Թե՞ պետք է ենթարկվել «իմաստուն ժողովրդի» տեսակետներին
Վերջերս կարդացի ուկրաինացի նշանավոր փիլիսոփա Անդրիյ Բաումեյսթերի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ նա, հարցազրույցներից մեկում «ոչ թրենդային» կարծիք հայտնելուց հետո, արժանացել էր ատելության հերթական ալիքի: «Չարությունն ու ատելությունը նրանց համար նորմալ են: Նրանք չեն ուզում վերլուծել եւ հասկանալ… Ձեր հիստերիաները եւ ձեր չարությունն ինձ չեն վախեցնի ու չեն լռեցնի: Հակառակը՝ դրանք ցույց են տալիս. որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ: Երբ ձեզ մոտ պայծառացման պահեր են լինում, հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ կկարողանաք անել՝ մարդկանց միավորելու համար: Սեփական երկիրը ավելի լավը, ավելի կիրթ, ավելի համերաշխ դարձնելու համար»:
Հայկական, ռուսական, ուկրաինական (եւ նմանատիպ այլ) հասարակություններն իրարից առանձնապես չեն տարբերվում: Մեծամասնության կամ, ինչպես երբեմն ընդունված է ասել՝ «ժողովրդի» ներկայացուցիչները, որոնք, որպես կանոն, լավագույն դեպքում մեկուկես գիրք են կարդացել, պատրաստ են, առանց մի վայրկյան անգամ կասկածելու խելք սովորեցնել, դասեր տալ Բաումեյսթերի նման մարդկանց, եւ դա անում են ամենակոպիտ, ամենահայհոյական արտահայտություններով: Որովհետեւ «ակտիվիստ» են, «պայքարող տեսակ են» եւ «ժողովրդի ծոցից դուրս եկած»:
Ի՞նչ պետք է անեն այդ պարագայում ինտելեկտուալները:
Կարդացեք նաև
Աստվածաշնչում հայտնի «էլիտիստական» հատված կա. «Որւեէ սրբություն շներին մի՛ տվեք, ձեր մարգարիտներն էլ խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի չլինի, թե դրանք կոխոտեն եւ դառնալով ձեզ վրա, հարձակվեն» (Մատթ. 7:6):
Ուրեմն ի՞նչ՝ լռել: Բայց ինքը՝ Տերը, չէր լռում, խոսում էր, քարոզում էր, կշտամբում էր, կռիվ էր տալիս: Ե՞րբ է դա իմաստալից, ե՞րբ անիմաստ: Եվ եթե իմաստալից է (խոզերի առաջ մարգարիտներ գցելը), ապա ինչպե՞ս պետք է դա արվի:
Բերեմ կոնկրետ օրինակ: Ընկերներիցս մեկը փոխանցել է տաքսու վարորդի հետ խոսակցությունը: Վարորդի «դատողությունը» մոտավորապես հետեւյալն է. Ստեփանակերտն ավելի բարեկարգ էր ու մաքուր, քան Երեւանը, որովհետեւ մենք «դրանց» (այսինքն՝ «ղարաբաղցիներին») փող էինք ուղարկում, եւ մեզ փող չէր մնում, որ Երեւանը բարեկարգենք:
Պե՞տք է դրան առարկել, թե՞ դա կլինի «խոզերի առաջ մարգարիտներ գցել»:
Ես գիտեմ «միջանկյալ»՝ «խոզությունն» արդարացնող տարբերակը. «Ախր, պետք է հասկանալ այս ժողովրդին: Այդ մարդկանց այնքան են կեղեքել, որ նրանց այդ, փոքր-ինչ սրված, զգացմունքները միանգամայն տեղին են: Մեր իմաստուն ժողովուրդն ամեն ինչ բնազդով ճիշտ է հասկանում»:
Պաշտոնական քարոզչության այս թեզերը հայտնի են: Եթե դրանց հետեւենք, այս վարորդի եւ «իմաստուն ժողովրդի» տասնյակ հազարավոր այլ ներկայացուցիչների նման դատողություններին պետք է պատասխանել՝ «Այո, ախպերս, ճիշտ ես՝ էդ Ղարաբաղից վաղուց էր պետք ազատվել: Ապրի Նիկոլը, որ ժողովուրդը վերջապես կարողացավ շունչ քաշել»:
Մեծամասնության տեսակետը, մի խոսքով, պարզ է: Բայց իմ հարցադրումներն ուղղված են փոքրամասնությանը: Ի՞նչ անենք մենք՝ այն մարդիկ, որոնք հասկանում են նման դատողությունների ողջ անհեթեթությունը:
Ինձ թվում է ուղեղը լվացած (ռուսերեն ասած, «оболваненный») ամեն մի համաքաղաքացու հետ վեճի մեջ մտնելու որեւէ իմաստ չկա: Մյուս կողմից՝ քիթը տնկած լռելը նույնպես սխալ է: Որովհետեւ այդ դեպքում իշխանությունը «իմաստուն ժողովրդին» վաղ թե ուշ կհամոզի, որ Թուրքիայի կազմում «պարզապես լավ ապրելը» նույնպես հնարավոր եւ ընդունելի տարբերակ է: Այդ՝ միանգամայն կանխատեսելի սցենարը կանխելու համար պետք է փորձել շփվել լսարանի հետ՝ անկախ նրանից՝ այն մեծ է, թե փոքր. կոնկրետ անհատների վրա, կրկնեմ, ժամանակ չծախսելով:
Դա կարող է ոչ մի «անմիջական արդյունքի» չբերել: Բայց, եթե խոսքն անկեղծ է ու անշահախնդիր, ապա այն, հավատում եմ, ինչ-որ մի տեղ տիեզերքում մի հետք կթողնի:
Տիրոջ խոսքն էլ նույն պահին Իսրայելի հասարակության մեջ որեւէ դրական տեղաշարժ չառաջացրեց: Հայտնի գրական երկերը նույնպես իրենց ստեղծման ժամանակ սովորաբար ցնցումների տեղիք չեն տալիս: Օրինակ, Սոլժենիցինի «Արշիպելագ Գուլագը» (առաջին տարբերակը պատրաստ էր տպագրության 1968 թվականին) այդ պահին չփլուզեց Խորհրդային Միությունը: Արդյոք կարելի՞ է ասել, որ բոլոր նման գործերն իզուր են գրվել:
Եվ հակառակը՝ անմիջական արդյունքը «մարգարիտներ գցողի» համար հաճախ տխուր է լինում: Տոտալիտար համակարգերում դա սպառնալիք է խոսացողի կյանքի եւ ազատության համար: Ժամանակակից ավտորիտար ռեժիմների զենքն ավելի «հումանիստական» է՝ չարություն, ատելություն, հայհոյանքներ, ինչպես Անդրիյ Բաումեյսթերի դեպքում էր:
Մարդիկ կանգնում են մարգինալ փոքրամասնություն, «սպիտակ ագռավ» դառնալու վտանգի առաջ: Շատերը դրան չեն դիմանում: Շատերի լռությունը դրանով է պայմանավորված: Ոմանք էլ, շատ լավ իմանալով իրականությունը, ոչ միայն չեն լռում, այլեւ միանում են «իմաստուն ժողովրդի» հասցեին հաճոյախոսություններին:
Այդպես, հավանաբար, ավելի հարմար է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.07.2024