Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության՝ Գյումրիին նվիրած էլեկտրաավտոբուսները վրաց-թուրքական համատեղ արտադրության են

Հուլիս 30,2024 21:36

Գյումրու քաղաքային իշխանությունը բանակցում է «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի»՝ ՎԶԲ-ի հետ, որպեսզի 3-4 տարի անց՝ «գազելների» մաշվելուց հետո ցածր տոկոսով վարկ տրամադրի Գյումրիին՝ տրանսպորտային ցանցն ամբողջապես էլեկտրական ավտոբուսներով համալրելու նպատակով։

Այս մասին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը  Եվրամիության ֆինանսավորմամբ Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրականացված «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ամփոփման ժամանակ։

Ծրագրի շրջանակում այս երկու համայնքները հինգական էլեկտրավտոբուսներ են նվեր ստացել։ Գյումրու համայնքապետը տեղեկացրեց, որ դրանք հասել են Գյումրի՝ գտնվում են մաքսատանը։

Նա թվարկեց նաև այն փողոցները, որոնցով պիտի անցնեն թանկարժեք ավտոբուսները։ «Նեղ փողոցներով չպիտի անցնեն այդ ավտոբուսները, նախնական տեղեկատվություն եմ հաղորդում, կանցնեն Երևանյան խճուղով, Տիգրան Մեծ, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան փողոցներով, հետագայում կիրազեկենք մեր քաղաքի բնակչությանը։ Մեր որդեգրած սկզբունքը հետևյալն է՝ ուզում ենք, որ հնարավորության դեպքում աստիճանաբար անցնենք էլեկտրական ավտոբուսների։ Տարիների ընթացքում «գազելները» բնականաբար մաշվելու են», -ասաց քաղաքապետը։

Նա նշեց, որ էլեկտրաավտոբուսները թե՛ տնտեսապես են ձեռնտու և թե՛ Եվրամիության ծրագրի շրջանակում քաղաքապետերի ստորագրած դաշնագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը պարտավորություն ունեն նվազեցնել արտանետումների քանակը։ «Նոր մշակույթ է ձևավորվում, վճարման նոր համակարգ է մտնում՝ քարտով, հեռախոսով։ Նորամուծություն է մեզ համար», -ասաց Գյումրու քաղաքապետը։

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրիի տեղեկացմամբ էլ՝ ավտոբուսները վրացական և թուրքական համատեղ արտադրության են։ Ըստ նրա՝ քանի որ պարտավոր են եղել գնումներ կատարել Եվրամիության ընթացակարգերով, հետեւաբար չեն կարողացել գնել սանկցիայի տակ ընկած երկրների արտադրանքը, ձեռք բերել ռուսական կամ չինական արտադրության ավտոբուսներ՝ մատչելի գներով։

10 ավտոբուսները, վարորդների վերապատրաստումն ու մեկ տարվա սպասարկումը կազմել է 1 միլիոն 200 հազար եվրո։

2021 թվականի փետրվարից սկսված ու 40 ամիս տևած  ծրագրի ընդհանուր արժեքը 4.360.849.2  եվրո է, համայնքները ծրագրի իրականցմանը մասնակցել են 5 տոկոս ներդրմամբ։

Նատալյա Լափաուրին թվարկեց, թե ինչ են ձեռք բերել այդ ծրագրի շնորհիվ. երկու քաղաքների համար ձեռք են բերվել երկու ավլող, երկու լվացող մեքենաներ, հոսքագիծ, լիցքավորման կայաններ, էլեկտրական ավտոբուսներ, մամլիչներ, և իրականացվել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031