Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ծայրից ծայր զրպարտություն է»․ Հովսեփ Խուրշուդյանը՝ Մովսես Արիստակեսյանի հայտարարության մասին

Հուլիս 30,2024 20:39

«Հայտարարության մեջ ծայրից ծայր զրպարտություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հիմնական անդամ Հովսեփ Խուրշուդյանը։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը հայտարարություն է տարածել հունիսի 5-ին տեղի ունեցած ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրության մրցույթի արդյունքների մասին՝ նշելով, որ «ըստ դիտարկման արդյունքների՝ մրցույթի կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել մի շարք բացթողումներ, սխալներ, որոնք կարելի է համարել նաեւ դիտավորյալ, կոռուպցիոն համագործակցություն, ուղղորդված առանձին խմբի անձանց կողմից»։

Մովսես Արիստակեսյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը մասնակցում էր մրցույթին որպես ընտրող եւ իրականացրել է մրցույթի կազմակերպման ու անցկացման դիտարկում (մոնիթորինգ): Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Մրցույթի կազմակերպման եւ անցկացման գործում թերացել են ինչպես ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարությունը, այնպես էլ ՀԸԳՀ ՔՀՊ անդամների մրցութային հանձնաժողովը: Այսպես, նրանք պատշաճորեն չեն կատարել ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման կարգով սահմանված իրենց լիազորությունները: Նախ, Կարգը չի լրամշակվել եւ չի համապատասխանեցվել ՀՀ գործող օրենսդրությանը: Դա հատկապես վերաբերում է ներկայումս գործող «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՕ-80-Ն ՀՀ օրենքով (ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին) իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի (հաստատված ՀՀ Արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 416-Ն հրամանով) ներկայացման պահանջներին: Ահա այդպիսի թերություններն են եղել պատճառը, որ մեր կազմակերպությունը որպես Կարգի մշակման հիմնական կազմակերպություններից մեկը, դրա քվեարկության ժամանակ (2021թ. ՀԱՊ համաժողով) դեմ է եղել Կարգին (Կարգն ընդունվել է համաժողովի 20 պատվիրակներից՝ 9 կողմ, 6 ձեռնպահ եւ 2 դեմ արդյունքով, ինչը ՀԱՊ կանոնադրության կոպտագույն խախտում էր): Վերոհիշյալ պայմաններում էլ կայացել են ՀԸԳՀ ՔՀՊ 1-ին կազմի ընտրությունները՝ 2022 թվականին, ինչպես նաեւ 2-րդ կազմի այս ընտրությունը (հիշեցման կարգով նշենք, որ հետագայում՝ 2022 թ. մայիսին, հենց նույն ապօրինի սխեմայով էլ անց է կացվել ՀԱՊ համակարգողի՝ Հովսեփ Խուրշուդյանի, ընտրությունը): Նշվածը թույլ է տալիս արձանագրել, որ ՀԱՊ համակարգում տիրում է ընտրակեղծարարության, կազմակերպված կոռուպցիայի մթնոլորտ, ինչը հարիր չէ ժողովրդավարության առաջամարտիկ հռչակված կազմակերպությանն ու Հայաստանի Հանրապետությանը»։

Մովսես Արիստակեսյանը նաև նշում է, որ իրենց առաջարկած փոփոխությունները կարգի հետ կապված չեն ընդունվել ժամանակին, ինչի պատճառով էլ «իրենց մտավախություններն իրականություն դարձան»։

Ըստ նրա՝ իրենց հայտարարությանը միացել են «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպությունը,  «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հայտարարությունը ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Մարագոսին, ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեին:

Նշենք, որ համացանցում հասանելի է Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի (CEPA) ընտրական հանձնաժողովի ամփոփիչ նիստը։ Դրան կարող եք հետևել և ձեր հետևություններն անել ստորև տեսանյութում։

Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հիմնական անդամ Հովսեփ Խուրշուդյանն այս հայտարարությունը ծայրից ծայր զրպարտություն համարեց ու ասաց․ «Հայտարարությունը, որը տարածել է Մովսես Արիստակեսյանը, ինձ համար հասկանալի է, թե ինչու է հանկարծ հենց այս պահին տարածել, երբ մենք Եվրաքվեի հարցով ստորագրահավաք նախաձեռնեցինք։ Հայտարարությունում ծայրից ծայր զրպարտություններ են, որի կապակցությամբ ճիշտ կլինի պարզաբանումներ տա նաեւ ՀԱՊ համաժողովի կողմից ընտրված ԵՄ-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմի ընտրությամբ զբաղվող ընտրական հանձնաժողովը, որին հիմնականում ուղղված են այս անհեթեթ ու անհիմն մեղադրանքները, չնայած, չգիտես ինչու, իմ եւ Լուսինե Հակոբյանի անուններն են շեշտվում, թեեւ մենք առնվազն այս փուլում ընտրական գործընթացի կազմակերպման հետ որեւէ առնչություն չենք ունեցել։ Ամեն դեպքում հուսով եմ նաև ընտրական հանձնաժողովը համապատասխան արձանագրումները կանի եւ բացատրությունները կներկայացնի, ու այդ ժամանակ հանրությանը պարզ կլինի, թե ինչով են զբաղված այս մարդիկ»։

Առաջիկայում կներկայացնենք նաև ԵՄ-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմի ընտրությամբ զբաղվող ընտրական հանձնաժողովի տեսակետը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031