Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ՀՀ փաստաբանների պալատը դիմեց Սահմանադրական դատարան

Հուլիս 31,2024 13:00

Երբ դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերի լուծումը դառնում է ՀՀ դատախազության մենաշնորհը

ՀՀ փաստաբանների պալատն ընդդեմ ՀՀ դատախազության հայցը վարչական դատարան ներկայացվեց 2023 օգոստոսի 30-ին: Հայցվորը(ներկայացուցիչ Գարիկ Հախնազարյան) խնդրել էր պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազին հարուցել կարգապահական վարույթ ՀՀ դատախազության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանի նկատմամբ: Վարչական դատարանն արձանագրել էր, որ ներկայացված հայցապահանջի ընդունելիության համար.«առնվազն, առերեւույթ պետք է հաստատվեր պատասխանողի՝ վարչական մարմին լինելու եւ հայցվող գործողության՝ վարչարարություն հանդիսանալու հանգամանքը: Մինչդեռ, ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումների կիրառմամբ կարելի է արձանագրել, որ ՀՀ դատախազությունը, որպես միասնական համակարգ, ղեկավարվելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից, չի հանդիսանում վարչական մարմին կամ վարչարարություն իրականացնող պետական մարմին, իսկ կարգապահական վարույթ հարուցելու օրենքով վերապահված լիազորությունն ուղղակիորեն բխում է ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ դատախազության մնացյալ դատախազների հանդեպ սուբորդինացիոն (ներքին ենթակայական) կարգավիճակից»: Նույն պատճառաբանությամբ նոյեմբերի 23-ին վերաքննիչ վարչական դատարանը՝դատավոր Հ.Խաչատրյանը, մերժեց Պալատին: «Հանուն Հայաստանի Հանրապետության» այս տարվա`2024թ. փետրվարի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց վճռաբեկ բողոքը քննության ընդունել(զեկուցող Ռ.Հակոբյան):

ՀՀ փաստաբանների պալատի դիմումը (ներկայացուցիչ՝ Ա. Վարդանյան) Սահմանադրական դատարանում մուտքագրվել էր 2024 թվականի հուլիսի 4-ին: Պալատի ներկայացուցիչը խնդրել էր, որպեսզի « ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասին, 28-րդ, 29-րդ, 61-րդ հոդվածներին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, 74-րդ, 78-րդ, 81-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով, որ դրանք հանգեցրել են՝ ՀՀ փաստաբանների պալատի՝ արդար դատաքննության իրավունքի եւ վերջինիս բաղադրիչը կազմող դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման, տարբերակված ձեւով՝ առանց օբյեկտիվ հիմքի եւ իրավաչափ նպատակի, իրավական պաշտպանություն հայցելու՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքների խախտման, անհամատեղելի են ՀՀ փաստաբանների պալատի՝ որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված փաստաբանների ինքնակառավարումն ապահովող մարմնի կողմից իր անդամների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության երաշխիքների հետ, չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ ընդարձակ իմաստով խոշտանգումների բացարձակ արգելքի ընթացակարգային երաշխիքներին:

Դիմողը, ներկայացնելով վերոնշյալ վարչական դատարանում ավարտված թիվ ՎԴ/6775/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը, բարձրացրել էր հետեւյալ իրավական հարցադրումը.

Արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ համապատասխանում են արդար դատաքննության իրավունքի, վերջինիս բաղադրիչը կազմող դատարանի մատչելիության, առանց տարբերակման իրավական պաշտպանություն հայցելու՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքներին: Դիմողի պնդմամբ՝ տվյալ գործով դատարանների կողմից ձեւավորված մոտեցումը, մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից արտահայտած այն պնդումը, թե դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որեւէ դատարանում քննության, անհամատեղելի է արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու սահմանադրական երաշխիքների հետ:

Դիմողը գտնում է, որ առավել խնդրահարույց եւ վտանգավոր է այն իրավիճակը, երբ ի տարբերություն փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերի, որոնց վարչական մասնագիտացման դատարանները կարող են միջամտել համապատասխան հայցադիմումների եւ բողոքների առկայության պայմաններում, դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերի լուծումը դառնում է ՀՀ դատախազության մենաշնորհը՝ անհնարին դարձնելով դատարանների կողմից ոչ իրավաչափ դեպքերին միջամտելու հնարավորությունը:

Դիմողը նշել էր, որ թեեւ ՀՀ վերաքննիչ դատարանը փաստել է, որ «հաշվի է

առնում ՀՀ փաստաբանների պալատի դերն իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու հարցում», այնուամենայնիվ, իր կողմից տրված ձեւակերպումներով իմաստազրկել եւ անհնարին է դարձրել դրա իրականացման հնարավորությունը՝ վտանգելով Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ փաստաբանների ինքնակառավարումն ապահովող ՀՀ փաստաբանների պալատի կողմից մասնագիտական գործունեության սկզբունքներն արդյունավետ երաշխավորելու հնարավորությունը:

Վկայակոչելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին՝ դիմումատուն նշել էր, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությունն ինքնուրույն առիթ է եղել նույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով, այն է՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու համար, մինչդեռ այն վերահասցեագրվել է Գագիկ Հայրապետյանի անմիջական վերադասին:

Ըստ դիմումատուի՝ նման պայմաններում կարգապահական վարույթի նախաձեռնման հարցով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ ընդարձակ իմաստով խոշտանգումների բացարձակ արգելքի ընթացակարգային երաշխիքներին:

ՍԴ դատական կազմի իրավական դիրքորոշումը հետեւյալն էր. դիմողի կողմից սույն դիմումով որպես դիմումի համար էական նշանակություն ունեցող փաստեր վկայակոչված դատարանների այն դիրքորոշումների առնչությամբ, համաձայն որոնց` «ՀՀ դատախազությունը չի հանդիսանում վարչական մարմին, իսկ կարգապահական վարույթ հարուցելը չի կարող բնութագրվել որպես վարչարարություն, եւ հետեւապես՝ ՀՀ դատախազության կողմից կարգապահական վարույթ հարուցելը մերժվելու պայմաններում նման պահանջը չի կարող քննության առնվել ՀՀ վարչական դատարանում՝ որպես գործողության կատարման հայցապահանջ», Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա են միայն այն գործերը, որոնցով դիմողը հստակ փաստարկներով հիմնավորում է իր նկատմամբ կիրառված կոնկրետ դրույթի կամ դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրական լինելը: Հետեւաբար, դիմումն անհիմն է, ենթակա է մերժման»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031