Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսցի մեդիա-վերլուծաբան. «Ապատեղեկատվության դեմ պայքարելու համար պետք է մի քայլ առաջ լինել, մեր սեփական բովանդակությամբ լցնենք համացանցը»

Հուլիս 30,2024 18:55

Թվային դարաշրջանում, երբ պատկերն ու ձայնը, անգամ էմոցիաները կարող են վայրկյանների ընթացքում սփռվել աշխարհով մեկ, երբ սահմանները ջնջվում են մարդկային շփման արտահայտությունների համար, եւ ամենեւին բարդ չէ Ճապոնիայից ԱՄՆ ուղարկել սիրո խոստովանություն կամ Զիմբաբվեից՝ Նորվեգիա՝ ատելության խոսք, երբ կարող ես Մոնղոլիայում նստած ունկնդրել Հարվարդի համալսարանի պրոֆեսորին, իսկ Արգենտինայից ուղիղ եթերում դիտել Ավստրալիայում թենիսի գավաթի խաղերը եւ նույն վայրկյանին քո տպավորությունները կիսել ազգ ու կրոն չճանաչող «չաթերում», անհնարին է չմտածել այս նոր աշխարհի զարգացման հնարավոր ուղիների եւ դրանց կառուցման մասին:

Հուլիսի 23-25-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացավ «Ազդեցության անատոմիա. Բացահայտելով գլոբալ ներգործությունը թվային դարաշրջանում» (Anatomy of Influence: Unveiling Global Impact in the Digital Era) հիբրիդ ֆորումը, որը կազմակերպել էին DCN (Digital Comunication Network) Global եւ World Learning ընկերությունները՝ ԱՄՆ պետդեպի աջակցությամբ: Ֆորումին իրական, ոչ վիրտուալ կերպով մասնակցում էին գրեթե 120 հոգի՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից, իսկ վիրտուալ կերպով միացել էին հազարավորները՝ հնարավոր բոլոր տեղերից:

Ի՞նչ է պետք այսօր մարդկանց վրա ներգործելու համար՝ ընդամենը մի բջջային հեռախոս եւ համացանց: Ովքե՞ր եւ ինչպե՞ս են ներգործում մարդկանց վրա, ի՞նչ էվոլյուցիա է անցել ներգործման դաշտը: Ինչպե՞ս դիմակայել անհարկի ներգործություններին եւ ի՞նչ սահմանափակումներ դնել, որպեսզի ատելության խոսքը չլինի գերակշողը համացանցային տիրույթում: Ի՞նչ մեթոդներով խուսափել տոտալիտար ազդեցություններից: Ինչպե՞ս չխաբվել եւ լինել տեղեկացված… այս եւ բազմաթիվ այլ հետաքրքիր ու հրատապ հարցերի պատասխանները տվեցին ֆորումին մասնակցող տասնյակ հեղինակավոր բանախոսները:

Եռօրյա ֆորումի երկու աշխատանքային օրերի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր մտքեր ու գաղափարներ հնչեցին, դրանք մի հոդվածում, բնականաբար, անհնար է ներկայացնել, այդ իսկ պատճառով առավել հետաքրքրվածների համար այստեղ դնում եմ ֆորումի երկու օրերի տեսագրությունների հղումները՝ օր 1   եւ օր 2 :

Սակայն որոշ հետաքրքիր բաների կանդրադառնանք ինչպես այս հոդվածում, այնպես էլ՝ առաջիկայում:

Ֆրանակ Վյաչորկան (գլխավոր լուսանկարում)՝ «Ժողովրդավարական Բելառուսի» առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի խորհրդականը եւ աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարը, որը նաեւ DCN-ի փոխնախագահն է, լրագրող եւ մեդիա-վերլուծաբան, նախ հիշեցրեց, թե թվային տեխնոլոգիաները, թվային գործիքները ինչպիսի կարեւոր դեր են խաղացել ժողովրդավարության համար պայքարի գործում: «Մենք արդեն 30 տարի է՝ պայքարում ենք վատ տղայի դեմ (bad boy – նկատի ունի Բելառուսի անփոփոխ առաջնորդ Լուկաշենկոյին), եւ այդ պայքարի ընթացքում մենք օգտագործել ենք գործիքներ՝ Skype- ից սկսած՝ մինչեւ Telegram, որոնք ամենեւին նախատեսված չեն եղել որպես պայքարի գործիքներ, սակայն օգնել են բռնակալի դեմ պայքարելու համար: Մյուս կողմից՝ այդ նույն գործիքները հիմա օգտագործում է հենց բռնակալը՝ մարդկանց իրենց խոսքի, մտքերի համար բանտեր նետելով՝ գտնելով նրանց կապերը այդ գործիքների միջոցով: Եվ հիմա պայքար է գնում դիկտատորի եւ ժողովրդավարության մարտիկների միջեւ՝ ո՞վ ավելի արդյունավետ կօգտագործի տեխնոլոգիական գործիքները: Բռնապետերն ունեն անսպառ ռեսուրսներ եւ ազդեցություն՝ տեխնոլոգիական ընկերությունների վրա, բայց մենք՝ դեմոկրատիայի համար պայքարողներս, ակտիվիստներս, թվային մասնագետներս ունենք ստեղծարարություն, որը բացակայում է բռնակալների մոտ: Մենք պետք է լինենք ճկուն եւ աննահանջ՝ բռնապետների եւ այլ վատ տղաների դեմ պայքարում»:

Նա նշեց, որ դիկտատորական ռեժիմների համար գլխավոր նպատակը իրենց սեփական նարատիվը՝ խոսույթը, հանրության մեջ տարածելն ու ամրապնդելն է, եւ դրա համար նրանք օգտագործում են հնարավոր բոլոր միջոցները՝ ազդեցության հասնելու եւ մարդկանց մանիպուլացնելու համար: Ներկաներին խորհուրդ տվեց դիտել ամերիկյան «Silo»  («Ապաստարան») հեռուստաշոուն՝ պատկերացում կազմելու համար բռնապետական ռեժիմների ազդեցության մասին: «Որքան երկար են մարդիկ ապրում նույն նարատիվի մեջ, այնքան դժվար է դառնում դրանից դուրս գալը, մարդկանց այդ փուչիկից հանելը եւ իրականության հետ առերեսելը: Այդ իսկ պատճառով նման ռեժիմները իրենց բռունցքների մեջ են պահում տեխնոլոգիական ընկերությունները, հեռուստաընկերությունները, փորձում են անգամ համացանցում այնքան բուռն տարածել իրենց նարատիվները, որ ճշմարտության համար տեղ չմնա»:

Հիշեցնելով, որ բռնապետները իրար միայնակ չեն թողնում՝ ազատության դեմ պայքարի հարցում, Պուտինն օգնում է Լուկաշենկոյին, Իրանը, Չինաստանը՝ Ռուսաստանին, որպեսզի կարողանան փակել ազատ խոսքի եւ ճշմարտության մուտքը այդ երկրներ, Վյաչորկան ասաց, որ այդ ուժերի դեմ հնարավոր չէ միայնակ պայքարել. «Անհնար է հաղթել դիկտատորների ապատեղեկատվության դեմ պատերազմում միայնակ, մենք բոլորս՝ լրագրողները, տեխնոլոգները, թվային մասնագետները, պրոֆեսորները, աշխարհի բոլոր մտածող եւ ազատ մարդիկ պետք է միավորվեն այդ պայքարում՝ արդյունքի հասնելու համար»:

Ֆորումի ընթացքում հարց հնչեց նաեւ որոշ գործիքներ արգելափակելու մասին, մասնավորապես՝ ՏիկՏոկը, որը չինական տեխնոլոգիական գործիք է, եւ շատ դեպքերում ծառայում է հենց Չինաստանի եւ նրա դաշնակիցների նարատիվները տարածելու համար: Վյաչորկան նկատեց, որ Ուկրաինայում ռուսական հեռուստաալիքների արգելափակումն, օրինակ, շատ լավ արդյունք տվեց, եւ Եվրոպայում էլ այդ ալիքների սփռման սահմանափակումը զգալի է՝ հասարակության վրա ազդեցության առումով: Սակայն, ինչ վերաբերում է ՏիկՏոկին, ըստ բանախոսի, այն չափից դուրս լայն տարածում ունեցող գործիք է: Դրա արգելափակումը նախ շատ դժվար կլինի, երկրորդ՝ Չինաստանը կարող է այլ գործիք նետել դաշտ: «ՏիկՏոկի արգելափակումը ապատեղեկատվությունը վերացնելու խնդիրը չի լուծի: Ե՛վ Չինաստանը, ե՛ւ Ռուսաստանը հսկայական միջոցներ են ներդնում բազմատեսակ սթարթափերի, տարբեր գործիքների առաջմղման եւ զարգացման համար: Անընդհատ չես կարող արգելափակել բոլոր տեխնոլոգիաները: Դա հարցի լուծում չէ: Դրա փոխարեն մենք պետք է մեր գործիքները ներդնենք եւ հնարավորինս տարածենք: Խնդիրն այն է, որ «վատ տղաները»՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, բացի նրանից, որ ռեսուրսներ եւ կամք ունեն՝ ապատեղեկատվությունը տարածելու, նրանք նաեւ գործում են առանց որեւէ խաղի կանոնների, իսկ մենք՝ ժողովրդավարության համար պայքարողներս, հետեւում ենք կանոններին, օրենքներին: Եվ դա չպիտի փոխվի, մենք չպետք է փչացնենք դեմոկրատական միջավայրը՝ օրենքները չհարգելով: Իսկ ի՞նչ պետք է անենք: Պետք է ավելի շատ գործիքներ ստեղծենք, ավելի շատ ստեղծագործ բովանդակություն տարածենք եւ ավելի համախմբվենք»:

Խոսելով ապատեղեկատվության եւ կեղծ տեղեկությունների դեմ պայքարի մասին՝ նկատեց. «Տասը տարի առաջ մենք կարծում էինք, թե փաստերի ստուգումը՝ ֆակտ-չեքինգը, պիտի լինի ապատեղեկատվության դեմ պայքարի գլխավոր գործիքը: Բայց, ըստ իս, դա չաշխատեց: Քանի որ փաստերի ստուգումը միշտ ուշացած է, միշտ մի քայլ հետ է: Իսկ մեզ պետք է ավելի առաջ լինել, գոնե՝ համաքայլ: Մենք պետք է դրա փոխարեն շատ ու շատ բովանդակություն ստեղծենք եւ տարածենք: Իհարկե, փաստերի ստուգումը չպետք է թողնել, քանի որ դա ապացուցողական, ճշտման նշանակություն ունի, բայց դա հետահայաց է, իսկ կանխարգելելու համար հնարավորինս շատ բովանդակությամբ պիտի լցնենք դաշտը, որ ապատեղեկատվության համար տեղ չմնա»:

Ներկաներից մեկն էլ, այս դիտարկումը շատ հավանելով, ավելի ազդեցիկ դարձնելու համար նկարագրեց այն՝ եթե սափորի մեջ ինչ-որ կարմիր հեղուկ է, անընդհատ ջուր լցնելով, կարող ես այդ գույնը քիչ-քիչ փոխել, մինչեւ ի վերջո, կսպիտակի…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031