29-ի գագաթնաժողովին ընդառաջ, ապա մյուսները չեն կարող օգնել»։ (Այս հայտարարությունը միանգամայն  ճիշտ է բանտարկյալների հարցի, ինչպես նաև Հայաստանի պետական այլ գործերի վարման տեսանկյունից):

Ինչպես նշվեց վերևում, Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, այլևս չի կարող այդ խաղաքարտը խաղարկել, քանի որ համատեղ հայտարարությամբ աջակցել է Ադրբեջանի հայտին՝ առանց նախապայմանների։ Մնացած հայ ռազմագերիների կամ քաղբանտարկյալների ազատ արձակման մասին ոչինչ չի նշվում։

Իմ կարծիքն այն է, որ մնացած բանտարկյալները, հատկապես Արցախի նախկին ղեկավարները, պատանդ են մնալու Ադրբեջանում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն իր Սահմանադրությունից չի հանել Արցախի գոյությունը։ Պատանդ վերցնելն անարդար է միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց սա հաղթող կողմից պարտադրվում է պարտված կողմին, որն անձնավորված է  Հայաստանի վարչապետի կերպարով։  Ադրբեջանի նպատակն է վերջնականապես նվաստացնել հայերին և չեղարկել անկախ Արցախի մասին բոլոր երազանքները. Արցախի նախկին ղեկավարներին ադրբեջանական բանտերում պատանդ պահելն ու դատապարտելը նպատակ ունի ոչնչացնելու դիմադրության ցանկացած գաղափար։

-Ադրբեջանի պահանջներից մեկն էլ նաև այն է, որ Հայաստանը հետ կանչի միջազգային դատական ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցերը: Ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ Հայաստանի համար:

-Նախևառաջ, կցանկանայի նշել, որ եթե այս պահանջը կատարվիժեր, ապա անակնկալ չէր լինի։ Դա նորմալ քայլ կլիներ, եթե Ադրբեջանն անկեղծ գործընկեր լիներ՝ խաղաղության արդար պայմանագիր կնքելու ջանքերում։  Բայց ակնհայտ է, որ դա այդպես չէ, քանի որ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր պայմաններ է առաջ քաշում։
Առավել զարմանալին այն է, որ միջպետական ​​վարույթից հրաժարվելու գաղափարն առաջինը ներպետական ​​հանրային քննարկման է դրել ՀՀ վարչապետը։

Իրավապաշտպան համայնքը սրան օպերատիվ կերպով է արձագանքել,  նաև իմ գործընկերները՝ Հայաստանի և Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը, ինչպես նաեւ միջազգային ատյաններում Հայաստանի քաղաքացիների շահերը ներկայացնող փաստաբաններ Արա Ղազարյանն ու Սիրանուշ Սահակյանը։ Նրանք բոլորը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝  նախազգուշացնելով, թե ինչ հետևանքներ է լինելու Հայաստանի համար՝ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու դեպքում։ Ես լիովին համաձայն եմ այս հայտարարության մեջ նշված հիմնական կետերին:

Այս հնարավոր քայլի մասին թե ակնարկելը, թե քննարկումներ անելն աղետ են  արդարադատության, միջազգային հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի, Հայաստանի՝ որպես իրավունքի միջազգային սուբյեկտի վստահելիության և, ի վերջո, Հայաստանի դիվանագիտական ​​ջանքերի համար։

Միջազգային իրավունքը և դիվանագիտությունը սերտորեն փոխկապակցված են: Վարչապետի հայտարարությունը վիժեցնում է արտգործնախարարության և միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ջանքերը։ Այն վտանգում է Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) ձեռք բերված իրավական հաղթանակը՝ այս կառավարության  շատ հազվադեպ լավ նախաձեռնություններից մեկը։ Իրոք, նախկին կառավարություններից և ոչ մեկը երբևէ ներգրավված չի եղել միջպետական ​​դատավարություններին:

Միջազգային քրեական դատարանում միջպետական ​​դատավարությունից հրաժարվելը կլինի Արցախի հարցի վերջնական թաղումը և սխալ ազդանշան կհղի մարդկությանը, քանի որ անպատժելիությունը կամրապնդվի։ Նման քայլը կվնասի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կամ Միջազգային քրեական դատարանում ընթացող մյուս բոլոր դատավարություններին:

Միջազգային քրեական դատարանի որոշմամբ՝  ներկայիս ժամանակավոր միջոցներն  արդեն իսկ պաշտպանում են արցախցիների՝ իրենց հող վերադառնալու իրավունքը։

Հարկ է հիշեցնել, որ Միջազգային քրեական դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ Ադրբեջանը պետք է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ա) պաշտպանի բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, որոնք 2020 թվականի հակամարտությամբ պայմանավորված գերեվարվել են  ու մնում են կալանքի տակ և ապահովի նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առջև, բ) ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում՝ իր պաշտոնյաների և հասարակական կառույցների կողմից, որոնք ուղղված են հայերի  էթնիկ կամ ազգային պատկանելության դեմ, գ) ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները՝ հայկական մշակութային ժառանգության, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիների և այլ պաշտամունքային վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների ու արտեֆակտների նկատմամբ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած լայնամասշտաբ ռազմական հարձակումից և բնակչության բռնի տեղահանումից հետո Միջազգային քրեական դատարան ներկայացրած Հայաստանի վերջին միջնորդության մեջ՝ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ, Հայաստանը նշել էր, որ «Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական գործիչների կամ զինվորականների դեմ պատժիչ գործողություններ ձեռնարկելուց»։

2023 թվականի նոյեմբերի 17-ին Դատարանը որոշում է, որ «Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ կերպով»: Այն նաև հիշեցնում է Ադրբեջանի պարտավորությունը, այն է՝ «պաշտպանելու և չոչնչացնելու Ղարաբաղում հայտնաբերված գրանցման, ինքնության և/կամ մասնավոր սեփականության փաստաթղթերն ու ապացույցները»:

Թեև Դատարանի այս վերջին որոշման մեջ պատերազմի և քաղբանտարկյալների հետ կապված որևէ միջոցի կիրառում չի հիշատակվել, ես համարում եմ, որ Միջազգային քրեական դատարանը ճիշտ հարթակ է, որտեղ կարող են ներկայացվել ու պաշտպանվել նրանց գործերը։ Եթե ​​հետագայում Դատարանի կողմից Արցախից բռնի տեղահանումը ճանաչվի որպես միջազգային իրավունքի խախտում, ապա արցախցիների ազատ արձակումը կդառնա Ադրբեջանի պարտավորությունը՝ այդ իրավունքի խախտումը դադարեցնելու պարտավորության լույսի ներքո։  Մարդկանց ապօրինաբար բերման ենթարկելու, կալանավորելու կամ բանտարկելու դեպքում խախտումները դադարեցնելու գերակա անհրաժեշտությունը ծագել է Միջազգային քրեական դատարանի՝ «Թեհրանում ԱՄՆ Դիվանագիտական ​​և հյուպատոսական անձնակազմի» գործով, որը հակադրվում էր  «Միացյալ Նահանգներն ընդդեմ Իրանի»  գործին։ Այն փաստը, որ կալանավորված անձինք մարդկային էակներ են, որոնց նկատմամբ դաժան վերաբերմունքը հանգեցրել է ֆիզիկական և հոգեկան ամբողջականության խաթարման, անձնական ազատության և արժանապատվության ոտնահարման,  նրանց ազատ արձակումը բարոյական և իրավական առումներով առավել ակնհայտ է դարձնում նրանց նկատմամբ խախտումները հրատապ կերպով դադարեցնելու պահանջը։

Սրանից և ոչ մեկը չի կարող տեղի ունենալ, եթե Հայաստանը հրաժարվի միջպետական ​​գործընթացներից։ Հրաժարվելու այս սցենարն ամենևին էլ երևակայական չէ, եթե հիմնվենք ներկայիս կառավարության հրապարակային ելույթների վրա։ Հայերը պետք է կանխատեսեն այս հեռանկարը։ Թեպետ Միջազգային քրեական դատարանի դատավարությունից Հայաստանի դուրս գալը դիվանագիտական ​​լուրջ խոչընդոտներ կստեղծի, սակայն կան այլընտրանքային լուծումներ՝ շարունակելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և պատանդների ազատ արձակումը՝ առանց ՀՀ կառավարության մասնակցության։ Այդ տարբերակները հրապարակայնորեն մանրամասնելը տեղին չէ։

-Եվ մեր ավանդական հարցըՀնարավո՞ր է արդյոք իրական խաղաղություն, կամ խաղաղության որևէ պայմանգիր, եթե  մի երկիրը շարունակում է որպես գերի կամ պատանդ պահել մյուս երկրի քաղաքացիներին

-Ադրբեջանի՝ իբրև հաղթանակած երկրի, շարունակական ամբարտավան կեցվածքը և օրեցօր աճող պահանջները չեն վկայում իրական խաղաղության ցանկության մասին։ Հայաստանի գործող իշխանությունը պետք է խոստովանի, որ ամեն գնով խաղաղության հասնելը մինչև այժմ ձախողվել է։ Ադրբեջանը ժամանակ է շահում՝ 2024 թվականի նոյեմբերին COP29 գագաթնաժողովի անցկացումը փրկելու համար։ Դրանից հետո Ադրբեջանի վարքագիծը կախված է լինելու  Հարավային Կովկասում այդ պահի աշխարհաքաղաքական հավասարակշռությունից և հեռանկարներից։ ԱՄՆ նախագահի ընտրությունները և Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում հետագա զարգացումները կլինեն ուժեղ գործոններ։

Հայաստանը նույնպես պետք է օգտվի այս ժամանակից։ Պետք է դադարեցնի բանակցությունները՝ հիմնվելով ներկայում գոյություն ունեցող պայմանների վրա, և ավելի շատ կենտրոնացնի իր ռեսուրսները՝  հաջորդ փուլերից առաջ երկիրը բոլոր առումներով ավելի ուժեղ դարձնելու համար։

Չի կարող տեւական խաղաղություն լինել, երբ այդ խաղաղությունը կառուցված է լինում միայն հաղթողի պահանջների վրա։ Հայաստանը դրսևորել է խաղաղություն ձեռք բերելու բարի կամք, իսկ հիմա էլ Ադրբեջանի հերթն է ապացուցելու իր բարի կամքը. այս առումով բոլոր գերիների և պատանդների ազատ արձակումն լավ սկիզբ կլիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031