Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի հայտարարության հասցեատերերը

Հուլիս 31,2024 10:00

Երբ բարձր մակարդակի քաղաքական գործիչը, մանավանդ՝ պետության ղեկավարը, որեւէ հայտարարություն է անում, նա, եթե անմեղսունակ չէ, ցանկանում է, որ այն լսեն բոլոր կողմերը եւ իր հաշվարկները կառուցում է նրանց արձագանքի վրա: Թուրքիայի նախագահ Էրդողանն, անշուշտ, ձգտում է աշխարհին ներկայանալ «մաչոյի» կերպարանքով, բայց դա չի նշանակում, որ նա պատահական եւ չմտածված հայտարարություններ է անում: Արցախի եւ Լիբիայի օրինակով Իսրայել ներխուժելու սպառնալիքը նույնպես, կարծում եմ, մտածված է: Ուրիշ հարց, որ սպառնալիքը դժվար թե իրականություն դառնա:

Իհարկե, ուղերձն ուղղված է Իսրայելին, որի հետ Թուրքիայի հարաբերությունները մշտական վայրիվերումների մեջ են: Ի դեպ, ամենեւին բացառված չէ, որ նրանք նորից «բարիշեն», ինչպես Թուրքիան հաշտվեց Ռուսաստանի հետ՝ այդ երկրի դեսպանին սպանելուց եւ ինքնաթիռը խոցելուց հետո:

Հայտարարությունն ուղղված է մահմեդական աշխարհին, որտեղ Էրդողանը «առաջնորդության» հավակնություններ ունի: Պարադոքսալ ձեւով այժմ ստացվել է, որ մենք Թուրքիայի հետ միասին Իսրայելի դեմ ենք: Պատահական չէ, որ Էրդողանը ողջունել է Պաղեստին պետության ճանաչումը Հայաստանի կողմից: Մեր երկրում մեկնաբաններից շատերը պնդում են, որ դա հանճարեղ քայլ էր: Ճիշտն ասած՝ կասկածում եմ:

Համոզված եմ, որ ուղերձի հասցեատերը նաեւ Ադրբեջանն է: Հավանաբար, Ալիեւի վարքի որոշակի դրսեւորումներ այսօր առիթ են տալիս հիշեցնելու «փոքր եղբորը», թե ով է իրականում հաղթել 2020 թվականի պատերազմում:

Ադրբեջանը վարանոտ փորձ արեց Էրդողանի այս հայտարարությունը հերքելու՝ վկայակոչելով ՊՆ անանուն աղբյուրը (չնայած պարզ է, որ քաղաքական ղեկավարի հայտարարությունը պետք է հերքի քաղաքական ղեկավարը): Բայց ի հեճուկս այդ «ամոթխած» աղբյուրի՝ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, մեղմ ասած, ոչ միայն քաղաքական էր: Ամբողջ «օպերացիան» ղեկավարում էր թուրքական բանակի գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը: ԱԹՍ-ների կառավարումը, մասնավորապես, իրականացվում էր թուրք եւ, որքան էլ դա այսօր հեգնական հնչի, իսրայելցի մասնագետների կողմից: Ժամանակակից թվայնացած, արբանյակներով հագեցած, գլոբալիզացված աշխարհում նման բաները թաքցնելը հնարավոր չէ:

…Ինչ խնդիրներ են առաջացել «խաղաղ գործընթացի» (իսկ իրականում՝ մեր կապիտուլյացիայի) հարցում, ես նույնպես ունեմ որոշակի նկատառումներ, բայց դրանք դեռ պետք է ստուգել: Պարզ է մի բան. Հայաստանի իշխանությունն այս ամենում որեւէ դերակատարություն չունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այժմու կացութեան մէջ, աշխարհի միմիակ պետութիւնը որ կրնայ իսկապէս խանգարել Թուրքիոյ ծրագիրները Անդրկովկասի մէջ՝ Իսրայէլն է:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031