Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկահասակ երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքում ծնողի կարծիքը ո՛չ որոշիչ է, ո՛չ ուղղորդող, ո՛չ էլ կարող է մեկնաբանվել հօգուտ մեղադրյալի. Դավիթ Թումասյան

Հուլիս 31,2024 10:29

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը

Մանկահասակ երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքում ծնողի կարծիքը ո՛չ որոշիչ է, ո՛չ ուղղորդող, ո՛չ էլ կարող է մեկնաբանվել ի օգուտ մեղադրյալի…

Եթե հանցագործությունից տուժողը մանկահասակ երեխա է, ապա ՀՀ օրենսդրությունը նրան վերցրել է լրացուցիչ պաշտպանության ներքո, և այդ երեխայի նկատմամբ հանցանք կատարած անձը բոլոր դեպքերում պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

ՀՀ քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված են այն հանցագործությունները, որոնք կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի (կենցաղային ձևակերպմամբ՝ բողոքի, դիմումի, հաղորդման) հիման վրա, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի: Այդ հոդվածներից են՝ 167-րդ հոդվածի 1-ին մասը (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելն առանց ծանրացնող հանգամանքների), 171-րդ հոդվածի 1-ին մասը (Առողջությանը թեթև վնաս պատճառելն առանց ծանրացնող հանգամանքների), 172-րդ հոդվածը (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 173-րդ հոդվածը (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասը (Հոգեկան ներգործությունն առանց ծանրացնող հանգամանքների), 195-րդ հոդվածի 1-ին մասը (Ֆիզիկական ներգործությունն առանց ծանրացնող հանգամանքների) և այլն:

Բացառությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝

1) ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով.

2) ՀՀ քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներով, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

Մանկահասակ երեխայի դեպքում կիրառելի է 2-րդ կետով նախատեսվող բացառությունը:

Եթե անձի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է այնպիսի հանցանք կատարելու համար, որը ՀՀ քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չէ, ապա այն քննվում է հանրային մեղադրանքի կանոններով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածն այդ ցանկում չէ, հետևաբար ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը հայց (բողոք) չի պահանջում:

Այս դեպքում կարող է լինել տուժողի հետ հաշտեցման քննարկման հնարավորություն, ինչը մանկահասակ երեխայի դեպքում կրկին արգելված է ՀՀ քրեական օրենսգրքով, որի 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է .., ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը չի կարող հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից:

Հետևաբար, անկախ նրանից, թե հայտնի դարձած «մանկապարտեզի դեպքով» ծնողը կբողոքի, թե՝ ոչ, կպաշտպանի «դաստիարակին», թե՝ ոչ, կարդարացնի նրան, թե՝ ոչ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒԹՅՆ ԻՐԱԿԱՆՑՎԵԼՈՒ Է ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ:

Հ.Գ. Մարզպետի աշխատակազմը և ԽՀՄ-ն ԽԻՍՏ ՑԱՆԿԱԼԻ Է ուսումնասիրությամբ պարզեն, թե ինչու է ծնողը երեխայի լավագույն շահին հակառակ գործում, և իր երեխայի պաշտպանելու փոխարեն պաշտպանում մանկավարժական նվազագույն գիտելիքներ և հմտություններ չունեցոող մի անձի: Ավելին, պետք է նաև ուսումնասիրել այդ ծնողի կողմից իր երեխային բռնության ենթարկելու հնարավոր վարկածը, քանի որ անգամ օտար անձի կողմից դրա կիրառումը նրա համար ընդունելի և արդարացված միջոց է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031