Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ զարմացրեց, որ հնարավոր է այսքան պարզ ու մարդկային լեզվով հայեցակարգ գրել ու այդ խստություն պահանջող ֆորմատում հումորի զգացում դրսեւորել». ՀՀԽ անդամը Արմեն Քոլոյանի հայեցակարգը լավագույնն է համարում

Հուլիս 31,2024 09:09

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այնպես է ստացվել, որ օրենքը սահմանափակումներ ունի ՀՀԽ անդամների հրապարակային խոսքի ազատության նկատմամբ, որոշ սահմանափակումներ էլ դրել են կոլեգիալությունը եւ էթիկան։ Մեր այս «չխոսկանությունը» բարդացրել է հանրության հետ ունեցած կապը։ Որոշ մարդիկ սա ընկալում են որպես նպաստավոր պայման Խորհուրդը հեղինակազրկելու հաշվին սեփական փիառը անելու համար՝ համարելով, որ ամենայն հավանականությամբ պատասխան չեն ստանա։ Ընդ որում` կայացման լրջագույն փուլում գտնվող այս ինստիտուտի հեղինակազրկումը նրանք ներկայացնում են իբրեւ սրտացավություն նույն այդ ինստիտուտի հանդեպ։

Համարելով, որ պատասխանատու եմ Խորհրդի եւ ինձ հետ աշխատող ազնվագույն մարդկանց հեղինակության համար՝ որոշեցի խախտել լռությունը եւ խոսել։

Առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ երեկ կայացած՝ Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությանը։ Ձայների գերակշիռ մասով տնօրեն ընտրված Արմեն Քոլոյանի դեմ օրեր առաջ ագրեսիվ արշավ սկսվեց՝ նրան ներկայացնելով որպես իշխանության կողմից Խորհրդին պարտադրած թեկնածու, իսկ Խորհրդի անդամներին՝ որպես իշխանության կամակատարներ։ Արշավը սկսվեց, երբ պարզ էր, որ Արմեն Քոլոյանի ներկայացրած հայեցակարգը արժանացել է Խորհրդի անդամներից մեծ մասի հավանությանը։

Բարեկամներ, մրցույթին մասնակցող հայտերի մեջ կային հրաշալի ծրագրեր, ընտիր թեկնածուներ, բայց Քոլոյանի հայեցակարգը իսկապես լավագույնն էր։ Ես տարատեսակ ժյուրիներում լինելու փորձ ունեմ, գիտեմ՝ ինչպես գնահատել անգամ օբյեկտիվ գնահատականի դժվարությամբ տրվող գեղարվեստական տեքստը։

Որպեսզի նվազեցնեմ սուբյեկտիվությունը եւ չմնամ իմ առաջին տպավորության ներքո, ես առաջնորդվել եմ գնահատման երկու մեթոդով՝ մեկը թերությունների ու առավելությունների համադրման, մյուսը չափորոշիչներով բալային գնահատման՝ ասենք, թե քանի բալ գնահատել տեխնիկական մոդեռնիզացիայի կամ կոնտենտի թարմացման անհրաժեշտության գիտակցումը, ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծած մարտահրավերների գնահատումը եւ այլն։

Ունեի նաեւ այսպիսի կիսահումորային չափորոշիչ՝ ջրառատություն կամ վերամբարձ բաներ ասելով ոչինչ չասելու արվեստը։ Էս վերջինն, իհարկե, բացասական նշանով էր։ Եվ էս մանրակրկիտ աշխատանքի արդյունքում էլ տեսանելի առավելությունը կրկին Արմեն Քոլոյանինն էր։

Թե կուզեք, կարող եմ մեջբերում անել նրա հայեցակարգի վերաբերյալ իմ արած կարճ գրախոսությունից․ «Ինձ զարմացրեց, որ հնարավոր է այսքան պարզ ու մարդկային լեզվով հայեցակարգ գրել ու այդ խստություն պահանջող ֆորմատում հումորի զգացում դրսեւորել»։ Կամ․ «Առանց վերամբարձ բառերի ու անիրականանալի նպատակների շարադրման, իրական փոփոխությունների փաթեթ, որը կապահովի ռադիոյի մոդեռնիզացիան, կհամապատասխանեցնի հանրային ռադիոն համաշխարհային ստանդարտներին»։

Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ երբ մարդը հստակ գիտի իր անելիքը, նա չի փորձում տպավորություն գործել քիչ գործածվող եւ բարդ բառերով աճպարարություններ անելով, այլ հակառակը, փորձում է հնարավորինս պարզ ու հասկանալի շարադրել իր բարդ ասելիքը։ Սա հենց այդ դեպքն էր։

Սակայն ես ընտրել եմ Նազելի Օհանյանին եւ ուզում եմ բացատրություն տալ դրա համար։ Բանն այն է, որ մենք այդ մի ժողովով չենք բավարարվել, մենք քննարկել ենք հայեցակարգերն ու թեկնածուներին եւս երեք-չորս օր, ամեն անգամ՝ չորս-հինգ ժամ եւ ավելի, հանդիպել ենք այն թեկնածուներին, ում տալու հարցեր ունեինք։ Հարցազրույցի ընթացքում իմ պատրաստած հարցերից մեկի պատասխանը, որ տվեց Արմեն Քոլոյանը, ինձ այնքան էլ չգոհացրեց, եւ նրա ու Նազելի Օհանյանի գնահատականները իմ չափորոշիչների սանդղակում հավասարվեցին։

Ես որոշեցի ընտրել Նազելի Օհանյանին, որովհետեւ նա գիտի ռադիոյի բոլոր աշխատակիցների իրական կշիռը, նրանց մասնագիտական որակները։ Որովհետեւ նա ընդհանրապես գիտի մարդու կշիռը, անկախ նրանից, թե քանի անգամ է այդ մարդը երեւացել կամ հնչել հանրայինի եթերում։  Որովհետեւ նրա հաղորդումը տասնամյակներ շարունակ եւ այսօր էլ այն եզակի կետերից է, որտեղ հատվում են իմ ու հանրային հեռարձակողի զուգահեռ աշխարհները։

(Զարմանալի է, բայց նույնիսկ այսօր, երբ ես ռադիոյի սեւ ցուցակներում եղած մարդուց դարձել եմ հանրային հեռարձակողի ղեկավար մարմնի անդամ, հանրային հեռարձակողի աշխարհը դիմադրում է իմ աշխարհին՝ այն աշխարհին, որտեղ տեղի է ունենում իրական գրական, մշակութային պրոցեսը)։ Ես ընտրեցի նրան այս տարիների ընթացքում ցուցաբերած իր բարձր պրոֆեսիոնալիզմի, մշակույթի իր լայն ու հիմնավոր ընկալման, իր բծախնդրության համար եւ, իհարկե, ծրագրի։

Ես ուզում եմ հատուկ նշել նաեւ ռադիոյի աշխատակիցներ Միքայել Յալանուզյանի ու Մհեր Մարգարյանի հայեցակարգերը, որոնք բավականին մրցունակ էին, իմ ֆավորիտների շարքում էին եւ շնորհակալություն հայտնել նրանց, որ անտեսեցին ռադիոյի ներսում ստեղծված բարոյահոգեբանական ճնշման մթնոլորտը, դրեցին իրենց թեկնածությունը հանուն ռադիոյի վաղվա օրվա։ Հույս ունեմ, որ նոր տնօրենի հետ արդյունավետ համագործակցությամբ նրանք կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները։

Արժանի հայեցակարգեր ու արժանի թեկնածուներ էլի կային, բայց պիտի ընտրվեր նրանցից մեկը, եւ այդ մեկը Արմեն Քոլոյանն էր։ Ու թեպետ ես իմ ձայնը տվել եմ այլ մասնակցի, բայց քվեարկությամբ հաստատել եմ ընտրության արդյունքները, ինչը կարող էի չանել, եթե իմ գործընկերների ընտրության հետ հաշտ չլինեի։ Արմեն Քոլոյանը իսկապես արդար մրցակցությամբ հաղթած թեկնածուն է։

Այսքան երկար գրելուս իմաստը հանրությանը որոշ չափով մեր խոհանոցը ներկայացնելն էր եւ բաց ճակատով ասելը՝ մի հավատացեք անհեթեթություններին, Խորհրդում հավաքված մարդկանց անցած ճանապարհը պիտի հուշեր ձեզ, որ այստեղ չեն կարող ճնշումներ լինել։ Միակ ճնշումը, որ մենք մեզ վրա կարող էինք զգալ այս ընթացքում, իրականացրել է ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը՝ ֆեյսբուքյան հանրության շրջանում տրամադրությունների գեներացմամբ, իր ագրեսիվ փիառ արշավով, մեզ վրա դատական գործեր բացելու սպառնալիքներով եւ մեր հրաժարականի պահանջով։ Բայց ինչպես տեսնում եք, այդ ճնշմանը մենք չենք ենթարկվել։ Խորհուրդը ընդունել է այս պահի լավագույն որոշումը հանրային ռադիոյի համար, չկասկածեք։ Բոլորիս մաղթում եմ, որ Արմեն Քոլոյանի ծրագրում նկարագրված փոփոխությունները իրականություն դառնան հնարավորինս կարճ ժամանակում։

Ուզում եմ անդրադառնալ նաեւ նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հնչեցրած գլխավոր մեղադրանքին, որ Խորհուրդը իբր ժողովրդավարական հետընթաց է գրանցել ընտրական պրոցեսում՝ չեղարկելով տնօրենի ընտրությունը անկախ ընտրիչներին պատվիրակելու կարգը։ Բացում ենք տեսալսողական մեդիայի մասին ՀՀ օրենքը եւ ուպս՝ ընտրիչների մասին ոչինչ չենք գտնում։ Նշված է միայն, որ Խորհուրդը ինքն է որոշում ընտրության կարգը։

Ընտրիչների կարգ նախկինում գոյություն է ունեցել՝ այն ժամանակներում, երբ ընտրությունը եղել է ձեւական, եւ տնօրենները եղել են իրականում նշանակովի։ Կարգը պատճենվել է ՀՀԽ անդամի ընտրության կարգից։ Ինչպես գիտեք՝ ՀՌՀ-ն ընտրում է ՀԽՀ անդամ անկախ ընտրիչների միջոցով։ Տրամաբանությունն այն է, որ ՀՀԽ-ն ՀՌՀ-ից անկախ է, եւ ընտրված անդամը՝ հանրային հեռարձակողի կառավարումն իրականացնող, պիտի անկախ լինի իր գործերն ընդունած պետական հիմնարկից, խոշոր հաշվով՝ այո, պետությունից։ Աբսուրդ է պատկերացնելը, որ հանրային հեռուստատեսության ու ռադիոյի գործադիր տնօրենները կարող են նույն կերպ անկախ լինել Խորհրդից, մենք նրանց անմիջական ղեկավարներն ենք, մենք ենք նրանց հաստատում, մենք կարող ենք նաեւ նրանց պաշտոնանկ անել։ Ավելին, չկա եւ չի կարող լինել հանրային հեռարձակողի խնդիրներին ՀՀԽ-ից ավելի տեղյակ մարմին։

Ուստի, շարժվելով օրենքի պահանջով եւ հրաժարվելով հին, ոչ ժողովրդավարական ժամանակների անհեթեթ ժառանգությունից, մենք ոչ թե ժողովրդավարության մեջ հետընթաց ենք իրականացնում, այլ հրաժարվում ենք ժողովրդավարություն բեմադրելուց, ժողովրդավարություն կեղծելուց, իրական ժողովրդավարության փոխարեն հանրությանը ձեւական ժողովրդավարության դրսեւորումներ դեմ տալուց։ Դրա կարիքը չկա։ Տնօրեն ընտրող եւ նշանակող մարմինը այլեւս մի մարդ չէ, որ իմաստ ունենա այսպիսի ֆարս բեմադրել։ Դա հենց ժողովրդավարական մեխանիզմով ընտրված Խորհուրդն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031