Մշակույթի պրոֆեսիոնալները իրենց լավագույն երազներում հենց այսպես են պատկերացնում մայրաքաղաքային ստեղծագործական կյանքը` երբ Երեւանի այցեքարտ հանդիսացող շքեղ շենքի՝ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայանում է, ինչպես վերջերս տեղի ունեցավ, Պուչինիի «Բոհեմ» օպերայի բեմադրված լիարժեք ներկայացումը, իսկ միառժամանակ անց նույն շենքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ նույն օպերայի համերգային կատարումը` առանց դեկորների, առանց բեմադրության եւ առանց բեմական «աքսեսուարների»: Եվ այն էլ բացարձակապես տարբեր` սիմֆոնիկ, երգչախմբային եւ դերակատարների կազմերով, տարբեր դիրիժորներով, որտեղ բացառություն է կազմում միայն Ռոդոլֆոյի դերակատար Լիպարիտ Ավետիսյան արտիստը, ով մի քանի օր առաջ մասնակցում էր օպերայի բեմում բեմադրված ներկայացմանը, եւ մի քանի օր հետո, մյուս դահլիճում, նույն օպերայի համերգային ներկայացման կատարմանը:
Միանգամից հարց է առաջանում, լավ, մի՞թե ուրիշ գործ չկար, որ մի քանի օրերի տարբերությամբ նույն շենքի երկու շքեղ դահլիճներում տրվեին տարբեր ստեղծագործություններ, սա մրցու՞մ է, ինչ է, ինչու՞ են ամենահսկայածավալ ստեղծագործական կազմերը ընտրում հենց նույն գործերը, երբ այնքան շատ հրաշալի գործեր կան ազգային եւ համաշխարհային օպերային երկացանկում: Բայց արի ու տես, որ կյանքը իր օրենքներն է թելադրում, առանց որեւէ մեկի կամ որեւէ կարգի «խելացի» եւ «տրամաբանական» դատողությունները հաշվի առնելու: Բանն այն է, որ երկու դահլիճներում էլ` եւ օպերայի դահլիճում կայացած ներկայացումը եւ ֆիլհարմոնիայի դահլիճում կայացած համերգը երկուսն էլ անցան լեփ լեցուն դահլիճներում, որտեղ, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Եվ` ավելին, ամենեւին այնպես չէր, որ երկու դահլիճներում տարբեր մարդկանցով էր լեցուն, այլ շատ ավելի զարմանալի եւ գնահատելի է այն բացառիկ հանգամանքը, որ դահլիճները լեցուն էին գրեթե նույն մարդկանցով, ովքեր մի քանի օր առաջ լսել-դիտել էին ներկայացումը, իսկ մի քանի օր հետո անհամբեր սպասում էին լսելու նույն օպերայի համերգային կատարումը` բացարձակապես այլ կազմով, այլ ուժերով, աշխարհի տարբեր կողմերից հրավիրված մենակատարներով, Հայաստանի ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ, Մանկական ձայնի պահպանման դպրոցի երգչախմբի, դիրիժոր` Էդուարդ Թոփչյանի գերկենտրոնացված ղեկավարությամբ, որ բացի ստեղծագործական վայելքից կարծես թե մի տարօրինակ, բայց շատ գեղեցիկ, մի անհասկանալի, բայց շատ գնահատելի մրցության մեջ է ներգրավում ունկնդիր-հանդիսականին, կամա, թե ակամա, գիտակցված կամ ենթագիտակցական համեմատություն անցկացնելով օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի, մենակատարների ու կատարողական աստիճանների հետ, որի ներկայացումը օպերայում բեմադրել է բուլղարացի ռեժիսոր Օրլին Անաստասսովը եւ որի երաժշտական ղեկավարն ու դիրիժորն էր իտալացի Դավիդե Մասսալիան:
Կամա, թե ակամա, Լիպարիտ Ավետիսյան տենոր-Ռոդոլֆոն էլ մի յուրատեսակ զգայական-զգացողական «նժար-չափանիշ» էր հանդիսանում նույնանուն ու նույնաբովանդակ երկու բացարձակապես խիստ ինքնատիպ ու տարբեր մատուցումների մեջ եւ բացի ունկնդիր հանդիսականից ինքն իր համար ձեւավորված կարծիքից, ակամա անպայման ուզում է հարց ուղղել երկու «Բոհեմների» աստղաբույլում հանդես եկող տաղանդավոր արտիստին, թե ինքը` որպես արտիստ ինչպես է զգում երկու տարբեր ներկայացումներում, արդյո՞ք գերադասում է այս կամ այն տարբերակը, թե պարզապես զգայուն, սիրառատ ու հոգատար ունկն-ակնդիր հանդիսականի նման, ուղղակի ըմբոխշնում է նույն գործի տարբեր, մեկը մյուսից ավելի ինքնատիպ ստեղծագործական մեկնությունները:
Կարդացեք նաև
Մարդու միտքն ու հոգին ինքն իր հետ կռիվ ու կռիվ է տալիս եւ գրեթե աներկբա գալիս է այն համոզմանը, որ, այո, գերադասելի է նույն գործերի տարբեր կատարումները, տարբեր ձեւաչափերով, քանի որ այդ ոչ պաշտոնական մրցույթը լայն հնարավորություն է տալիս մշակութային արժեքը ներկայացնելու շատ ավելի խորն ու բազմակողմանի, քան ի վիճակի է անել մեկ անգամ ներկայացվող կամ մեկ անգամ հնչող տարբերակների դեպքում:Եվ հենց այդ ակամա մրցակցության մեջ է ի հայտ գալիս, ավելի լավ կամ լավից ավելի լավ, կամ լավից ավելի գերազանց կատարումները, որը երբեք չի կարող անել մեկանգամյա համերգը կամ ներկայացումը եւ հեց այս դեպքերում է որ արվեստի մատուցումը դառնում է տոն եւ նույնական արվեստի տարբեր դրսեւորումները դառնում են արվեստի իսկական փառքի տոն, որ աշխարհին հայտնի է փառատոն անվանումով: Իսկ մի քանի նույնական կատարումները միանգամից կդառնան ամենօրյա փառատոն: Արվեստի ու մշակույթի փառատոն, որը մարդկային ու մարդավայել ապրելու առաջին առհավատչյան է` Մարդ լինելու ամենաբարձրագույն արվեստում:
Եվ թող ավելի շատ լինեն նույնանուն գործերի կատարումները Թամանյանի ստեղծած գլուխգործոց շենքի մեկը մյուսից ավելի գլուխգործոց երկու շքեղ դահլիճներում:
Եվ, ի վերջո, ճարտարապետական տեսքի ներքին բովանդակությունը հենց այստեսակ գործերով է ստանում իր հավերժական լինելիության ամենաշքեղ դրսեւորումը:
Ուրեմն, կեցցեն, կազմակերպիչները, կատարողները, տեղի եւ հրավիրյալ ստեղծագործական բոլոր կազմերը եւ իհարկե հոգատար ու ուշադիր ունկնդիր-հանդիսականը: Թերեւս` ամենազգայուն հանդիսականներից մեկն ամբողջ աշխարհում` Երեւանի հանդիսատեսը:
Եվ ստեղծագործական այս հրայրքը շատ ավելի շքեղ տոն է դառնում, երբ Պուչինիի հանճարեղ Բոհեմ-ներին նախորդում է մեր մյուս հայ հանճարի «Բոհեմը» Շառլ Ազնավուրի մոնմարտրյան բոհեմը` հիացմունք պարգեւող «Լոտրեկ» մյուզիքլ-ներկայացումը ազգային օպերային թատրոնի բեմում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները «Բոհեմ» ներկայացումից ու համերգային կատարումից
«Առավոտ» օրաթերթ
30.07.2024