Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Հովհաննիսյանը գրել է. «Երբ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ գնալու են մարզեր, գյուղեր, գնալու են գյուղացիների հետ հանդիպեն, հասկացա, որ խոսքն արդեն շարժման մասին չէ, այլ շարժման հուղարկավորության։ 21-րդ դարում գյուղեգյուղ, դռնեդուռ ընկնելն իմաստ չունի։ Այդ մարդիկ հեռախոսներով, ուղիղ եթերներով ամեն ինչ տեսել են, գիտեն, տեղյակ են։ Ասենք թե մի քանի տասնյակ հազար մարդիկ էլ գյուղերից եկան, Երեւանում ծափ զարկեցին, պարեցին, ծեծվեցին, հետո՞։Երբ չկա կոնկրետ ծրագիր, երբ Սրբազանի թիկունքից երեւում են երկրի նախկին ջոջերի ու նրանց պատգամավորների ականջները, թեկուզ 2 միլիոնանոց Հայաստանում 12 միլիոն մարդ էլ փողոց դուրս գա, այս իշխանությունները աթոռից պոկվողը չեն»։
Այն ամենը, ինչ կապված է խորհրդարանական ընդդիմության հետ, դատապարտված է պարտության… Բայց նրանք կրկնակի աղետ են, որովհետեւ նրանց կուլիսների հետեւից ղեկավարում են մարդիկ, որոնք տասնամյակներով պարարտ հող են ստեղծել ներկայիս, այսօրվա համազգային աղետի համար, երբ օրակարգում արդեն երկրի լինել-չլինելու խնդիրն է դամոկլյան սրի պես վերեւից կախված։
Բագրատ սրբազանի գլխավորած շարժման սկզբներին կասկածներ ու դժգոհություններ հնչեցին, որ տեսել են նրա մոտից դուրս եկող խորհրդարանական ընդդիմադիրներին, որոնք մարդկանց փողոցներով չափչփել տալու, երգել ու պարել տալու եւ տուն ուղարկելու հարուստ փորձ ունեն, ու արդեն փոշիացրել են ժողովրդի հույսերը։ Բայց դե շատերն էին հանդիպում Սրբազանին, նաեւ ինքն էր հանդիպում շատերի հետ, ու փորձեցին այդ դժգոհությունները ցրել նրանով, որ այդտեղ արտառոց ոչինչ չկա։ Սակայն, այնուամենայնիվ, պարզվեց, որ մարդկանց կասկածներն ու դժգոհություններն անհիմն չէին…
Գրածս գիտեմ, շատերին դուր չի գա, բայց դառը ճշմարտությունն ավելի օգտակար է:
Կարդացեք նաև
Շատ կուզեինք, որ Բագրատ սրբազանը հրապարակավ պահանջեր որ ներկայիս իշխանություններին լեգիտիմացրած ու նրա իշխանության հենարանը դարձած ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները, եւ իր ծրագրերը չկապել այդ մարդկանց հետ: Մարդիկ հերթական անգամ հուսավառվում են, բայց նրանց կերակրում են ճառերով, անիմաստ փողոցներ փակել տալիս (որոնցից առավելապես շարքային քաղաքացիները, հիվանդանոց մեկնող մարդիկ էին տուժում), ծեծվել ու բանտ ընկնել տալիս, միաժամանակ մարդկանց երգել-պարել տալուց հետո տուն ուղարկում` վերջնականապես հիասթափեցնելով նաեւ նրանց, որոնք դեռեւս չէին հասցրել հիասթափվել…
Անզեն աչքով անգամ երեւում է, որ այս իշխանություններից կարելի է ազատվել չեզոքացնելով նրանց հենարանը` «ընդդիմադիրներին» եւ ուժայիններին` ոստիկանությանը։ Վերջիններին բացատրելով, համոզելով, հասկացնելով, թեկուզ կաշառելով, որովհետեւ նրանց հենց կաշառելով, բարձր աշխատավարձ, հավելավճար տալով էլ պահում են։ Այլ տարբերակ չկա։ Ավելի ճիշտ` իհարկե կան ու շատ տարբերակներ կան, բայց դրանք ֆրանսիացիների ու որպես արժանապատիվ քաղաքացիներ ձեւավորված ազգ ու ժողովուրդների համար են, ոչ թե ոստիկաններին թեյ հյուրասիրողների եւ քծնանքով «ոստիկանը մերն է» բղավողների համար։
Ի դեպ, շաբաթներ առաջ ֆեյսբուքում տարբեր օգտատերեր հարցեր էին ուղղել ԱԺ «ընդդիմադիրներին», թե` «ձեզնից յուրաքանչյուրը մեր աղքատ երկրի պետբյուջեից ստացած ավելի քան 20 միլիոն հսկայական գումարի դիմաց որպես պատգամավոր ինչ է արել մեր երկրի, մեր ժողովրդի համար»։
Որքան գիտեմ, դեռեւս որեւէ մեկը չի պատասխանել։
ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.07.2024