Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականն այսօր մեկ մասնակից ուներ՝ Արթուր Բարսեղյանը, որը 100 մետր ազատ ոճով լողի որակավորման փուլում 51,54 արդյունքով իր լողահերթում եզրագիծը հատել է 7-րդը, իսկ ընդհանուր արդյունքով ճանաչվել 56-րդը: Նա չի անցել կիսաեզրափակիչ:
«Արմենպրեսի» մարզական մեկնաբանը Փարիզից հաղորդում է, որ մրցելույթից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուրը հայտարարել է մարզական կարիերայում ժամանակավոր դադար վերցնելու մասին: Լողորդը խոստովանել է, որ երկար ժամանակ մտածել է այդ մասին, սակայն չի կողմնորոշվել, թե երբ հայտարարի այդ մասին: Որպես պատճառ նա բերել է առողջական խնդիրները եւ հոգեբանական ոչ կայուն վիճակը:
Իր մասնակցության մասին ասել է, որ հանդես է եկել այնպես, ինչպես կարողացել է: Իսկ թե որքան կտեւի դադարը, նա հստակ չի պատասխանել, սակայն հասկացրել է, որ այն կարող է նաեւ երկարել, որովհետեւ հիմա ցանկանում է ինքն իրեն հասկանալ եւ իր տեղը գտնել սպորտային աշխարհից դուրս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ